Ռուսաստանն ուղղորդում է Հայաստանի Եվրասիական ընտրությունը
«Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժումը այսօր Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում կազմակերպել էր քննարկում, որի մասնակիցները ներկայացնում էին իրենց տեսակետն այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է ընտրի եվրասիական ինտեգրացիան՝ մերժելով եվրոպականը: Քննարկմանը հիմնական բանախոսը՝ նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, հայտարարեց, որ Հայաստանն իր գլոբալ անվտանգությունն ապահովել է Ռուսաստանի օգնությամբ, Ղարաբաղյան պատերազմում հաղթել է Ռուսաստանի աջակցությամբ, ներկայում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պաշտպանում է Ռուսաստանի աջակցությամբ, տնտեսությունը զարգացնում է Ռուսաստանի աջակցությամբ և այսպես շարունակ:
Կլոր սեղանի մյուս մասնակիցները ևս պնդում էին, որ առանց Ռուսաստանի՝ Հայաստանին սպառնում է շուտափույթ կործանում: Եվրասիական միությանը միանալու փաստարկները հայտնի են և դրանք կրկնվում էին նույն կամ՝ մի քիչ փոխված ձևակերպումներով. ընդհանուր պատմություն, մշակութային և քաղաքակրթական ընդհանրություններ, տնտեսական ինտեգրացիայի բարձր մակարդակ, անվտանգության ընդհանուր համակարգեր:
Այս քննարկմանը ներկա Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևն էլ հայտարարեց, որ հայերը և ռուսները միևնույն` բյուզանդական ժառանգության կրողներն են: Հանդիպման հայ մասնակիցներն էլ «տակ չմնացին» Ռուսաստանին գովելու և մեծարելու հարցում, իսկ նրանցից մեկն էլ՝ խորհրդային սպաների միության նախագահը, բառացիորեն ասաց. «Փառք ռուս ժողովրդին, որ մեզ փրկել է ամենատարբեր փորձանքներից»:
Բայց խնդիրն ամենևին էլ այն չէ, թե ինչ փաստարկներ են հնչում, կամ որքանով են դրանք համոզիչ: Կարևոր խնդիրն այն է, թե ինչպես պետք է այդ շարժումը խոչընդոտի Հայաստանի եվրաինտեգրացիային և նպաստի Եվրասիական ընտրությանը: Կլոր սեղանի մասնակիցների թիվը չէր անցնում 30-ը և պարզ է, որ այս շարժումը չունի հանրային լայն ճանաչում և ազդեցություն:
«Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Մարտիրոսյանը, ով կազմակերպել և վարում էր կլոր սեղանը, մեզ ասում է, որ իրենք պատրաստվում են սեպտեմբերի 10-15-ը կազմակերպել «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման երկրորդ համաժողովը, լինել մարզերում, հանդիպումներ կազմակերպել քաղաքացիների հետ, և նրանց ոտքի հանել հանուն Հայաստանի ճիշտ ընտրության:
Ըստ Արամ Մարտիրոսյանի, հիմա շարժման մեջ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, սակայն ակտիվ բանակցություններ են վարվում կուսակցությունների հետ, և այն կուսակցությունները, որոնք կողմ են Եվրասիական ինտեգրացիային ևս կարող են միանալ իրենց շարժմանը, որի արդյունքում շարումը ավելի կուժեղանա: «Մենք դանդաղ ենք գնում, բայց ամեն ինչ արագ ենք անելու»,- ասում է Արամ Մարտիրոսյանը:
Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևն էլ հայտարարում է, որ Հայաստանի ընտրության հարցում կարևոր են լինելու ներքևից եկող նախաձեռնությունները, դրանով կարևորելով նման կլոր սեղանների և ապագայում ծրագրվող այլ հանրային միջոցառումների անցկացումը:
Ռուսաստանի իշխանությունները գիտեն, թե Հայաստանի ընտրության հարցում ինչ նշանակություն ունի հասարակական շարժումը, գիտեն, որ ընտրությունը կատարվում է մեկ մարդու կողմից, ով կարող է նույնիսկ տեղյակ էլ չլինել նման «հզոր շարժման» գոյության մասին: Բայց Ռուսաստանին՝ որպես «խիստ դեմոկրատական» և հասարակության կարծիքի վրա հենվող պետության, պետք է համապատասխան ֆոն, որ Հայաստանի Եվրասիական ընտրությունն ունի հանրային աջակցություն:
Նրանց թվում է, որ այդ դեպքում Հայաստանի Եվրասիական ընտրությունն ավելի համոզիչ կթվա: Չի բացառվում, որ Իսրայել Օրու նման Ռուսաստան մեկնի մի պատվիրակություն, որը կխնդրի Հայաստանը փրկել Եվրոպական ինտեգրացիայի մոտալուտ վտանգից: