Հայաստանի և Կանադայի երկքաղաքացի. «ՀՀԿ-ին կից գործում են ահաբեկչական խմբավորումներ»
Այսօր «Մեդիա կենտրոնում» քաղաքացիական շարժումների հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ոմն Միքայել Տոնոյան, ով, ինչպես պարզվեց, ունի Հայաստանի և Կանադայի երկքաղաքացիություն, հայտարարեց, թե իրեն մի քանի օր առաջ ծեծի են ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ:
«Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ ինձ հետ, ինձ խիստ մտահոգում է: Ես ընդամենը զբոսնում էի քաղաքապետարանի տարածքում, հանդիպեցի ծանոթ լրագրողուհու, ողջունեցի, մի փոքր զրուցեցի և շարունակեցի ճանապարհս դեպի տուն, և քաղաքապետարանից ընդամենը հարյուր մետրի վրա ինձ վրա տեղի ունեցավ կազմակերպված հարձակում: Ես զգացի, որ ինձ հետևում են 3 անձնավորություն, որոնցից մեկը սպորտային կազմվածքով տղամարդ էր: Մոտեցան ինձ, սկսեցին մեղադրել նրա համար, որ ես ինչ-որ խնդիրներ եմ ստեղծում իրենց հայրիկների համար: Ես նրանց ասացի` «նախ ներկայացեք, երկրորդը` դուք սխալվում եք», ինձ ասացին` «հանկարծ էլ ձեզ չտեսնենք քաղաքապետարանի դիմաց», ես նորից փորձեցի հասկանալ` ինչումն է բանը, և զգացի, որ հետևից հարված եմ ստանում, երբ շուռ եկա, բարձրացա, նրանք արդեն փախել էին»,- պատմեց Միքայել Տոնոյանը, ով, ինչպես ինքը տեղեկացրեց, 2007 թվականից ծառայել է Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերում:
«Դրանից հետո անմիջապես դիմել եմ ոստիկաններին, ովքեր գտնվում էին ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: Ինձ տեղափոխեցին ոստիկանություն, որտեղ կազմեցին արձանագրություն, և այսօր ես հավաքել եմ բոլոր դատաբժշկական փաստաթղթերը, համապատասխան նամակով դիմել եմ Միացյալ Նահանգների դեսպանատուն, նաև` Կանադայի հյուպատոսություն, ինչպես ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, խորհրդարան և այլ գերատեսչությունների: Իմ նամակն արդեն ուղարկված է, և հուսով եմ, որ համապատասխան արձագանքներ կլինեն»,- նշեց Մ. Տոնոյանը: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ընդամենը մի քանի օր առաջ եմ վերադարձել Հայաստան` մի քանի ամիս հանգստանալու, սակայն չզլացավ հայրենիքն անվանել «այպես կոչված»:
«Այս ամենը հաշվի առնելով` կարծում եմ` կարող եմ հայտարարություն անել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կից գործում են ահաբեկչական խմբավորումներ, գուցե մի քիչ կոպիտ հնչի, նաև տեռորիստական կազմակերպություններ, որոնք սարսափելի անկազմակերպ ձևով հարձակվում են մարդկանց վրա: Ես շարունակելու եմ ձայն բարձրացնել, դիմել եմ նաև օմբուդսմենի գրասենյակ»,- ավելացրեց Մ. Տոնոյանը:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև մի քանի օր առաջ` օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ Արարատ հյուրանոցի մոտ հարձակման էին ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանց ծեծի էին ենթարկել մի խումբ անձինք, ովքեր նույնպես եկել էին ծեծի միջոցով «պաշտպանելու» իրենց հայրերի իրավունքները:
Լուսանկարը՝ aravot.am-ի