Բերքաշատ. փոքր գյուղ, մեծ խնդիրներ
Ամառվա տապին դեպի Արմավիրի մարզի Բերքաշատ համայնք տանող խորդուբորդ ճանապարհները ձմռանը են մերկասառույց են դառնում: Թե՛ ոտքով, թե՛ մեքենայով գյուղ հասնելը շատ դժվար է: Ճանապարհները երբեք նորոգված չեն եղել: Խորդուբորդ ճանապարհների պատճառով քիչ չեն վթարներն ու դժբախտ պատահարները: Բերքաշատցիների հիշողության մեջ դեռ թարմ է պատմությունը, երբ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի տիկին Գրիգորյանը հունվար ամսին ընկավ ու ոտքը կոտրեց: «Ամռանը չենք կարողանում էս ճամփեքով քայլել: Սաղ քար ա, որ մի րոպե ուշադրությունդ շեղես՝ ոտքդ մի տեղ կխփես կամ կոլորես, էլ ուր մնաց ձմռանը. ոչ գյուղի ճամփեքն են մաքրում, ոչ էլ դեպի գյուղ տանող ճանապարհը»,- ասում է Բերքաշատցի տիկին Արուսը:
Մարզկենտրոնից 22 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Բերքաշատում երթուղային տաքսիներն այնքան էլ լավ չեն աշխատում: «Օր կա՝ գալիս են, օր կա` չեն գալիս, ասում են` օգուտ չենք ստանում, քիչ մարդ է գնում-գալիս, իրանք էլ իրանց հարմարությանն են նայում»,- ասում է տիկին Արուսը` ավելացնելով, որ հատկապես ձմռանը երթուղային տաքսիների բացակայությունը շատ է զգացվում: «Պետք ա ահագին քայլես, մինչև մի ծանոթ մարդու հանդիպես, որ քեզ տանի քաղաք: Ձմռան ցրտին, սառույցին դժվար է քայլելը»,- ասում է նա:
Գյուղի խնդիրները միայն ճանապարհների անսարքությամբ և երթուղային տաքսիների բացակայությամբ չեն սահմանափակվում: Բերքաշատը գազաֆիկացված չէ, հիմնականում տները տաքացնում են փայտով ու գոմաղբով: Գյուղացիները հավաստիացնում են, որ տարեցտարի վառելիք ճարելն ավելի է դժվարանում:
Համայնքում գործող միջնակարգ դպրոցն ու բուժամբուլատորիան գտնվում են քիչ թե շատ բարվոք վիճակում, սակայն չեն ջեռուցվում: Ձմռանը ամբուլատորիայի անձնակազմը հավաքվում է մի սենյակում և էլեկտրական սալիկի օգնությամբ փորձում տաքանալ, իսկ դպրոցում յուրաքանչյուր դասարանի 1-1,5 լիտր սոլյարայուղ են տրամադրում 7 ժամ պարապմունք անցկացնելու համար:
Մշակույթի տունն ու գրադարանը վթարային են, սակայն գյուղացիները ձեռքները թափ են տալիս ու հավելում՝ էս գյուղում էնքան պրոբլեմ կա, որ հերթը կուլտուրայի տանն ու գրադարանին չի հասնում:
Գյուղի ամենամեծ պրոբլեմն աշխատատեղի բացակայությունն է: Բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ հիմնականում զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ:
Համայնքում հիմնականում աճեցնում են սոխ, ձմերուկ, սեխ, ցորեն, վարունգ, միրգ, հատկապես խաղող: Գյուղմթերքների վերամշակման կազմակերպություն չկա, և աշնանը գյուղացիները հայտնվում են փաստի առաջ, քանի որ դժվարությամբ են կարողանում մթերքն իրացնել: «Աճեցնելը մի փեշակ է, իրացնելը` մի այլ»,- ասում են բերքաշատցիները` ավելացնելով, որ վերջին տարիներին իրենց ո՛չ մեկն է հաջողվում, ո՛չ էլ մյուսը:
Սահմանամերձ Բերքաշատի հողերի մոտավորապես 70 տոկոսը գտնվում է սահմանի ներսում, հողի որակը լավն է, հողագործության համար կա ամեն ինչ, բացի ոռոգման ջրից ու գյուղտեխնիկայից: «Ուրիշ գյուղեր կան, որ ամիսներով ջուր չեն տեսնում: Մեզ գոնե մեկ-մեկ ջուր են տալիս»,- կատակով ասում են գյուղացիները` հավելելով, որ ջրի բացակայության պատճառով շատերն են հրաժարվում հողագործությամբ զբաղվելուց.
«Ձեռնտու չի: Գարնանից չարչարվում ես, վարկ ես վերցնում, ցանում-տնկում, հետո ամառը գալիս է` ջուր չկա, խողովակները չորացած են, մի քանի շաբաթը մեկ նոր մեզ ջուր է հասնում, ասում են` քիչ ա, սաղին չի հերիքում: Բայց հողը չի հարցնում` շատ ա, քիչ ա: Ինքը ջուր ա ուզում, որ բերք տա: Հենա տեսեք՝ պամիդորը, սոխը, բիբարը, սաղ չորացել կախվել են, քոլերը ժամանակից շուտ դեղնել: Սաղ ջրի պատճառով»,- իր այգին է ցույց տալիս Կամոն ու հավելում, որ մյուս տարվանից էլ հողագործությամբ չի զբաղվելու: Դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն մտադիր է դիմել միգրացիոն կենտրոն և ընտանիքով մեկնել Կալուգա` եղբոր ընտանիքի մոտ: