Բաժիններ՝

«Միայն մի նպատակ ունեն՝ հարստությունը կուտակել մի տեղ, բնակչության մեծ մասն աղքատանա, թողնի, գնա երկրից»

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատականով՝ Հայաստանի տնտեսությունը իսկապես գտնվում է խորը ճգնաժամում: 168.am-ի հետ զրոյցում նա փաստեց, որ վերջին 5 տարիներին ՀՀ արտաքին պարտքը ավելի քան 2 անգամ ավելացավ, բայց տնտեսության աճ չապահովվեց:

Ըստ Վ.Խաչատրյանի՝ օգոստոսի 13-ին Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով բարձրացումն էլ վերջին կաթիլի նման էր. «Բայց ես կանխատեսում եմ, որ ԿԲ-ն էլի է բարձրացնելու տոկոսադրույքը, որովհետև 2012-ի դեկտեմբերին՝ 2013-ի բյուջեի ներկայացման ժամանակ արված կանխատեսումները նման զարգացումներ չէին նախատեսում: Բայց այն ժամանակ էլ պարզ էր, որ նման վիճակ պետք է առաջանա, քանի որ գազի գնի թանկացման փաստը երբ արդեն կար, բայց չէր ընդունվում իշխանության և կառավարության կողմից որպես իրականություն, պարզ էր, որ 2013 թ-ը շատ դժվար տարի է լինելու: Առավել ևս, որ 2013-2014 թթ-ը արտաքին պարտքի սպասարկման առավել ծանր տարիներն են: Այսինքն, կանխատեսելի էր 2012-ին, որ այս տարի այսպիսի վիճակ պետք է լինի, բայց 2013 թ. ծրագրերի մեջ չէին երևում այն քայլերը, որոնք պետք է մեղմեին այս վիճակը: Ավելին՝ այս տարվա ընթացքում ավելի վատացան պայմանները և տնտեսությունն ավելի վատ վիճակում հայտնվեց, որի ապացույցն է ԿԲ որոշումը»:

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ գործող կառավարությունն իսկապես իրեն սպառել է և մարդիկ, ովքեր պատասխաատու են այսօրվա տնտեսական վիճակի համար, անընդունակ են, որևէ լծակ ու հնար չունեն վիճակը փրկելու: Ինչքան էլ ուզում է ԿԲ-ն իր դրամավարկային գործիքներով փորձի շուկայում ինչ-որ իրավիճակ փոխել, ըստ Խաչատրյանի, չի կարող դա անել, քանի որ այն մեթոդները, որ կիրառվում են, այս համակարգի պայմաններում չեն աշխատում:

«Երբ տնտեսության մեջ չկա մրցակցություն, երբ տնտեսության մեջ գերիշխում են մենաշնորհները, երբ երկրում օրենքի կիրառումը համաչափ չէ, այդ պայմաններում որևէ լծակներով փորձել կանոնակարգել, կամ փոփոխություն մտցնել տնտեսության մեջ, հնարավոր չէ: Եվ գնալով իրավիճակը վատանալու է, որովհետև այսօր բիզնեսը չի աշխատում, փոքր ու գերփոքր բիզնեսը վերանում է, և մենք դրան ականտես ենք»,- նշեց Վ.Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Տնտեսական այս ծանրագույն ճգնաժամից դուրս գալու համար միջազգային ասպարեզում առավել կարևորում են բիզնեսի ակտիվացումը: Իսկ դա նշանակում է՝ ցածր վերաֆինանսավորման տոկսադրույք և բանկային ցածր տոկոսադրույքներ: Տնտեսագետը նշեց, որ ԱՄՆ-ում մոտ 10 օր առաջ բոլորը շունչը պահած սպասում էին, թե ինչ է որոշելու Դաշնային պահուստային հիմնադրամը, որը հայտարարեց, որ մինչև չզգա տնտեսության աշխուժացում, մինչև նոր աշխատատեղեր չստեղծվեն, ոչ մի քայլ չի արվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու ուղղությամբ: Դրա արդյունքը եղավ այն, որ հաջորդ օրն իսկ ամերիկյան տնտեսությունն ակտիվացավ, միջազգային շուկաներում ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը թանկացան և այլն: Վ.Խաչատրյանը նկատեց, որ նույնը Մեծ Բրիտանիայում է: Այնտեղ մի նոր մեթոդոլոգիա են ուզում կիրառել, որ գնաճից բացի շատ կարևոր տեղ հատկացվի աշխատատեղերի ստեղծմանը:

«Այսինքն՝ մարդիկ տարբեր երկրներում այս ծանր վիճակից դուրս գալու լծակներ են կիրառում ու նորերն են փնտրում: Իսկ մեր մոտ ոչ միայն հները չեն աշխատում, այլև կառավարությունն ինչ քայլ էլ փորձի կիրառել, չի գործի, քանի որ դա մեր իրականության հետ կապ չունի, տնտեսության մեջ մրցակցություն չկա, մենաշնորհներն են շուկան տիրապետում, Երևանի քաղաքապետը կարող է ցանկացած պահի որոշել տրանսպորտի գին բարձրացնել կամ կարմիր գծեր կիրառել: Այս պայմաններում որևէ ձևով, նունիսկ լավագույն հաշվարկներով ծրագրերն անիմաստ են: Հարկավոր է համակարգը փոխել: Այս համակարգը փտած է, նեխած է, այս համակարգը ուղղակի պետք է մի կողմ դնել և հետո որոշել, թե  ինչ անել, որ Հայաստանի տնետսությունում աշխուժացում մտնի ու տնտեսությունը զարգանա»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Մեր դիտարկմանը, որ հակասական իրավիճակ է ստեղծվում՝ ԿԲ-ն վերաֆինասնավորման տոկոսադրույք բարձրացնելով փորձում է գնաճի դեմ պայքարել, բայց դրա արդյունքում թանկանալու են վարկերը, իսկ բիզնեսին զարգացման համար հարկավոր են էժան վարկեր, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ այս առաջին հայացքից չլուծվող խնդիրը կարող է աշխատել, երբ մրցակցություն կա, որի դեպքում նույնիսկ վերաֆինանսավորման բարձրացումը ինչ-որ տեղ կբերի նրան, որ ապրանքների գները ինչ-որ առանձին դեպքերում կարող են իջնել, բայց մեկը մեկի հետ փոխկապակցված վարկային տոոկսադրույքներն ու գնաճը բարձրանում են. «Շուկայական տնտեսության մեջ գործելու համար առաջին կարևոր նախապայմանը մրցակցությունն է և օրենքի գերակայությունը: Սա կարևորագույն պայման է, երբ կարելի է գնաճը կարգավորել դրամավարկային քաղաքականության լծակներ օգտագործելով: Բայց եթե հիմնական պայմանները չկան, որևէ քայլ չի աշխատի: Հիմա գները կբարձրանան, դրա հետևանքով վարկերի տոկոսները կբարձրանան»:

Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունների գործողությունները նույնպես ճնշումներ են գների բարձրացման համար, իսկ կառավարության ծրագրում դրանցից ոչ մեկը հաշվի առնված չէ, և ամեն ինչ բարձիթողի է:

«Օրինակ՝ որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում այդ կարմիր գծերը մտցնելու մեջ: Ի՞նչ խնդիր են ուզում լուծել: Դա բիզնեսի վրա հավելյալ բեռ է: Ես ոչ մի տրամաբանական կապ չեմ տեսնում իրականացվող քաղաքականության մեջ՝ մի քայլն ինչի համար են անում, որ հետո ինչ ստանան դրա դիմաց: Միայն մի բան կարող եմ բացատրել՝ իրականացվող բոլոր քայլերը միայն մի նպատակ ունեն՝ հարստությունը կուտակել մի տեղ, ինչ-որ մարդիկ հարստանան, բնակչության մեծ մասն աղքատանա, որի հետևանքով թողնեն, գնան երկրից»,- նշեց Վ.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս