Կենսաթոշակային բարեփոխումներ. Պաշտոնյաներն իրե՞նք են խուսափում մասնակցել
Մի քանի ամսից՝ 2014 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը: 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիներն իրենց ամսական եկամտի 5%-ը պետք է փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամներին (ևս 5% մասնակցություն ունենալու է պետությունը):
2012թ. հարկ վճարողների կողմից ՊԵԿ ներկայացրած հաշվարկային հաշվետվություններով հաշվառված է եղել 541,028 աշխատող: 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ նույն հաշվարկներով հաշվառված է 546,599 աշխատող: Ըստ նույն՝ ՊԵԿ ներկայացրած հաշվետվությունների, 2012թ. միջին աշխատավարձը կազմել է 106,670.3 դրամ, իսկ 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 118,540.6 դրամ: Այսինքն՝ բաականին կարճ ժամանակաշրջանում զգալի գումարներ կկուտակվեն կենսաթոշակային հիմնադրամներում:
Այսօր թերևս ամենակարևոր հարցն է, թե ո՞ւր են գնալու այդ փողերը և ո՞վ է տնօրինելու դրանք՝ մինչև քաղաքացու կեսնաթոշակային տարիքին հասնելը, ինչպես նաև՝ որքանո՞վ է պետությունը պատրաստ պարտադիր կենսաթոշակային համակարգի գործարկմանը:
Դեռ 2011 թվականից արդեն պետք է գործեր բարեփոխումների կամավոր կուտակային բաղադրիչը: Սակայն մինչ օրս միայն 2 անձինք են համարձակվել կամավոր կուտակողներ դառնալ: Թեև այս դժվարին գործն առաջ տանելու համար տրամաբանորեն պետք է պետական բարձրաստիճան այրերը սեփական օրինակով ոգևորեին քաղաքացիներին: Ներկայումս շուկայում գործում է Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված միայն մեկ կառավարիչ՝ «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը մատուցում է կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ծառայություն:
Պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ ներգրավելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են: 168.am-ի հարցմանն ի պատասխան ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ ԿԲ-ն բանակցություններ է վարել մի շարք հեղինակավոր ակտիվների կառավարիչների հետ, որոնք ներկայացրել են հայաստանյան շուկա մուտք գործելու և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառավարման ծառայությունների մատուցելու մտադրությունների մասին նամակներ:
«Բանակցությունների դրական արդյունքներից ելնելով՝ սկսվել է լիցենզավորման և գրանցման նախապատրաստական փուլը, և արդեն նոյեմբերին հանրությանը հայտնի կլինեն գրանցված և լիցենզավորված կառավարիչների անվանումները»,- նշեցին ԿԲ-ից:
Կենսաթոշակային բարեփոխումների մասին բնակչությանն իրազեկելու նպատակով կառավարության 2011թ. որոշմամբ ստեղծվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը: ԿԲ-ն իր հերթին մշակել է «Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրության լուսաբանման և իրազեկման ծրագիր», որով ի թիվս այլ միջոցառումների՝ նախատեսված են նաև տեղեկատվական տեսահոլովակների նկարահանման և հեռարձակման աշխատանքներ: Վերջին շրջանում հեռուստատեսությամբ հեռարձակվող «սատանայի» ու «հրեշտակի» մասնակցությամբ հոլովակները հենց ԿԲ նախաձեռնությունն է: Մեր հարցը, թե որքա՞ն գումար է ծախսվել դրանց պատրաստման և հեռարձակման համար, ԿԲ-ից չպատասխանեցին՝ նշելով, թե «ծախսերն իրականացվել են ֆինանսական շուկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների հոդվածներից»:
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության առաջին աղբյուրը հեռուստատեսությունն է՝ կարծում է հարցվածների 46.7%-ը, 2-րդը՝ համացանցում առկա նյութերը (25.5%), իսկ մարզերում իրազեկմանը նպաստել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որի հետ անցած տարեվերջին ԿՀԻԿ-ը հատուկ ծրագիր է իրականացրել: Չնայած կատարված աշխատանքին, այնուամենայնիվ Հայաստանի բնակչության 15.15%-ը դեռևս տեղյակ չէ, որ 2014 թվականից երկրում նոր կենսաթոշակային համակարգ է գործելու: Սա պարզվել է ԿՀԻԿ-ի կողմից վերջերս անցկացված հարցումների արդյունքում: Մեզ հետ զրույցում ԿՀԻԿ-ի տնօրեն Կորյուն Սարգսյանը նշեց, որ մարդկանց իրազեկվածությունը ցածր է այն առումով, թե ինչպես են իրականացվելու բարեփոխումները, ինչ մեխանիզմներ են կիրառվելու. «Այստեղ բավականին երկարաժամկետ աշխատանքի կարիք կա»:
ԿՀԻԿ-ը բյուջեից ֆինանսավորում չի ստանում: Հիմնադրամն աջակցություն ստացել է հիմնականում ԱՄՆ ՄԶԳ-ի տարբեր ծրագրերից: Առաջիկայում մոտ 400 հազար դոլար սպասվում է Համաշխարհային բանկից՝ քաղաքացիների ֆինասնական գրագիտության բարձրացման նպատակով, որն իր մեջ ներառում է միասնական կենաթոշակային պորտալի հիմնում, թեժ գծի ստեղծում, որը կաշխատի նոյեմբերից, մարզերում աշխատանքների համար շարժական նոր խմբերի ստեղծում և իրազեկող ձայնա և տեսանյութերի համար: Ակնկալվում է, որ որոշ ժամանակ անց թեժ գիծը կվերածվի սոցիալական բնույթի ծառայության:
ԱՄՆ ՄԶԳ կողմից նոր ծրագիր է սկսվել՝ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիր», որը բավականին մեծ բաղադրիչ ունի իրազեկման, ֆինանսատնտեսական զարգացման առումով:
«Եկամտային հարկի ներդրումը կարելի է 100%-ով ավարտված համարել, հիմա շեշտադրումը լինելու է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման մասին իրազեկումը»,- ասաց Կ. Սարգսյանը՝ հավելելով, որ բոլոր մարզերում 1-2 հոգի հեռախոսավարներ կլինեն, որոնք կզանգեն և կիրազեկեն: Ե´վ շրջիկ խմբերը, և´ հեռախոսավարները բոլորին ի վերջո ուղղորդելու են թեժ գծի ծառայություն, որի ծանրաբեռնվածությունn ակնկալվում է 2014 թ. հունվարի 1-ից հետո: Նաև ծանուցում է իրականացվելու փոստով և գործատուների միջոցով: Ուսուցանում է սկսվելու դպրոցների միջին դասարաններից, որպեսզի երեխաները գաղափար և պատկերացում ունենան իրենց ապագայի մասին:
«Շատ մշակույթներ դեռ պետք է ձևավորվեն՝ հարկ վճարելու, կենսաթոշակ կուտակելու և այլն: Դրա համար ժամանակ է պետք, 1, 2, 3 տարվա խնդիր չի»,- նշեց ԿՀԻԿ-ի ղեկավարը: