Ովքե՞ր «կտիրանան» Հայաստանի օդին. պատասխանը կիմանանք սեպտեմբերին
Հայաստանի օդուղիների շահագործման թույլտվությունների տրամադրման մրցույթը կանցկացվի այս տարի սեպտեմբերին: Այս մասին 168.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Ըստ նրա՝ այժմ աշխատում են ամերիկյան McKinsey & Company ընկերության փորձագետների հետ, որոնք պետք է աջակցեն «մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակմանը»: Դրա վերաբերյալ հուլիսի 18-ին համաձայնագիր էր ստորագրվել կառավարությունում՝ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև:
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խորհրդատվական խմբերին այդքան էլ չի վստահում, քանի որ դրանք գալիս են, իրենց փողը վերցում ու գնում են: Նա հիշեցրեց խորհրդային տարիներին մի հայտնի անեկդոտ. Բարձրահարկ շենքում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում վերելակի մոտ ամեն առավոտ և երեկո հերթեր են գոյանում, ու մարդիկ միշտ ուշանում են աշխատանքից: ԳՀԻ ղեկավարությունը հրավիրում է խորհրդատուների, թե ինչ ալգորիթմ կիրառվի, որ մարդիկ չուշանան աշխատանքից, ամիսներ շարունակ բարձր վարձատրություն ստանալուց հետո խուրհուրդը լինում է՝ ևս 2 վերելակ ավելացնել:
«Ի՞նչ իմաստ ունի միլիարդ դրամներ ծախսել, խորհրդատվական ընկերություն հրավիրել, երբ փոխարենը՝ կարելի էր մի հոգի միջազգային մարքետինգի լավ մասնագետ վերցնել աշխատանքի: Ատկատները շատ պոպուլյար են դարձել մեր երկրում»,- նկատեց Շ.Պետրոսյանը: