«Երկրի նախագահը խոստացավ ու խոստումը չպահեց»
Էջմիածնից մեքենայով շուրջ մեկ ժամ ճանապարհ… և հայտնվում ես սահմանամերձ Վանանդ գյուղում: Գյուղի կենսագրությունն այնքան էլ հարուստ չէ: Հիմնադրվել է 1978-ին, բնակչությունն էլ չի գերազանցում 1100-ը: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է:
Վանանդի գյուղապետ Ջիվան Մանուկյանը հավաստիացնում է, որ գյուղում արտագաղթ չկա, խնդիրներն էլ կամաց-կամաց լուծվում են: Եթե տարիներ առաջ ոռոգման ջուրը լուրջ խնդիր էր, ապա այսօր այդ հարցն արդեն լուծված է: Վերանորոգվել է նաև գյուղի միջնակարգ դպրոցը: Ուսուցիչներն էլ ստիպված չեն անձրևանոցով անցկացնել դասաժամերը: Սրանք լուրջ ձեռքբերումներն են, որոնք գյուղապետ Մանուկյանի ներկայացմամբ` մի քանի տարվա լրջագույն աշխատանքի արդյունք է:
Կենցաղային հարցերը լուծված են, սակայն գյուղացուն մտահոգողը դեպի գյուղ և գյուղամիջյան ճանապարհներն են: Թեպետ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն ավարտվել են, սակայն ընտրություններից առաջ կուսակցություններն ու թեկնածուները ո’չ գյուղ են այցելել, ո’չ էլ առաջարկել ամենատարածված աջակցությունը` ասֆալտ փռել: Մինչդեռ, ի տարբերություն այլ գյուղերի, ասֆալտը Վանանդի համար գրեթե կենսական նշանակության հարց է:
Մի քանի անգամ Վանանդ գյուղ այցելելուց հետո անհնար է չզգալ նոր կոշիկի կարիք: Գյուղի փողոցները փոշոտ են ու քարքարոտ: Մի անզգույշ քայլ ու` կա’մ կհայտնվես գետնին, կա’մ ոտքդ կոլորես: Գյուղի փողոցները երբեք ասֆալտապատ չեն եղել, Վանանդցին էլ հույսը կորցրել է, որ երբևէ կքայլի մաքուր ու ասֆալտապատ փողոցով:
Մի քանի տարի առաջ գյուղապետը գյուղամիջյան ճանապարհներին գրունտային հող է լցրել: Ասում են` դա փրկել է գյուղացիներին աշնան անձրևներին կամ ձյան տեղումներին գոնե չցեխոտվելուց, սակայն դա էլ, մեղմ ասած, հարցի լուծում չէ: Եթե վանանդցիները մի կերպ հարմարվում են այս իրավիճակին, ու իրենց խոսքերով՝ պայուսակում խոզանակ են պահում, որ գյուղից դուրս գալիս հագուստի և կոշիկների վրայի փոշին սրբեն, ապա դեպի Վանանդ գյուղ կենտրոնական ճանապարհի անհարմարություններին դիմակայել այլևս չեն կարողանում:
Սարդարապատի հուշակերտից դեպի Վանանդ գյուղ տանող ճանապարհի 8 կիլոմետր հատվածը քարուքանդ է, քարքարոտ ու դժվար երթևեկելի:
Գյուղապետարանի բյուջեով ճանապարհի վերանորոգումն անհնար է: Համայնքային բյուջեն չի գերազանցում 17 միլիոն դրամը: Այդ գումարը ծախսելու բազմաթիվ տեղեր կան, ասում է գյուղապետն ու հավելում, որ հարցը մինչ այսօր չի լուծվել, որովհետև առկա է առաջնահերթությունների խնդիր:
Այն, ինչը գյուղապետն անվանում է ոչ էական խնդիր, կենսական նշանակության հարց է որակում վանանդցի Գևորգ Մանուկյանը: Վատ ճանապարհների պատճառով երկրորդ մեքենան է փոխում: Առաջին մեքենան այնպես էր վնասվել, որ անգամ հնարավոր չէր նորոգել և վաճառել: Մանուկյանը վստահ է, որ եթե ճանապարհները չվերանորոգվեն, երկրորդն էլ նույն ճակատագրին կարժանանա: Մինչդեռ առանց ավտոմեքենայի՝ գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին չի կարող բերքը հասցնել շուկա, մանավանդ, որ գյուղ մտնող ավտոբուս էլ չկա: Առաջ քաղաք մեկնող գյուղացիները ստիպված էին ոտքով քայլել դեպի Երվանդաշատի կանգառն ու արդեն լցված ավտոբուսում մի կերպ խցկվել ու հասնել մարզկենտրոն: Արդեն մի քանի ամիս է Երվանդաշատ-Արմավիր երթուղային տաքսին չի գործում ու վանանդացին էլ է հայտնվել անելանելի վիճակում:
Վանանդցի հողագործ Աղասի Սմբատյանն ավտոմեքենան վերանորոգելու հետ կապված բազմաթիվ ծախսերի պատճառով մի քանի ամիս առաջ վաճառել է փոխադրամիջոցը: Սմբատյանը հավաստիացնում է` գյուղում միակը չէ, ով նախընտրում է ոտքով գյուղից գյուղ քայլել, քան ամիսը մեկ մեքենան տանել արհեստավորի մոտ ու իր խոսքերով՝ «մի փեշ գումար թողնել այնտեղ»:
Քարուքանդ ուղին, որի մի հատվածը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է, նաև ազգային անվտանգության լուրջ խնդրի պատճառ է դառնում: Վանանդցիները հիշում են, որ մի քանի տարի առաջ համագյուղացի տիկին Շողիկի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապ օգնության մեքենան ուշացումով էր եկել. Պատճառը՝ քարուքանդ ճանապարհն էր: Ու թեպետ տիկնոջ կյանքը հաջողվել էր փրկել, սակայն վանանդցիները հույս չունեն, որ հաջորդ անգամ էլ բախտը նրանց կժպտա: Չեն բացառում, որ ծննադաբերության կամ սրտանոթային լուրջ սրացումների ժամանակ, եթե անգամ շտապ օգնության մեքենան հասնի ճիշտ ժամանակին, ապա 8 կիլոմետր ճանապարհի խորդուբորդությունները հաղթահարելիս հիվանդի վիճակը կտրուկ կվատանա:
Աննման Ավետիսյանը Վանանդ գյուղի «Փոստ» ՓԲԸ ղեկավարն է: Օրական մի քանի անգամ քարուքանդ ճանապարհով երթևեկելն իր համար դարձել է սովորական: Ասում է, երբ նախորդ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է գյուղ` խոստացել է գոնե ճանապարհի այդ հատվածը վերանորոգել, սակայն խոստումն այդպես էլ մնացել է զուտ որպես խոստում: «Անցել է ավելի քան մեկ տարի, բայց ոչ մի բան էլ չի փոխվել: Նախագահը խոստացավ ու խոստումը չպահեց»,- ասում է նա:
Գյուղացիները մտավախություն ունեն, որ գյուղում հրդեհ բռնկվելու պարագայում էլ Վանանդը կհայտնվի անօգնական փոքրիկի դերում: «Էդ ճանապարհներին հրշեջ մեքենան դժվար կարողանա հասնել: 20 րոպեի ճանապարհը արտասահմանյան մեքենաները 40-50 րոպեում են անցնում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էդ մեծ մեքենաները ո՞նց կգան: Մինչև ուշացումով տեղ հասնեն, գյուղը կրակի մեջ կկորի»,- մտավախություն է հայտնում տիկին Զեմֆիրան:
Հարցի վերաբերյալ իրականությունից հեռու տեսակետ ունի Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Աղաջանյանը: Մարզպետարանում ոչ միայն տեղյակ են խնդրին, այլև իրավիճակին գնահատական են տվել. քարուքանդ եղած 8 կիլոմետր ճանապարհը շատ վատն է, սակայն գումար չկա այն նորոգելու համար: