Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը. Ստանիսլավ Տարասով
REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Ստանիսլավ Տարասովի «Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Թուրքիայի երկաթուղիների Էրզրումի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Յունուս Եշիլյուրտը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ հայտարարելով, որ երկաթուղու վերանորոգման աշխատանքները Թուրքիայի արևելքում հասել են մինչև Կարս, իսկ մինչև տարեվերջ կավարտվի մինչև Հայաստանի սահման տանող ճյուղի վերանորոգումը:
Դրանով ի կատար են ածվում վերջին շրջանում հայ բազմաթիվ քաղաքագետների հաճախակիացած այն կանխատեսումը, թե Երևանը պետք է պատրաստվի հայ-թուրքական հարաբերությունների համատեքստի փոփոխմանը:
Միանգամից աչք է զարնում, որ թուրքական կողմի հայտնած «Կարս-Գյումրի» երկաթուղու վերանորոգման ավարտի ժամկետը գրեթե համընկնում է Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովի հետ, որում Հայաստանը պետք է առանց Լեռնային Ղարաբաղի մտնի ազատ առևտրի եվրոպական գոտի ԵՄ-ի ու Հայաստանի միջև (Ասոցացման համաձայնագիրը կարող է նախաստորագրվել այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում):
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ Թուրքիայից հասնելու համար հարևանների և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Նրա խոսքերով՝ երբ երրորդ կողմի հետ բանակցություններ են տարվում Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վերաբերյալ, ապա կան որոշակի ընթացակարգեր, որոնց պետք է հետևեն ներգրավված կողմերը և մասնավորապես Թուրքիան:
Ի դեպ, այդ մասին խորհում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵՄ-ի հետ իր երկրի ասոցացումը պայմանավորելով հայ-թուրքական սահմանի բացմամբ: Դրա հետ կապված՝ ուշագրավ է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանի հարցը. «Թուրքիան յուրաքանչյուր պահի կարող է բացել սահմանը, և այդ դեպքում ի՞նչ կարող ենք պատասխանել մենք: Ասենք, որ չե՞նք ուզում»:
Հունիսին, երբ ի հայտ եկան Թուրքիայի կողմից «Գյումրի-Կարս» երկաթուղու 112 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման մասին առաջին հաղորդագրությունները, Բաքվի Քաղաքական նորարարությունների ու տոխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն ընդգծեց, որ Հայաստանը, կործանելով Մեղրիի (Հայաստանն Ադրբեջանի միջով Ռուսաստանին կապող) երկաթուղին, աչքի լույսի պես է պահպանում «Գյումրի-Կարս» երկաթուղին:
Եթե թուրքերը «Կարս-Գյումրի» երկաթուղու իրենց հատվածի վերանորոգումն ավարտեն մինչև Վիլնյուսում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովը, ապա դա կնշանակի Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը բացելու վերաբերյալ ԵՄ-ի պահանջի կատարում»: