Բաժիններ՝

Գրադարանի համար նախատեսված տարածքը «գրավեցին» աղանդավորները

Գովելի է, երբ երիտասարդությունն այսօր իրապես, առանց ձևականության, ունի  գրքի կարիք և զբաղվում է ընթերցանությամբ: Կրկնակի անգամ գովելի է, երբ երիտասարդներն իրենք են նախաձեռնում  գրադարան բացել և հավաքագրել գրքեր, որպեսզի նա, ով իրապես ունի ընթերցանության կարիք, ունենա հնարավորություն կարդալ, սովորել ու կրթվել: Որոշակի դժվարություների միջով անցնելուց հետո Գյումրին սեպտեմբերից ունենալու է ևս մեկ գրադարան: Գրադարանի բացման հետ կապված դժվարությունների, մտահղացման նպատակի և արդյունքների մասին զրուցեցինք նախաձեռնության հեղինակներ, քաղաքացիական ակտիվիստներ Գոռ Թորոսյանի և Արսեն Վարդանյանի  հետ:

–  Գոռ, ինչպե՞ս առաջացավ քաղաքում գրադարան բացելու միտքը: Ի՞նչը դրդեց ձեզ իրականացնել այդ մտահղացումը:

–  Քաղաքում գրադարան բացելու միտքը ծագեց իմ ու Արսենի մոտ: Նախ ասեմ, որ Գյումրիի Ավստրիական թաղամասում, Անի թաղամասում ու մոտակայքում ընդհանրապես չկա գրադարան: Մի օր էլ նստած զրուցում էինք Արսենի հետ և միտք ծագեց.  որոշեցինք Ավստրիական թաղամասում բացել գրադարան: Ու հենց Ավստրիական թաղամասում, քանի որ թաղամասը հիմնականում բնակեցված է հաշմանդամներով ու իրենց համար ավելի հեշտ կլինի օգտվել գրադարանից: Այդ լուրը թաղամասի բնակիչները ընդունեցին մեծ ոգևորությամբ և որոշ մարդիկ նաև առաջարկեցին իրենց աջակցությունը:

Մենք գրադարանի համար գրքահավաք կազմակերպեցինք և մեզ համար անսպասելիորեն գաղափարը  քաղաքում մեծ արձագանք գտավ, հեռուստատեսությունների կողմից լուսաբանվեց իրենց իսկ առաջարկով: Մարդիկ կապվում էին մեզ հետ և առաջարկում գրքեր նվիրաբերել նորաբաց գրադարանին: Նույնիսկ Երևանից շատ մեծ արձագանք եղավ և մեզ հետ կապնվեցին «Սերունդ» համահայկական երիտասարդական ՀԿ-ի ներկայացուցիչները և «Պարգևենք Ժպիտ» նախաձեռնության կամավորները, գրքի միջազգային օրը մեզ համար ակցիա կազմակերպեցին «Գիրք նվիրենք Ավտրիական թաղամասի նորաբաց գրադարանին»՝ խորագրով, և մոտ 1000-ից ավելի գիրք նվիրեցին մեզ: Երևանի կենտոնի ոստիկանության վետերանները 200-ից ավել գրքեր նվիրեցին մեզ:

–  Տարածքի հետ կապված խնդիրներ եղե
՞լ են:

Կարդացեք նաև

–  Գրադարանը սկզբնապես պետք է լիներ Ավստրիական թաղամասում` Ակումբի շենքում: Նախնական պայմանավորվածություն ունեինք, բայց հետագայում այդ նույն  տարածքում սկսեցին իրենց հավաքներն անցկացնել ինչ-որ հավատացյալներ, իմ կարծիքով՝ աղանդավորներ են նրանք: Իրենք իրենեց Ավետարանչական կամ Ավետարանական են կոչում, հաստատ չգիտեմ էլ: Իրենց հավաքներն  անում են շաբաթ օրերին, ժամը 12:00 -14:00-ը: Իրենց հոգևոր հովիվը Վանաձորից է գալիս – գնում: Ժողովներն անում են քարոզների միջոցով: Մի անգամ այդ Ակումբի կողքով անցնելիս զգացի, որ իրենց ժողովի ժամն էր, բարձր գոռոցներ, ձայներ էին լսվում: Հարցրեցի, թե ի՞նչ են անում, ասացին` ապաշխարհություն են անում: Մի խոսքով՝ աղանդավորներ են այդ տարածքը վարձակալել  և իրենց հավաքներն այնտեղ են անցկացնում՝ շաբաթը մեկ օր: Այնտեղ ունեն իրենց սպասքը, երեխաների համար` խաղալիքներ: Ժողովների ժամանակ երաժշտություն կա, իրենց երգերն են երգում:

Gyumri-gradaran2

Gyumri-gradaran1

Շուտով տարածքի  մոտակայքում սկսվեցին շինարարական աշխատանքներ:  Շինարարությունը շատ մոտ էր գրադարանի համար նախատեսված տարածքին և շինանյութը գրեթե ակումբի դռան մոտ էր լցված, տարածքը կեղտոտվել էր բավականին, բանվորներն իրենց ընդմիջումներն անում էին այդ տարածքում, իրենց գործիքները պահում էին նույն տարածքում և բոլորիս համար էլ հասկանալի էր, որ այդ պայմաններում հնարավոր չէր գրադարան բացել և բնականոն աշխատել: Այս ամենի պատճառով փորձեցինք գրադարանի համար նոր տարածք գտնել  ու մեր ընկերների օգնությամբ  կարճ ժամանակահատվածում գտանք այն  Անի թաղամասում: Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու նկուղային հարկում ազատ սենյակ կար, պայմանավորվել ենք, որ այդ սենյակը պետք է օգտագործենք որպես գրադարան: Այնտեղ է տեղակայվելու մեր նորաբաց գրադարանը:

ճիշտ է, Ավստրիական թաղամասի հաշմանդամների համար փոքր-ինչ  խնդիր է հեռավորությունը, բայց ներկա պահին միակ տարբերակը տարածքի հետ կապված՝ սա է: Հուսանք   ապագայում հնարավոր կլինի լուծել այս հարցը և գրադարանը տեղափոխել հենց Ավստրիական թաղամաս, ինչպես  պլանավորել էինք ի սկզբանե:

– Քանի՞  գիրք  ունի  գրադարանը  հիմա:  Ի՞նչ մտքեր  կան  ապագայի  համար:

– Գրադարանում ներկա պահին կա 3000-ից ավել գիրք, որոնք նորաբաց գրադարանի համար նվիրել են տարբեր մարդիկ: Մոտ օրերս արդեն գրքերը  կտեղափոխվեն գրադարանի համար նախատեսված սենյակ և այն  սեպտեմբերից կգործի: Ուզում եմ նշել, որ գրքերի հավաքագրումը դեռ շարունակվում է և մեր գրադարանը համալրվում է նորանոր գրքերով: Պայմանավորվածություն ունենք մարզային գրադարանի հետ և իրենք թե՛ մասնագիտական, թե՛ այլ  գրքերով պատրաստ են օգնել մեզ: Գրադարանը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար՝ առանց տարիքային սահմանապակման: Գրադարանը կամավորական սկզբունքներով աշխատեցնելու ենք ես,  Արսեն Վարդանյանը և, ինչո՞ւ չէ, նաև այն կամավորները, ովքեր կուզենան օգնել մեզ այդ հարցում:

Նախաձեռնության անդամ  Արսեն Վարդանյանն  իր հերթին նշեց. «Այս գրադարանը չի եկել լուծելու աշխարհի կամ մեր քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները, բայց մենք ցանկացել ենք մեր ուժերով (նկատի ունեմ քաղաքի և հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միացել են այս նախաձեռնությանը), առանց որևէ այլ շահադիտական նպատակների՝ ստեղծել մաքուր, ազնիվ, աշխատող, գործունյա միջավայր: Գրադարանը հրաշալի միջավայր կդառնա: Նախատեսում ենք կինոդիտումներ, գրական երեկոներ: Քաղաքի ծայրամասային թաղամասում բնակվող բնակիչների համար ավելի մոտ հնարավորություն կլինի՝ նախկինում մարզային գրադարան հասնելու համար գումար ծախսելու փոխարեն: Ի դեպ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ քաղաքի մյուս գրադարաններին մրցակից չենք լինելու, այլ փոխլրացնելու ենք իրար, պայմանավորվածություններ արդեն կան, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս