«Ամեն վայրկյան սպասում ենք, որ կռիշը փուլ կգա մեր վրա»
«Անիծվածների մայլա» կամ չորրորդ փողոց: Այս հասցեում է բնակվում Դալարիկի շուրջ 200 բնակիչ: Բնակվել՝ հարաբերական իմաստով: Այս փողոցի 20 բազմաբնակարան շենքեր համարվել են երրորդ և չորրորդ կարգի վթարային: Դա նշանակում է, որ ամենաաննշան ցնցման դեպքում շենքերը գետնին կհավասարվեն:
Շենքերը կառուցվել են 60-ականներին և երբևէ չեն նորոգվել, ամրացվել: Պատերի վրա հսկայական ճեղքեր են գոյացել: Բնակարաններ կան, որ պատերը երկու մասի են բաժանված և ճեղքերի լայնությունը տեղ-տեղ հասնում է 10 սանտիմետրի: «Մի թեթև քամուց պատալոկը ճոճվում է, քնում ենք վախով, ամեն վայրկյան սպասում ենք, որ կռիշը փուլ կգա մեր վրա»,- ասում է Դալարիկի բնակչուհի տիկին Ալվարդը:
Շենքերի աստիճանները ջարդված են ու ճոճվում են: Բարձրանալուց կամ իջնելուց այնպիսի տպավորություն է, որ աստիճանը երկու մասի կբաժանվի: Տանիքն էլ կաթում է ու տարվա մեծ մասը բնակիչները տանն անձրևանոցով են քայլում, ցելոֆաններ փռում հատակին ու կահույքին, որ անձրևից փայտը չփտի: Տուն չկա, որտեղ պատերը բորբոսնած ու ճաքած չլինեն:
Կարենն իր բնակարանը երկու տարի առաջ է վերանորոգել, սակայն առաջին իսկ ձմռանը կանգնել է փաստի առաջ. «Տանիքից ջուրը կաթաց ու ամբողջ տունը կրկին կորավ կեղտի մեջ: Ժողովուրդը տանիքն իր ուժերով չի կարող նորոգել: Պետք է գյուղապետարանն օգնի, բայց գյուղապետն ասում է, որ բյուջեն չի բավականացնի նման ահռելի շինարարության համար, իսկ մարզպետարանից էլ ասում են՝ համբերեք, փող լինի կփոխենք: Բայց մինչև մարզպետարանում փող լինի՝ շենքը կարող է մեր գլխին փուլ գա»,- ասում է Կարենը:
Բացի այն, որ շենքերը վթարային են, կոյուղի էլ չունեն: Ընդհանուր բաղնիք-զուգարանները գտնվում են շենքերից ահագին հեռու՝ գոմերի հարևանությամբ: Իսկ ջուր կրում են դիմացի աղբյուրից:
«Էսպես արդեն 15 տարի՝ ապրում եմ: Իմ կյանքն անցավ էս դառնության ու տանջանքի մեջ, բայց չեմ ուզում, որ երեխեքս էլ նույն դժվարությունները կրեն»,- ասում է Գոհարը՝ ավելացնելով, որ ցանկանում են տունը վաճառել և տեղափոխվել այլ բնակարան: «Բայց էս ավերակը ո՞վ կառնի: Ո՞ր մի նորմալ կինը կհամաձայնվի 10 օրը մեկ լողանալ, էն էլ, այսպես կոչված՝ ընդհանուր բաղնիքում, որտեղ ընդամենը մի երկաթից թաշտ կա, կամ ով կուզենա ունենա խոհանոց, որտեղ ջուր չկա, պետք է ամեն օր 10-20 վեդրո ջուր կրել, որ գործերդ հասցնես»:
Տիկին Մարուսյան 70 տարեկան է: Մենակ է ապրում. դուստրն ամուսնացել է, որդին ընտանիքով մեկնել է Ռուսաստան ու արդեն երեք տարի է՝ որևէ լուր չունի նրանցից: Ապրում է թոշակով ու նպաստով: Երբեմն դուստրն է օգնում, մթերք ու դեղ է գնում: Ձմռան ամիսներին հարևանի հարսներն են ջուր կրում, որ տիկին Մարուսյան կարողանա կարիքները հոգալ: «Էս մի թաշտն է, բերում-դնում եմ սենյակի մեջտեղում՝ փեջի կողքը, որ լողանամ: Դե զուգարան էլ… տան միջանցքում եմ անում՝ վեդրոյի մեջ, հետո առավոտյան տանում թափում եմ»,- իր դաժան կեցությունն է ներկայացնում տիկին Մարուսյան ու ցույց տալիս պատուհանի գոգին դրված սրբի նկարն ու մոմերը: Աստծուց երկու խնդրանք ունի. որ որդուց մի լուր ստանա ու որ իրեն շուտ տանի իր մոտ: «Հոգնել եմ էս կյանքից, էս պայմաններից»,- լացելով ասում է նա:
Տիկին Մարուսյայի բախտակիցներ թաղամասում շատ կան: Շատերն են թողել- գնացել արտագնա աշխատանքի ու մոռացել ընտանիքի մեծերին:
Հարևանները հիշում են, որ մի քանի տարի առաջ ջուր կրելուց 65-ամյա Հասմիկի ոտքը սայթաքեց ու ընկավ: Տարեց կնոջը ոտքը ջարդվել էր ու հիմա ձեռափայտով է քայլում: Տան ջուրը կամ ամուսինն է կրում, կամ էլ հարևան Կամոյի ընտանիքի անդամները:
«Բա էս կյանք ա՞, էս ապրուստ ա՞, երկու տղա ունեմ, գնացին Ռուսաստան ու մեզ մոռացան, ոչ զանգում են, ոչ գալիս: Վերջին անգամ 4 տարի առաջ եմ հետները խոսել, ասում էին՝ մամ տեղներս նեղ ա, մի քիչ դզվենք՝ կգանք ձեզ էլ կտանենք: Հիմա չգիտեմ՝ սա՞ղ են, մեռա՞ծ են, որտե՞ղ են, ի՞նչ են անում»,- լացելով ասում է տիկին Հասմիկը՝ ավելացնելով, որ ինքն էլ առաջվանը չէ՝ մի կերպ է քայլում ու դժվարությամբ տան գործն անում: Ամուսնու հոդերն էլ են ցավում. «Պլիտայով ինչքա՞ն վառենք, որ տունը տաքանա, խոնավ անկողնու մեջ ենք քնում, դրա համար Տարոնի ոտքերն էլ են ցավում»:
Վերջին տարիներին գյուղացիները մեկ այլ մտավախություն էլ ունեն: Սյուները, որոնց ամրացված են էլեկտրական լարերը, թեքվել են, ուժեղ քամիների ժամանակ ճոճվում են ու չի բացառվում, որ մի օր սյուները կընկնեն՝ կրակի մատնելով շուրջբոլորը:
Դալարիկի շենքերի հետագա ճակատագրով անհանգստացած զանգահարեցինք Արմավիրի մարզպետարան և քաղաքաշինության նախարարություն: Երկու գերատեսչություններում էլ հեռախոսը վերցնող չգտնվեց: