Մահ կամ վերափոխում
Վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների ընհանրական արտահայտություններից մեկն այն է, որ երկրում առկա է քաղաքացիական ակտիվություն և քաղաքական պասիվություն, շատերի գնահատմամբ՝ անգամ քաղաքական ուժերի չգոյություն: Քաղաքացիական տարբեր խմբերի, նախաձեռնությունների ակտիվության ֆոնին քաղաքական ուժերը գրեթե լուռ են, բացառությամբ մեկ-երկուսի, ընհանրապես անմասն են քաղաքական կյանքից:
Այս իրավիճակն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հերթական անգամ ակտիվացրել է քաղաքացիականի ու քաղաքականի հակադրությունը: Հասարակության ընկալման առումով համակրանքը, բնականաբար, քաղաքացիական նախաձեռնությունների, տարբեր օջախներում պայքարի առաջին գծում գտնվող ակտիվիստների կողմն է, ինչը միանգամայն բնական և հասկանալի է, հատկապես քաղաքական ուժերի անգործության պայմաններում: Սակայն որքան էլ արդարացված, շատերի այդ համակրանքը վերափոխվել է քաղաքականությունը քաղաքացիականությամբ փոխարինելու թեզի, ինչը որոշակի շրջանակների կողմից նաև ակտիվորեն քարոզվում է:
Այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստների դերը չափազանց մեծ է, անգամ քննարկման առարկա չէ: Ինչպես որ քննարկման առարկա չէ Հայաստանի քաղաքական համակարգի, կուսակցությունների հեղինակազրկվածության ու վարկաբեկվածության հարցը: Սակայն դա մեխանիկորեն չի նշանակում, որ քաղաքական համակարգը պետք է փոխարինել քաղաքացիական միավորներով, ինչը, կրկնում ենք, վերջերս քննարկման նյութ է դարձել շատ որոշակի շրջանակներում: Արտաքուստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող այդ առաջարկի հեղինակներն այդպիսով իրականում անգնահատելի ծառայություն են մատուցում իշխանություններին: Քանի որ, որքան էլ հուժկու լինի քաղաքացիական ալիքը, միևնույն է, իշխանության համար այն պակաս վտանգավոր է, քան իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող հարցերը իրականում տեղային լուծումներ են պահանջում, որոնց իշխանությունը անհրաժեշտության դեպքում կարող է գնալ՝ երբեմն անգամ զոհաբերելով յուրային մեկ-երկու պաշտոնյայի:
Իսկ քաղաքական ուժերը պայքարելու դեպքում առաջ են քաշում քաղաքական նպատակներ, որոնց իրագործումը Հայաստանում այսպես, թե այնպես պետք է հանգեցնի իշխանափոխության: Այս իմաստով, անգամ հակաիշխանական կարգախոսներով քաղաքացիական միավորների ակտիվությունն օբյեկտիվորեն ձեռնտու է իշխանություններին, եթե դա տեղի է ունենում ի հաշիվ քաղաքական համակարգի վարկաբեկման: Ասվածը չի նշանակում, թե տարբեր խնդիրների համար պայքարող քաղաքացիական ակտիվիստներն ուղղորդվում են իշխանությունների կողմից, ինչպես, ի դեպ, փորձ են անում ներկայացնել որոշ շրջանակներ: Ամենևին:
Վստահաբար կարելի է ասել, որ քաղաքացիական ակտիվիստների ճնշող մեծամասնությունը պայքարի առաջին գծում է հայտնվում միանգամայն ազնիվ մղումներով, առանց որևէ ենթատեքստի: Խոսքը պարզապես այն մասին է, որ քաղաքական ուժերի բացակայության պայմաններում քաղաքացիական ակտիվության աճը օբյեկտիվորեն ձեռնտու է իշխանություններին: Ասվածը նաև քաղաքական ուժերին, առավել ևս` նրանց անգործությունը արդարացնելու փորձ չէ: Քաղաքական ուժերը կամ պետք է կարողանան կարճ ժամանակում վերափոխվել ու հասարակության մեծամասնությունը կազմող ընդդիմադիր քաղաքացիներին առաջնորդելու քաղաքական բանաձևեր գտնել, կամ հայտնվել քաղաքական լուսանցքում (իրականում՝ աղբանոցում)` իրենց տեղը զիջելով նոր ուժերին, որոնք գուցե կարող են կազմավորվել նույն ակտիվ քաղաքացիների շրջանակից:
«168 ԺԱՄ»