Բաժիններ՝

Եվրոպական արժեքներն` ընդդեմ Եվրասիականի. Խայտառակությո՞ւն, թե՞ պատվիրված շահարկումներ

«Սա ինչ խայտառակություն է», «մեզ այլասերում են», «այս ամենը մարդկությանն ապուշացնելու ու շեղելու համար է, վաղ թե ուշ Եվրոպան Հայաստանին նույնպես ստիպելու այս ամենը»… Նմանատիպ զգայացունց արտահայտություններ կարելի է հանդիպել սոցիալական ցանցերում՝ եվրոպական երկրներում սեռական «շեղումների» վերաբերյալ ռուսական «լրագրողների կամ մասնագետների» մեկնաբանությամբ տեսանյութի կամ հոդվածի տակ: Դեղին մամուլին հարիր այդպիսի հոդվածներ և տեսանյութեր սոցցանցերում վերջերս ավելի հաճախ են տարածվում: Դրանցում սահմռկեցնող նկարագրություններ են, թե ինչպես են եվրոպացիները պարտադրում մանկահասակ երեխաներին սովորեցնել սեռական դաստիարակությանն առնչվող այս կամ այն թեման՝ պրակտիկ կամ դրան մոտ գործողություններով հանդերձ, կամ ինչպես է այդ ամենը սպառնում վաղ տարիքում շեղել մարդկանց բնական զարգացումից:

Կան նաև նման մկնաբանություններին հակադարձողներ, որոնք ռուսներին մատնացույց են անում սեփական «աչքի գերանները» ու ապացույցներ բերում, որ ռուսական հոդվածագիրները պարզապես ճիշտ չեն թարգմանել կամ մեկնաբանել եվրոպական մամուլից վերցրած նյութերը:

«Ռուսների կողմից նման հիստերիայի իրավական ոչ մի հիմնավորում չկա: Գերմանիայում և եվրոպական երկրներում շատ վաղուց՝ 60-ականներից դպրոցներում դասավանդում են այդ դասերը: Այն կոչվում է սեռագիտություն, որը կենսաբանության դասի մի հատվածն է և նպատակ ունի հասունացման շրջանի երեխաներին բացատրել հասուն կյանքի նրբությունները: ՍՊԻԴ-ի տարածումից հետո այս հարցն ավելի է խստացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն 5 տարի Գերմանիայում բնակվող, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտորանտ, իրավաբան Գոռ Հովհաննիսյանը:

Gor HovhannisyanԳերմանիայում դպրոցում դասերին հաճախելը պարտադիր է, և դասերից աշակերտների բացակայությունն առաջացնում է դրամական տուգանքի նշանակում ծնողների նկատմամբ: Երբեմն պատահում է, որ որոշ ծնողներ փորձում են ազատել իրենց երեխաներին սեռագիտության դասերից «կրոնական պատճառներով»: Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ այս հարցը նույնիսկ դարձել է դատական քննության առարկա՝ Համբուրգի վարչական դատարանը 2004 թ. մերժել է սեռագիտության դասերից ազատվելու վերաբերյալ 2 մահմեդական աշակերտուհիների դիմումը, քանի որ սեռագիտության դասերից ազատելն աշխարհայացքային պատճառներով, դատավորների կարծիքով, հենց կնշանակի` խրախուսել «ուրիշ տեսակ լինելու զգացողությունը»: 2 տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է գերմանացի 5 բապտիստ ընտանիքների անհատական դիմումները, որով նրանք վիճարկում էին գերմանական պետության կողմից իրենց կրոնի ազատության և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքների խախտումը: Ըստ ՄԻԵԴԻ՝ գերմանական իրավունքը բացառում է տնային կրթությունը և նախատեսում է պարտադիր դպրոցական կրթություն՝ երեխաների ինտեգրումը հասարակության մեջ խրախուսելու համար, նաև սեռագիտության դասը գերմանական դպրոցներում նպատակ ունի չեզոք գիտելիքներ հաղորդել բեղմնավորման, այն կանխելու, հղիության և երեխայի ծնունդի թեմաների վերաբերյալ՝ արդի գիտության տվյալներին համապատասխան:

Կարդացեք նաև

«Սեռագիտությունը գուցե հայերի համար խորթ է հնչում, բայց դա ընդամենը մենթալիտետի հարց է: Գերմանական դպրոցներում ընդամենը գիտելիքներ են հաղորդում և ոչ մի շեղման մասին խոսք չի կարող լինել»,- հավելեց Գ. Հովհաննիսյանը:

Եվրոպայում օրենք է` կրթական ծրագիրը ծնողներին ներկայացնելը, քննարկելը և նրանց հետ հաստատելը: Մինչդեռ Հայաստանում ոչ մի դպրոցում նման պրակտիկա չի կիրառվում:

Ամեն դեպքում, եթե մեր երկրում տասնյակ տարի առաջ ուսուցիչներն աշակերտներին հանձնարարում էին դասագրքերում սեռերի վերաբերյալ թեմաները կարդալ և խուսափում էին բարձրաձայն քննարկումներից, ապա ժամանակի ընթացքում նման թեմաներն ավելի անկաշկանդ են ներկայացվում և, եթե երեխաները հարցեր են ունենում, կարող են դիմել ուսուցիչներին՝ պատասխաններ ստանալու համար: 168.am-ի հետ զրույցում սա փաստեց Կրթության ազգային ինստիտուտի դաստիարակության բաժնի վարիչ Մելանյա Դավթյանը: Նրա խոսքով՝ դպրոցի 8-9-րդ և 10-11-րդ դասարանների համար կա սեռական դաստիարակության ծրագիր և սեռական դաստիարակության դասագրքեր, որոնցով երեխաները սովորում են.

«Սեռական դաստիարակությունը մեր մշակույթի, մեր սովորույթների, մեր ավանդույթների և միաժամանակ ժամանակից հետ չմնալու տարբերակով ներկայացվում է նշված դասարաններում, խոսվում է տղաների ու աղջիկների սեռական հասունացման մասին, ինչպես պաշտպանվել տարբեր տեսակի հիվանդություններից, ինչպես հասկանալ իրենց վիճակը սեռական հասունացման ընթացքում, որովհետև դա ոչ միայն ֆիզիոլգիական, այլև հոգեբանական պրոցես է, ինչպես կազմակերպել հիգիենան, սեռական հարաբերությունների մասին հիվանդությունների, հատկապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ»:

Մ.Դավթյանը նկատեց, որ եվրոպական գրքերը մեզ համար այնքան էլ մատչելի չեն, և մեր ծնողները պատրաստ չեն իրենց երեխաների հետ վաղ տարիքից խոսել այդ թեմաների շուրջ: Վերջերս «Էդիթ պրինտ» հրատարակչության կողմից սեռական դաստիարակության վերաբերյալ իսպաներենից թարգմանված մի գիրք մերժվել է:

Տարօրինակ է, թե ինչո՞ւ է հիմա սոցցանցերում քննարկման դրվում Եվրոպայում սեռական դաստիարակության հարցը,  այն էլ՝ հատուկ շեշտադրություններով: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատականով՝ ինֆորմացիոն պատերազմ է հայտարարված 2 նախագծերի միջև, այսինքն՝ մի կողմից ԵՄ հետ ՀՀ ասոցացման պայմանագրի և նրա կողմնակիցների ու մյուս կողմից՝ եվրասիականության ջատագովների կողմից:

Ruben Mehrabyan«Եվրամիության բացասական կողմերը շեշտված ձևով փորձում են հրամցնել, որպեսզի զանգվածային գիտակցության մեջ բացասական կարծիք ձևավորեն՝ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի հեռանկարի հետ կապված: Բնականաբար, դա բավականին նուրբ թեմա է և այստեղ շատ հեշտ է շահարկումներ անել, կիսասուտը կիսաճշմարտության հետ միախառնելով հրամցնել մարդկանց՝ ակնկալվող ռեակցիան առաջացնելու համար: Բայց պետք է մարդկանց պարզ բացատրել, թե ինչն ինչոց է, և պետք է ուղղակի չտրվել նման սպեկուլիացիաների»,- ասաց Ռ.Մեհրաբյանը:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, ի վերջո, ցանկացած հասարակություն հասարակություն է նրանով, որ հենված է բարոյական արժեքների վրա, հակառակ դեպքում՝ դա հասարակություն չէ, այլ ամբոխ, և չպետք է դա ընկալել որպես անբարոյականության քարոզ: Խոսքը մարդկանց իրավահավասարության մասին է և սեռական փոքրամասնություններն Արևմուտքում, Արևելքում, նաև Հայաստանում, բնակչության 1-2 %-ն են կազմում և ունեն նույնպիսի կյանքի ու անվտանգության իրավունք: Ռ.Մեհրաբյանի խոսքով՝ դա խնդիր է, որ պետք է լուծում ունենա և պետք է ունենա քաղաքակիրթ լուծում, որովհետև հակառակը համակենտրոնացման ճամբարներն են:

Նա շեշտեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցերում կարևորը քաղաքական համակարգի ժողովրդավարական չափանիշներն են, տնտեսության շուկայական ստանդարտները, և կարևոր է՝ սեռական խնդրի շահարկումներ թույլ չտալ, ինչը հասարակության ակտիվ հատվածի գործն է:

«Հայ հասարակությունն ունի բավականին բարձր բարոյական արժեքներ: Չեմ կարծում, որ այստեղ կա այն վտանգը, որ ներկայացնում են որպես վտանգ: Բարոյազրկման առումով առավել վտանգավոր է այն, ինչ կա ՀՀ-ում՝ հանձինս քաղաքականության և բիզնեսի սերտաճման, հանձինս կոռուպցիայի և օիգարխիայի: Այս իրարանցումը վստահաբար գալիս է Մոսկվայի գործընկեր հանդիսացող շրջանակներից, որոնք պարզապես պատվեր են կատարում»,- ասաց Ռ.Մեհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս