Գյումրիում իր գործունեությունն է սկսել «Թրեյնինգ ակումբը»
2013 թվականից Գյումրիում իր գործունեությունն է սկսել Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի «Թրեյնինգ ակումբը»: Ծրագրի հիմնական նպատակն է՝ համախմբել երիտասարդներին, ուսանողներին, երիտասարդ առաջնորդներին, թրեյներներին և այն երիտասարդներին, ովքեր ունեն թրեյնինգների մասնակցելու հետաքրքություններ: Ակումբի շրջանակներում սեմինարների և թրեյնինգների հիմնական նպատակն է՝ երիտասարդներին կրթել ոչ ֆորմալ ձևով, ընդլայնել մտահորիզոնը և արդյունավետ կազմակերպել նրանց ժամանցը, հմուտ փորձագետների և թրեյներների միջոցով երիտասարդներին զինել գիտելիքներով, հմտություններով, ինչպես նաև տարբեր կարողություններով:
«Ներկայումս միմիայն ֆորմալ կրթությամբ բավարարվել և համարել, որ երիտասարդը միայն համալսարան ավարտելով դառնում է կրթված անձնավորություն ու քաղաքացի` սխալ է», նշում է «Թրեյնինգ ակումբի» կազմակերպչական խմբի անդամներից մեկը: Ոչ ֆորմալ կրթության կարևորությունն էլ ավելի է մեծանում, երբ խոսքը գնում է Շիրակի մարզի և կոնկրետ Գյումրի քաղաքի մասին: Այստեղ շատ երտասարդներ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շատ դեպքերում հնարավորություն չեն ունենում մասնակցել թրեյնինգներին, որոնք տեղի են ունենում մարզից կամ քաղաքից դուրս: Առավել ևս՝ միջազգային նմանօրինակ ծրագրերին: Ուստի, նման ակումբի պահանջարկը քաղաքում բավական մեծ էր:
Յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 15:00-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում կազմակերպվում է 1,5-2 ժամանոց թրեյնինգ: Ակումբի կազմակերպչական խումբը, նախապես ուսումնասիրելով երիտասարդներին հետաքրքրող թեմաները, ընտրում է ժամանակին համահունչ և արդիական թրեյնինգային թեմաները: Թեմային համապատասխան տեղի է ունենում մասնագետ – թրեյների ընտրություն: Կարևոր է այն փաստը, որ ակումբը գործում է կամավոր սկզբունքով. ոչ կազմակերպչական խումբը, ոչ մասնագետ-թրեյներներն աշխատավարձ չեն ստանում:
Համացանցի միջոցով բոլոր հետաքրքրված անձինք տեղեկանում են առաջիկա թրեյնինգի մասին: Ակումբի հիմնական թիրախային խումբ են հանդիսանում ուսանողները, երիտասարդները, ապագա թրեյներները, այլ երիտասարդ անձինք, ովքեր ունեն հետաքրքրություն` թրեյնինգների վերաբերյալ: «Ակումբի գործունեության հիմնական արդյուքներից կլինի այն, որ համայնքի շատ երիտասարդներ հնարավորություն կունենան կրթվելու ոչ ֆորմալ կրթությամբ. նոր գիտելիքներ ձեռք կբերեն, ինչպես նաև կունենան ժամանցը հետաքրքիր կազմակերպելու հնարավորություն: Տեղական թրեյնինգների մասնակցությունը երիտասարդներին ինքնահաստատվելու և կաշկանդվածությունից ազատվելու մեծ հնարավորություն է ընձեռում , որի արդյունքում նրանք ապագայում, հնարավորության սահմաններում թերևս կկարողանան մասնակցել նաև միջազգային տարբեր թրեյնինգների և ծրագրերի»,-ասաց «Թրեյնինգ ակումբի» կազմակերպչական խմբի համակարգող Էլզա Գինեցյանը:
Գյումրի