Հայաստանի նախագահ. «Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ Իլհամ Ալիևը հաղթեր»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևոր և արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Տեսանյութեր

Լրահոս