Նորից դպրոցներում կատարվող դրամահավաքների ու աշխատանքային տետրերի մասին
asparez.am-ը գրում է. այսուհետ դպրոցներում կթույլատրվեն միայն կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված աշխատանքային տետրերն ու գրքերը: Այս մասին տեղեկացրեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը լոռեցի տնօրենների հետ ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ:
«Ծանր պրոբլեմ է անհրաժեշտ ուսումնադիտակտիկ նյութերի հարցը: Բաներ կան, որ եւ՛ ուսուցչին է ձեռնտու, եւ՛ աշակերտին, եւ՛ դպրոցին, եւ՛ ծնողի գործն էլ է հեշտանում: Բաներ էլ կան, որ հարկադրաբար, ավելորդ է, բերում են, իզուր տեղը ներմուծում դպրոց: Հասկանալի է, մենք շուկայական աշխարհում ենք ապրում, բիզնեսի դարում ենք ապրում, ամեն մարդ ուզում է, որ իր բիզնեսը ծաղկի: Դրա համար նախարարության կողմից այդ հարցն այս տարի շատ խիստ կարգավորվում է հետեւյալ ձեւով. միայն նախարարության կողմից երաշխավորված ուսումնադիտակտիկ նյութերը կարող են օգտագործվել դպրոցներում: Տետրեր լինեն, թե դասագրքեր, վրան անպայման պետք է գրված լինի. երաշխավորված է նախարարության կողմից»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Դպրոցներում տեղի ունեցող դրամահավաքների մասին փոխնախարարի տեսակետն այսպիսին էր. «Տարբեր տեսակի ուսումնական ձեռնարկների ու միջոցառումների համար փողեր հավաքելը, իհարկե, շատ ցավալի հարց է, բայց մյուս կողմից էլ` մենք մի ծայրահեղությունից ընկնում ենք մի այլ ծայրահեղության մեջ: Օրինակ, ես չեմ կարծում, թե դպրոցը չպետք է նույնիսկ ինչ-որ տեղ հարկադրի ծնողներին, որ նրանք գումար հատկացնեն երեխայի գեղագիտական դաստիարակության համար»,- կարծիք հայտնեց Մ. Մկրտչյանը:
Նրա դիտարկմամբ, «ծնողը կամ հասարակությունը ոչ միշտ են գնահատում, որ երեխան պետք է պարբերաբար թատրոն, կինո, օպերա գնա, չնայած սնիկերսի համար միշտ փող ճարում է»:
«Պետք է կազմակերպել դաստիարակչական միջոցառումներ եւ երբ դա անձնական նպատակով չի արվում, չվախենալ առաջարկել, որ նաեւ ծնողները ներդրումներ ունենան,- ասում է փոխնախարարը, ընդունելով հանդերձ, որ ամեն դեպքում միանշանակ չի կարելի ասել, թե դպրոցներում դրամաշորթություն, կոռուպցիա չկա, «եւ շատ տնօրեններ, ուսուցիչներ առիթից օգտվում են ու բոլորովին այլ հարցեր են լուծում»: