Պուտինը կփրկի՞ Հայաստանի իշխանությանը

Ազգային Վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված տվյալները հերթական շոկն են առաջացրել առանց այն էլ ոչ այնքան հանգիստ հանրային, քաղաքացիական շրջանակներում: Պաշտոնական այդ տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը վերադարձածների թվին  գերազանցել է ավելի քան 106 հազարով (մեկնածների և վերադաձածների ընհանուր թվի տարբերությունը՝ նաև ոչ ՀՀ քաղաքացիների հաշվառմամբ, կազմել է ավելի քան 123 հազար մարդ):

Արտագաղթի ահագնացող տեմպերի մասին տևական ժամանակ հնչող մտահոգությունների ֆոնին պաշտոնական վիճակագրության կողմից նման տվյալների հրապարակումը ցույց է տալիս, որ պատկերը իսկապես սարսափելի է: Եթե անգամ վիճակագրական թվերը ըստ իշխանության ցանկության «աճեցնող» կամ նվազեցնող ԱՎԾ-ն է հրապարակում 106 հազար թիվը, ապա կարելի է ենթադրել, որ դրանից ավելի վիճակագիրները չեն կարողացել «սեղմել» իրական ցուցանիշները: Արդյունքում՝ պաշտոնապես հրապարակված արտագաղթի ցուցանիշը կիսամյակային կտրվածքով հատել է անգամ հոգեբանական՝ 100 հազարի շեմը:

Փաստորեն, որքան ավելի շատ են իշխանության ներկայացուցիչները խոսում տնտեսական աճի, Հայաստանում կյանքի որակի բարելավման, «ապահով Հայաստանի» մասին, այնքան ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են լքում հայրենիքը: Սա արդեն ոչ թե միգրացիա է, ինչպես ներկայացնում են նույն իշխանությունները, այլ երկրի համատած դատարկում: Իսկ դա չի կարող չմտահոգել իշխանությանը: Ոչ թե հայրենակիցների հանդեպ սիրուց ու նրանց Հայաստանում տեսնելու անհագուրդ ցանկությունից դրդված, այլ շատ ավելի պրագմատիկ նկատառումներով: Արտագաղթի տեմպի նման աճը, բացի թվային արտահայտությունից տեսանելի ապագայում նաև որակական հետևանքներ է ունենալու, որոնք ուղղակիորեն ազդելու են նաև Հայաստանի տնտեսության, հետևաբար՝ նաև ֆինանսական հոսքերի մեծամասնությունը տնօրինող իշխանությունների գրպանի վրա:

Արտագաղթի «որակի» փոփոխություններից մեկն  այն է, որ  հեռացողների մեծամասնությունը ոչ թե նախկինի նման մեկնում է արտագնա աշխատանքի՝ արտերկրից Հայաստանում մնացած ընտանիքին և հարազատներին օգնություն ուղարկելու համար, այլ մեկնում են ընտանիքներով: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում էականորեն կրճատվելու են արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, որոնք հանդիսանում են Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը:  Այսինքն՝ առաջիկայում զգալիորեն նվազելու է Հայաստան մտնող փողի քանակը, հետևաբար՝ նաև գնողունակ պահանջարկը: Բացի ընհանուր տնտեսական կյանքի վրա ուեցած բացասական հետևանանքներից, դա ուղղակիորեն հարվածելու է Հայաստանի իշխանության հենասյուներից հիմնականը համարվող օլիգարխիկ համակարգին, որոնց ներկայացուցիչների մեծ մասը գերշահույթներ է ստանում ներմուծումներով: Հայաստանում ապրողների, առաջին հերթին արտերկրից գումար ստացողների թվի նվազումը, հետևաբար, նվազեցնելու է նախ և առաջ օլիգարխների եկամուտները, ինչը համակարգային իմաստով կարող է խարխլել նաև իշխանության հիմքերը:

Ի՞նչ կարող է անել այս պայմաններում իշխանությունը, երբ ՀՀ քաղաքացիներին Հայաստանում պահելու որևէ միջոց, փաստորեն, չի օգնում: Իդեալական տարբերակն, իհարկե, կարճ ժամանակում իսկապես արմատական բարեփոխումներ իրականացելն է, կոռուպցիայի, անարդարության վերացումը, ինչը, սակայն, գործնականում անհնար է, քանի որ դա ինքնաբերաբար նշանակում է իշխանության փոփոխություն: Իսկ «հավատանք, որ փոխենք»-ին քաղաքացիները ոչ միայն չեն հավատում, այլ հավատում են, որ միայն «փախնելով» կարող են փոխել իրենց կյանքը: Ստեղծված իրավիճակում  իշխանությունը արտագաղթը կարող է կանխել միայն բռնի մեթոդներով, ինչում որքան էլ տարօրինակ, նույնքան օրինաչափ է՝ կարող է օգնել Ռուսաստանը, որը աշխարհաքաղաքական հայտնի նկատառումներով ներկայումս ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ: Այդ ճնշումներից ամենաէականը կարող է լինել Ռուսաստանում աշխատող հայ ներգաղթյալների արտաքսումը Հայաստան, ինչի մասին ժամանակին ակնարկել էր Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, Ռուսաստանում արդեն իսկ սկսել է այդ գործընթացը: Մի քանի օր առաջ Մոսկվայում ձերբակալվել են մոտ 1000 ներգաղթյալներ, որոնց շարքում մեծ թիվ են կազմում հայերը: Եթե այդ գործընթացը շարունակական դառնա, Ռուսաստանում աշխատող հայերի գոնե մի մասը ստիպված կլինի գոնե ժամանակավորապես վերադառնալ Հայաստան՝ մինչև արտագաղթելու ավելի անվտանգ ուղղություն գտնելը: Ռուսաստանում ապրող բոլոր հայերին, բնականաբար, արտաքսել չեն կարող, քանի որ հայկական սփյուռքի ներկայացուցիչների մի մասը կարողացել է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում մնացածները կշարունակեն  տրանսֆերտներ ուղարկել Հայաստան արտաքսված իրենց հարազատներին: Արդյունքում մեր իշխանությունների համար միանգամից երկու խնդիր կլուծվի՝ և՛ արտագաղթի ցուցանիշները «կբարելավվեն», և՛ տրանսֆերտները կշարունակեն հոսել Հայաստան՝ ապահովելով գերշահութաբեր ներմուծումների գնողունակ պահանջարկը: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ առաջիկայում ներքին կարգով մեր իշխանությունները Պուտինին ներգաղթյալ հայերին տուն ուղարկելու «խնդրագիր» ուղարկեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ավելի ճիշտ՝ տրանսֆերտներով:

Տեսանյութեր

Լրահոս