Ինչպե՞ս են ոչ հայազգի «օրենքով գողերը» ձեռք բերել ՀՀ անձնագիր. ԱԱԾ-ն տեղյակ չէ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին ռուսական տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, որոնք ազգությամբ վրացի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ: Արդեն նման երեք դեպք է արձանագրվել: Նրանցից մեկը 44-ամյա վրացի օրենքով գող Դավիդ Կուրասբեդիանին է, ով ավելի հայտնի է Չուտո Խոնսկիյ կեղծանունով եւ ով ռուս ոստիկաններին, ովքեր ցանկացել են պարզել Կուրաբեդիանիի ինքնությունը, ներկայացրել է հայկական անձնագիր` Վահան Գրիգորյան անունով, սակայն իր լուսանկարով: Հաջորդը ՀՀ անձնագրով «օրենքով գողը» Զուրաբ Ենդելաձեն է, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Զուրաբ Քութաիսցի:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հիշյալ անձինք ձեռք բերել ՀՀ անձնագիր:
Այս նյութերի հրապարակումներից հետո ՀՀ ուժային կառույցները ի՞նչ աշխատանք են տարել պարզելու համար, թե ինչպես է քրեական աշխարհի ներկայացուցիչներին հաջողվում ներկայանալ որպես հայ:
Այս հարցը պարզելու համար ԳԱԼԱ-ն դիմել է նախ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ այս հարցը ԱԱԾ-ի զբաղվելիք հարցը չէ: ՀՀ ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը ասել է.
«Դուք զանգահարեք եւ ոստիկանությունից ճշտեք, իրենք կպատասխանեն, դա մեր տիրույթում չէ, քանի որ անձնագրերը տալիս է ոստիկանությունը»:
ԳԱԼԱ-ի թղթակցի այն դիտարկմանը, թե այնուամենայնիվ հարցը ԱԱԾ տեսանկյունից վտանգավո՞ր չէ, Ա. Բաղրամյանը ասել է. «Ես չեմ կարող ոչ մի բան ասել, դա ոստիկանությունը կպատասխանի ձեզ: Ես չեմ մեկնաբանում, քանի որ ես տեղյակ չեմ նման բաներից, չեմ էլ լսել»:
Առաջարկին, որ հոդվածները կարող ենք ուղարկել, Ա. Բաղրամյանը արձագանքեց. «Ոչ, ոչ, պետք չէ»: Իսկ վերջում հորդորեց գրավոր դիմել ԱԱԾ-ին:
Նույն հարցերով ԳԱԼԱ-ն դիմեց նաեւ ՀՀ արտգործնախարարությանը, որտեղից պատասխանեցին, որ իրենք կզբաղվեն հարցով, եթե Ռուսաստանի իշխանությունների կողմից հարցում կատարվի: Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց.
«Պետք է նման ահազանգ լինի պաշտոնական, այսինքն` պետք է համապատասխան հարցում ուղարկեն Ռուսաստանի իշխանությունները, որ մենք ինֆորմացիան փորձենք ճշտել՝ համապատասխանում է արդյո՞ք իրականությանը, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ ամեն դեպքում ինձ հայտնի չէ, որ նման ահազանգ լինի Ռուսաստանի իշխանություններից»:
Մեր այն դիտարկմանը, թե ռուսական լրատվամիջոցները գրել են այս մասին` հղում անելով ռուսական իշխանական տարբեր աղբյուրների, Տ. Բալայանն ասաց, որ դա նշանակություն չունի, ամեն դեպքում հարցում պիտի լինի այն մասին, որ մարդ են ձերբակալել, որն ունի հայկական անձնագիր. «Մեզ պիտի հարցում անեն՝ այս-այս մարդիկ հայկական անձնագրերով արդյոք ձեր քաղաքացիներն են, թե՞ ոչ: Որքան որ ես եմ տեղյակ` նշված հարցի վերաբերյալ պաշտոնական հարցում չկա եւ եթե օրենսդրությամբ նայենք, եթե մեր քաղաքացուն ձերբակալում են, իշխանությունները տեղյակ են պահում»:
Կարդացեք այստեղ.