Բաժիններ՝

Պատրիարքի նամակը պատիվ չի բերում պատրիարքին

Այս օրերին համացանցում լայնորեն շրջանառվում և քննարկվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, որը մինչև հասցեատիրոջը հասնելը անհասկանալի պատճառներով նախապես տարածվեց համացանցում: Թերևս արդեն սովորություն է դարձել շատերի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչված նամակագրությունը համացանցի միջոցով դարձնել հանրության սեփականությունը: Դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, մինչդեռ իրականում նման գործելաոճը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին:

Պատրիարք Սրբազանի նամակի հետ կապված կցանկանայինք ներկայացնել մեր անձնական մտածումները` բնավ չհավակնելով արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մեկնաբանությունը, որը, վստահ ենք, շուտով կլինի:

Նախ անհասկանալի է, թե Պատրիարք Սրբազանը ինչու չմասնակցեց հուլիս 30-31-ին տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին, քանի որ Պատրիարքը` իբրև ժողովի համաատենապետ, ստացել էր ժողովին մասնակցելու հրավեր: Նախապես տեղեկացված էր, որ ժողովի ընթացքում քննության էր առնվելու Նորվան Սրբազանի հրաժարականի դիմումը, հետևաբար հրաժարականի առնչությամբ իր դիրքորոշումը Պատրիարքը կարող էր բարձրաձայնել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովում, այլ ոչ թե արհամարհելով ժողովին մասնակցելու հրավերը` մեկնաբաներ ժողովի որոշումը մի քանի օր անց:

Երկրորդ` Ամենապատիվ Պատրիարքն իր նամակում նշում է, որ Նորվան Սրբազանի առաջնորդական շրջանը ավարտվում է նոյեմբեր 1-ին, և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները կարող էին այդ ժամանակ ընդունել Սրբազանի հրաժարականը, մինչդեռ Պատրիարք Սրբազանը չի անդրադառնում, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրաժարականը ընդունել է հենց նոյեմբեր 1-ով, քանի որ Նորվան Սրբազանը իր դիմումում նշել էր այդ թվականը, հետևաբար մինչև նոյեմբեր 1-ը նա պետք է պաշտոնավարի: Այս առումով ևս անհասկանալի է Պատրիարքի դիտողությունը:

Կարդացեք նաև

Երրորդը, որն ամենից շատ մտահոգեց մեզ` իբրև երիտասարդ եկեղեցականի, դա Պատրիարքի նամակի այն հատվածն է, որտեղ նշվում է, թե վախի և սպառնալիքի մեջ անկարելի է եկեղեցականների առողջ սերունդներ  «հասցնել», ինչի պատճատով պետք է տուժեն մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին, որոնք ավելի քան երբևէ մաքրակրոն և իրական եկեղեցականների կարիք ունեն և ոչ թե «գարշապար լիզողներու»:

Այսպես է բնութագրում ամենապատիվ Պատրաիրքը երիտասարդ եկեղեցականներին, և այդ խոսքերը Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի մաս կազմող կարևոր աթոռի հոգևոր հոր խոսքերն են` ուղղված երիտասարդ եկեղեցականներին: Ի՞նչ օրինակ պետք է վերցնեն երիտասարդ եկեղեցականները  Պատրիարքից. մի՞թե այն, որ նա «խիզախություն դրսևորեց» և հրապարակավ քննադատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թե՞ այն, որ նա փոխանակ համապատասխան տեղում ներկայացնելու իր մտահոգությունները, համացանցի միջոցով դրանք ավելի շուտ մատչելի դարձրեց հայ հանրությանը: Իսկապես, շատերը կարող են զարմանալ «Պատրիարքի քաջությունից», սակայն միայն  խորագետները  կմտածեն, որ Պատրիարքի ընտրած ճանապարհը շիտակ չէ և չի բխում Հայ Առաքելական Եկեղեցու շահերից:

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում էլ Հայ Եկեղեցում եղել են խնդիրներ և դրանք հաճախ կապված են եղել նաև նվիրապետական աթոռների հարաբերությունների հետ: Նույնիսկ  պատահել է, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փիլոնազուրկ է արել Պատրիարքին, սակայն երբեք այդ խնդիրները արձագանք չեն գտել հայ հանրության մեջ, որովհետև ժամանակի բարձրաստիճան եկեղեցականները գիտակցել են խնդիրների կարգավորման պատշաճ և եկեղցականին հարիր ճանապարհները, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր է արվում: Մեզ համար` իբրև երիտասարդ եկեղեցականի, Պատրիարքի նման մոտեցումը, առավել ևս նամակում տեղ գտած վիրավորական արտահայտությունները անհասկանալի են:

Պատրիարքն իր նամակում խոսում է նաև «հոգևոր շենքի ամրացման մասին» մինչ- դեռ նրա ընտրած ճանապարհը չի նպաստում հոգևոր շենքի զորացմանը: Նման կերպ խնդիրները չեն հարթվում, այլ ավելի են խորանում: Խնդիրները լուծվում են իրար առջև նստելով, դեմ առ դեմ քննարկելով և ոչ թե նամակի միջոցով հրապարակայնացնելով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքի վերաբերյալ դատողություններ և անհիմնավոր բնորոշումներ անելը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին, առավել ևս այն եկեղեցականին, որ ի մոտո ծանոթ չէ մայրավանքի կյանքին և չի կարող օբյեկտիվ և իրական պատկերացում ունենալ տիրող մթնոլորտի մասին:

Տակավին մինչ օրս, ընտրվելուց և գահակալման արարողությունից հետո, Պատրիարքը չի այցելել Սուրբ Էջմիածին` իր ուխտը նորոգելու Իջման Սուրբ սեղանի առջև, այնինչ պատշաճությունը պահանջում է, որ նորընտիր պատրիարքը` իր հարգանս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ուխտի գա Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն:

Մեր խորին համոզումամբ Պատրիարքի նամակը միայն անձնական փառք է հետապնդում և ոչ թե Հայ Եկեղեցու շահերից է մղված:

Գերագույն Հոգևոր Խորհրդին չմասնակցելը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, ինչպես նաև սեպտեմբեր 21-28-ը Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին չմասնակցելու որոշումը վկայում են, որ Պատրիարքը նախատրամադրված է եղել Մայր Աթոռ չայցելելու, արհամարհելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը և հարմար առիթով հակառակվելու ու քննադատելու նրան:

Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը լավագույն տեղն է, ուր Պատրիարքը կարող է բարձրաձայնել իր մտահոգությունները, որոնք արտահայտել է իր նամակում: Ժողովին չմասնակցելով և խնդիրները չներկայացնելով համապատասխան տեղում` Պատրիարքը փաստում է, որ իր նամակը միայն անձնական փառասիրությունից և իր վրա ուշադրություն հրավիրելուց է մղված:

ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Լուսանկարը՝ 1in.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս