«Հենրիկ Նավասարդյանը ունի ոչ թե գծատեր որդի, այլ գծատեր եղբորորդի»
ԳԱԼԱ-ն հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին՝ պարզաբանումներ ստանալու տրանսպորտի գնի թանկացման հետ կապված մեղադրանքների վերաբերյալ, որոնք հնչում են մամուլի և հասարակության կողմից` քաղաքապետարանի և հենց Նավասարդյանի հասցեին:
Կայքը Նավասարդյանից փորձել է ճշտել, թե արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկությունն այն մասին, որ վերջինիս որդուն է պատկանում 18 համարի ավտոբուսային երթուղին, որին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը պատասխանել է, որ «Դյակո Արթ» ՍՊԸ-ն մոտ երկու տարի պատկանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ.Նավասարդյանի որդիներին։ Այդ ընթացքում ընկերությունը տրանսպորտային գործունեությամբ չի զբաղվել։
Երևանի ներքաղաքային ավտոբուսային համար 18 երթուղին ներկայում սպասարկում է «Դյակո Արթ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 100 տոկոսը ներկայում պատկանում է Հ.Նավասարդյանի եղբոր որդուն՝ Արտակ Վոլոդյայի Նավասարդյանին, ով միաժամանակ հանդիսանում է ընկերության տնօրենը։
Այն հարցին, թե ինչպես է պարոն Նավասարդյանը մեկնաբանում այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածով սահմանված է, որ տրանսպորտի գնի վերաբերյալ իրավասու է որոշումներ կայացնել տեղական ավագանին, այլ ոչ թե քաղաքապետարանը, հստակ պատասխան չի տրվել, այլ ուղղակի նշվել է` «ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածով սահմանված է համայնքի ավագանու լիազորությունները։ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Ապա նշվում է նաև, որ 2013թ. հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» հ.3661-Ա որոշումը Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է՝ ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով։
ԳԱԼԱ-ն կապ հաստատեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ՝ պարզաբանելու, թե ինչու հստակ պատասխան չի տրվել հարցին, ով նշեց, որ ինքն իրավաբան չէ, լրագրող է, ուստի չի կարող հստակ ասել, թե ինչու է այդպիսի պատասխան տրվել, և առաջարկեց անհասկանալի հարցի առկայության դեպքում հարցման համապատասխան հատվածը նորից ուղարկել:
Կայքը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է ստացվել, որ քաղաքապետարանի հաշվարկներով մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը կազմում է 144 դրամ, իսկ տնտեսագետների հաշվարկներով` այն մոտ 80-90 դրամ է, որին պատասխան է տրվել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված՝ ավտոբուսի (միկրոավտոբուսի) մեկ ուղևորի փոխադրման սակագնի հաշվարկների վերաբերյալ տրանսպորտի վարչության դիրքորոշումը չի փոխվել, իսկ այլ հաշվարկների վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելը հնարավոր կլինի կազմակերպվելիք հանրային քննարկումների արդյունքում:
Հանրային քննարկումների արդյունքում կսահմանվի նաև տրանսպորտի ուղեվարձի չափը: ԳԱԼԱ-ի հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտի գնի թանկացման որոշումը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ կասեցվել է, մոտավորապես երբ կարելի է սպասել, որ այն նորից ուժի մեջ կմտնի, քաղաքապետարանը պատասխանում է. «Երևանի քաղաքապետի 25.07.2013թ. հ.3723-Ա որոշմամբ, որով կասեցվել է ուղեվարձի բարձրացումը, սահմանվել է, որ Երևանի քաղաքապետի 2013թ. հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» հ.3661-Ա որոշման գործողության վերականգնումից հետո ուղեվարձի չափը սահմանվելու է հանրային քննարկումների արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա»: