Գալուստ Սահակյան. Հայաստանը Հարավային Կովկասում ամենաժողովրդավարական երկիրն է

«Մեզ համար ձեռնտու է, որ Ալիևն ընտրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով հարևան Ադրբեջանի Հանրապետությունում աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների մասին:

Իսկ ինչո՞վ է Հայաստանի համար ձեռնտու Իլհամ Ալիևի վերընտրությունը: Այս հարցի վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշեց. «Ալիևը վարկաբեկված է ամբողջ աշխարհում, և կարծում եմ` այդ գործոնն առաջիկա բանակցային գործընթացներում կլինի ի օգուտ մեզ»:

Այսպիսով` ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավարը կիսեց նույն հարցի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երկու օր առաջ արտահայտած տեսակետը, և հիշեցրեց, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ է վարում հենց Իլհամ Ալիևի հետ:

«Երևի նախագահն ավելի ճիշտ է մեկնաբանում, բայց ես ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ ինքն Ալիևն արդեն վարկաբեկված է միջազգային ասպարեզում, իսկ դա մեզ համար ձեռնտու է, որպեսզի նորից Ալիևն ընտրվի: Նրա նկատմամբ ճնշումներն ավելի մեծ են»,- ասաց Գ. Սահակյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը կախված չէ  Ադրբեջանի նախագահի փոփոխությունից:

Կարդացեք նաև

«Իսկ ո՞վ ասաց, որ եթե ուրիշ նախագահ ընտրվի, նույն գիծը չի տանելու, նորից պատերազմ, նորից նույն վայրահաչությունները»,- նշեց նա:

Մենք հետաքրքրվեցինք` եթե Ադրբեջանում նախագահն ընտրվի ժողովրդավարական ճանապարհով, արդյոք հնարավոր չէ՞, որ նա ավելի խաղաղասեր լինի:

«Դեռևս մի 50 տարի պետք է, որ Ադրբեջանում ժողովրդավարական ճանապարհով նախագահ ընտրվի»,- պատասխանեց Գ. Սահակյանը:

Իսկ քանի՞ տարի է պետք, որպեսզի Հայաստանո´ւմ նախագահն ընտրվի ժողովրդավարական ճանապարհով: Մեր այս հարցին էլ Գալուստ Սահակյանը տվեց զրույցի ամենալավատեսական ու ոգևորիչ պատասխանը. «Հայաստանը Հարավային Կովկասում ամենաժողովրդավարական երկիրն է, և նրա գործընթացներն այնպիսին են, որ արդեն աշխարհը լիուլի գնահատում է»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, «Բազե-2013» երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ, պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, թե Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  նախագահի առավել նախընտրելի թեկնածու, պատասխանել էր. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր:

Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է՝ հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Տեսանյութեր

Լրահոս