Բաժիններ՝

Ինչպե՞ս է պետությունը գնումներ կատարելու «սև ցուցակում» հայտնված ընկերություններից. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի որոշման արդյունքում օգոստոսի 1-ից 500-ից ավելի հայաստանյան խոշոր ընկերություններ զրկվել են պետական գնումներին մասնակցելու իրավունքից՝ պարտադիր աուդիտի պահանջը չանցնելու կամ աուդիտի բացասական եզրակացություն ստանալու պատճառով։ Այդ ընկերությունների թվում է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս և ումից է պետությունը էլեկտրաէներգիա գնելու։ Ի պատասխան մեր այս հարցադրման՝ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ուղարկել,  որտեղ նշվում է, որ որոշումը չի տարածվում բոլոր ընկերությունների վրա։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը։

«Հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի թիվ 500-Ն հրամանով հաստատվել է ««Ֆինանսական միջոցներ» չափանիշի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթի և դրա գնահատման կարգը»:

Նոր կարգի համաձայն՝ այն ընկերությունները, որոնք ՀՀ կառավարության սահմանած կարգով պարտադիր ֆինանսական աուդիտ չեն անցել կամ պարտադիր ֆինանսական աուդիտ անցել են, սակայն դրական կարծիք չեն ստացել, չեն կարողանա մասնակցել գնումների գործընթացին:  «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ պատվիրատուների կողմից հայտարարված մրցակցային գնման ընթացակարգերին հայտեր ներկայացնելու դեպքում այդ ընկերությունները կմերժվեն:

Գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն՝ այս կարգը չի տարածվում այն գնումների վրա, որոնք իրականացվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում՝ հեղինակային ու հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքների առկայության պարագայում:

Ցանկը սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ. դրանց թվում են՝

–  Բնական գազի մատակարարումը,

–  Էլեկտրաէներգիայի մատակարարումը,

– Ֆիքսված հեռախոսակապը,

–  Ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարումը,

–  Բուժօգնության ծառայությունները,

–  Դպրոցներում ուսուցման ծառայությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս