Գագիկ Բեգլարյանի «խաղերը» կամ գլոբալիզացիան թելադրում է իրենը (տեսանյութ)
Մոտ կես տարի առաջ հանրությանը հանդիսավորությամբ ներկայացվեցին «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերը: Այդ ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մեծ ոգևորությամբ հայտարարեց, թե 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացման համար նախարարության և ԱՄԷ-ում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել են 30 տարվա կոնցեսիոն պայմանագրեր, «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը կիրականացնի ծրագրերի ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը:
«Կարևորագույն այս երկու ծրագրերի իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, և դրանց իրագործումը երկրի ռազմավարական խոշորագույն հեռանկարներից է»,- ասել էր Գ.Բեգլարյանը:
Փաստորեն, Հյուսիս-Հարավ երկաթգծի, կարելի է ասել, մեկնարկի հաջողությունը գրանցվեց Գագիկ Բեգլարյանի անվան դիմաց: Նման խոշոր նախագծեր, որ իրապես կարող են նպաստել երկրի զարգացմանը, ամեն օր չէ, որ հնարավոր է ծրագրել ու սկսել: Ու եթե նախապատրաստական աշխատանքները բարեհաջող ավարտվեն, ու սկսվի շինարարության փուլը, Բեգլարյանն իսկապես «գլուխ գովելու» տեղ կունենա ու ամեն ինչ կներկայացնի իր «փառքի լույսի ներքո»:
Սակայն խնդիրն այն է, որ Գ.Բեգլարյանը չի բացում բոլոր խաղաքարտերը ու չի բարձրաձայնում կամ խուսափում է խոսել այն մասին, որ այս ծրագիրը պարզապես դատապարտված է իրագործման ու բոլորովին էլ կապ չունի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի հետ: Այն մտահղացվել է աշխարհի, այսպես ասած, գլոբալ ղեկավարների կողմից և կոչվում է «Մետաքսե երկաթգիծ» կամ «Մետաքսե երկաթե ճանապարհ», որով Լոնդոնը և Պեկինը կապվելու են ճեպընթաց երկաթուղիներով (մանրամասները՝ տեսանյութում):
Երկաթուղին Ասիայում և Եվրոպայում 40 երկրներ կկապի իրար: Գնացքները կկարողանան զարգացնել 350 կմ/ժ արագություն, Պեկինից՝ Լոնդոն 15 օրվա ճանապարհը կկրճատվի մինչև 2 օր: Զուր չէ, որ Հայաստանում երկաթուղու շինարարության նպատակով «Ռասիա ՖԶԷ»-ն համագործակցելու է միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ:
Նախագծի մեկնարկն արդեն վաղուց տրվել է Չինաստանում, որը սկսել է իր երկրի տարածքում երկաթգծերի կառուցումը: Երկաթուղին անցնելու է նախկին Մետաքսի ճանապարհով՝ ներառելով նաև Երևանը: Նախատեսվում է, որ Չինաստանը 10 տարում կավարտի իր հատվածը, զուգահեռ՝ կիրականացվեն նաև մյուս հատվածները: Նախագծի ընդհանուր նախնական արժեքը մոտ 15 մլրդ դոլար է, ընդ որում, մի քանի գիծ է կառուցվելու, այդ թվում և՝ Ռուսաստանի տարածքով:
Այնպես որ՝ գրեթե բոլոր գերտերությունները հետաքրքրված են այս նախագծով:
Այն, որ Հյուսիս-Հարավ երկաթգծի նախագծի շուրջ շահագրգռվածությունը հատում է մեր երկրի սահմանները, 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: Մեր հարցին՝ Հյուսիս-Հարավ երկաթուղին «Մետաքսե երկաթգիծ» նախագծի հետ առնչություն ունի՞, փոխնախարարը պատասխանեց՝ «Ամբողջ միջանցքը առանձին հատվածներ են, սա մի մասն է: Այսինքն՝ նպատակը նաև դա է»:
Ներկայում ընթանում է տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների և հիմնավորումների մշակման փուլը, որի համար 18 ամիս է նախատեսված: 6 ամիսն արդեն անցել է: Հ. Բեգլարյանը նշեց, որ միջանկյալ հաշվետվություն է ներկայացվել, նախնական արդյունքներ դեռ չկան: Մասնագետները պետք է գնահատեն նախագծի տնտեսական արդյունավետությունը:
Հարցին՝ եթե գնահատման արդյունքում պարզվի, որ նախագիծը տնտեսապես այնքան էլ արդյունավետ չի, հնարավո՞ր է, որ երկաթգիծը չկառուցվի, Հ. Բեգլարյանը պատասխանց. «Եկեք չշտապենք: Դա կոչվում է՝ իրագործելիության ուսումնասիրություն, այսինքն՝ ուսումնասիրությունը ցույց կտա՝ իրագործելի՞ է այդ ծրագիրը, թե՞ ոչ»:
Նկատենք, որ «Մետաքսե երկաթգծի» իրագործման համար հարաբերական խոչընդոտներից մեկը Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանն է: Հարաբերական, որովհետև հանուն ընդհանուր շահի, երբ ժամանակը գա, այդ հարցը շատ հեշտությամբ կլուծվի: Պատկերավոր ասած՝ գլոբալիզացիան կբացի բոլոր փակ դռները: