Բաժիններ՝

Սահմանամերձ Երվանդաշատում հույսով սպասում են «կապույտ վառելիքին»

Սահմանամերձ Երվանդաշատ համայնքի խնդիրներին 168.am-ը բազմիցս անդրադարձել է: Ճանապարհները վատ վիճակում են, գյուղում տրանսպորտ չի գործում ու նկատվում է արտագաղթի աճ: Գյուղի ամենամեծ խնդիրը, սակայն, գազիֆիկացումն է: Երվանդաշատը երբեք գազիֆիկացված չի եղել: Ձմռանն, ով ինչպես կարողանում է, տունը տաքացնում է: Էլեկտրականությունից օգտվողները շատ քիչ են.  հիմնականում փայտով կամ գոմաղբով են տունը տաքացնում:

«Գյուղացիների մի մասը տունն աթարով է տաքացնում: Էժան է:  Ամռանը գյուղի կանանց հիմնական գործը ոչ միայն պահածո փակելն է, այլև աթար թխելը: Էդ էլ որ չլինի՝ չենք կարողանա տուն տաքացնել»,- ասում է Երվադաշատի բնակչուհի Ջեմման՝  ավելացնելով, որ աթար թխելն իսկական տանջանք է:  Նրանք, ովքեր անասուններ չունեն, տունը  փայտով են տաքացնում, սակայն վերջին տարիներին փայտ ճարելը դառնում է գրեթե անհնար: «Հա, վառելիքի հարցը շատ լուրջ է, դե պատահում է որ փայտը գնում են, պատահում է, որ ծառեր են կտրում»,- թեման կտրուկ փոխում են գյուղացիները:

Թեպետ հսկողություն է սահմանված, սակայն գյուղացիներից շատերն են կյանքը վտանգելով հարակից անտառներից ծառեր հատում՝ այդ կերպ փորձելով մեկ սենյակ տաքացնելով ձմեռն, ինչպես իրենք են ասում՝ գլորել:

Երվանդաշատի գյուղապետ Հունան Ավետիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում խոստովանում է, որ գազիֆիկացման բացակայությունը գյուղի ամենամեծ խնդիրն է: Գյուղացիների ցանկությամբ առաջարկությունը ներկայացվել է կառավարությանն ու անցյալ տարի աշնանը նախահաշվարկ է կատարվել: Նախահաշվարկը հիասթափեցրել է թե՛ գյուղապետին, թե՛ գյուղացիներին: Պարզվել է, որ 400 միլիոն դրամ է անհրաժեշտ գյուղը գազիֆիկացնելու համար: Կառավարությունից հայտնել են, որ այդքան գումար չեն կարող տրամադրել և հիմա գյուղում սպասում են դոնոր կազմակերպությունների, ովքեր կօգնեն գյուղի գազիֆիկացմանը: «Հույսով սպաում ենք»,- ասում է գյուղապետը՝ միաժամանակ նշելով, թե դեռ հայտնի չէ, ո՞ր կազմակերպություններին են դիմել և ե՞րբ պատասխան կստացվի:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ ALTTV.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս