Արթուր Սաքունցը` «պապաների պաշտպանության կոմիտե» ահաբեկչական խմբավորման և ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների մասին
Ի՞նչ իրավական գործողությունների կարող են դիմել տուժած, ոստիկանների կողմից բռնության ենթարկված ակտիվիստները` օրենսդրության օգնությամբ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Այսօր «Մեդիա կենտրոնում»` Կոմիտաս պողոտայում քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների բախման և Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվող նստացույցի թեմայով հրավիրված քննարկմանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն, ի պատասխան վերոնշյալ հարցին, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականցված գործողություններում չկա որևէ իրավաչափություն:
«Ակտիվիստները պետք է բոլոր դեպքերով հաղորդումներ ներկայացնեն առաջին հերթին` ՀՀ գլխավոր դատախազություն կամ Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործ հարուցելու ապօրինություն թույլ տված ոստիկանների նկատմամբ: Մյուս իրավական ճանապարհը, որն այսօր մենք իրականացնելու ենք, ցույցն է` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության շենքի մոտ, երթով շարժվելու ենք մինչև գլխավոր դատախազություն… Մենք չենք կարող հանդուրժել, ավելին` դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների խախտումները»,- հայտարարեց Արթուր Սաքունցը: Վերջինս ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելը համարեց «առևանգումներ», քանի որ այդպիսի գործողությունն առանց իրավական հիմքի քաղաքացուն անազատության մեջ պահելն է և «կամայական կալանավորումների վերաբերյալ» ՄԱԿ-ի հռչակագրի խախտում է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը Կանադայի և Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող մի մարդ` Միքայել Տոնոյան անունով, հայտարարեց, որ մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդներ իրեն ծեծի են ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ: Նմանատիպ դեպք էր գրանցվել նաև օգոստոսիվ 24-ի լույս 25-ի գիշերը, երբ մի խումբ անհայտ անձինք, ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիական ակտիվիստների` հայտարարելով, թե վերջիններս «դուրս են եկել իրենց հայրերի դեմ»:
«Այն, որ, այսպես կոչված, «պապաների պաշտպանության կոմիտե» ահաբեկչական խմբավորումը, որն, ըստ էության, ոստիկանության ակնհայտ անգործության պայմաններում ահաբեկում է քաղաքացիական ակտիվիստներին և նրանց աջակցողներին, իրոք մտահոգություն է առաջացնում, որովհետև հնարավոր է` որոշ ակտիվիստներ խուսափեն հետագա հետապնդումներից և չբողոքեն, բայց վերստին դա հիմք չէ, որ ոստիկանությունը գործառույթ չկատարի: Տեսեք, Միքայել Տոնոյանի նկատմամբ բռնարարքից հետո ոստիկանությունը ոչ թե անհապաղ սկսեց կատարել օպերատիվ աշխատանքներ` բռնարարք կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ, այլ ոստիկանություն են բերում Միքայել Տոնոյանին, ով տվյալ պահին փաստացի տուժողն էր: Այսինքն` ոստիկանությունը, կարծես թե, լրիվ խառնել է տեղերը, թե ով է տուժողը, ով է հանցագործություն կատարողը»,- հայտարարեց Ա. Սաքունցը:
Սա իրավապաշտպանը պատահական չհամարեց, քանի որ, իր խոսքերով, ոստիկանությունը երկար տարիներ «համակարգված գործել է անպատժելիության մթնոլորտում», և, բացառությամբ մեկ-երկու դեպքի, որևէ ոստիկան չի պատժվել քաղաքացու նկատմամբ բռնարարքներ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ցույց տալու համար: