Հայկ Ալումյան. Մենք դեռ շատ բաներ կանենք, այնպես չէ, որ անպաշտպան, խեղճացած նստել ենք

Հուլիսի 9-ին գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ իր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու վերաբերյալ: Փաստաբանը միջնորդության մեջ հղում է արել վերջերս ստացված փորձաքննությունների եզրակացությունների վրա, որոնք, ըստ նրա, «ակնհայտորեն վկայում են այդ հանցակազմի բացակայության մասին»:

Հայկ Ալումյանը երեկ հրավիրված ասուլիսում ասաց, որ գործի հետ կապված պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միակողմանի են՝ հօգուտ Խաչատրյանների, ընդդեմ Բուդաղյանների: Նա ընդգծեց, որ եթե քննություն իրականացնող մարմինները կողմերից մեկին օգնելու նպատակ ունեն, ապա դա անում են երկու ճանապարհով. կա՛մ կողմի արարքներն արհեստականորեն ավելի թեթև են ցույց տալիս, կա՛մ արհեստականորեն ծանրացնում են մյուս կողմի մեղքը: Փաստաբան Հ. Ալումյանի խոսքով՝ տվյալ դեպքում նախաքննությունն ընթանում է երկրորդ ճանապարհով:

Հարցին՝ որքանո՞վ է հավաստի Զինդատախազության կողմից հրապարակված զենքերի ցանկը, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ վերջինս հրապարակել է ոչ թե Ս. Խաչատրյանի տանից հայտնաբերված զենքերի քանակը, այլ Ս. Խաչատրյանի կողմից հանձնված զենքերի ցանկը: Նրա խոսքով՝ եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, այդ ցանկը կարող էր շատ ավելի մեծ լինել:

Հայկ Ալումյանը երեկ վստահեցրեց նաև, որ Գորիսում վենդետա չի լինի: «Իմ կողմն ապավինում է բացարձակ օրենքին: Իմ կողմը չի խոսում վենդետայի մասին: Իմ կողմը հեռու է այն մտքից, որ գործը կարող է լուծվել այլ կերպ, քան օրինական ճանապարհով: Հետևապես` իմ կողմը բացարձակապես ապավինում է պետության, բացարձակապես պետական մարմինների անաչառության վրա: Իմ կողմը համոզմունք ունի, որ հնարավոր է այս պետությունում, այս իրավական համակարգի պայմաններում հասնել արդարության»,- ասաց Հ. Ալումյանը: «168 Ժամի» հետ զրույցում փաստաբան Հ. Ալումյանը խոսեց գործի քննության ընթացքի, ինչպես նաև` զինադատախազի հայտարարությունների մասին:

Կարդացեք նաև

– Պարո՛ն Ալումյան, վերջերս Բուդաղյան եղբայրների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գործի հետ կապված բազմաթիվ հայտարարություններ արեց: Նշեց, որ Սուրեն Խաչատրյանը դեպքի պահին քնած չի եղել, ավելին՝ կրակել է, հայտարարեց նաև, որ մինչ կրակոցներն Ավետիք Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ ծեծի են ենթարկել: Էմիլ Բուդաղյանը գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է և պատմե՞լ է իրեն հայտնի ինֆորմացիան:

– Ինքը հարցաքննվել է, բայց ինձ թվում է՝ ինքը կհարցաքննվի շատ ավելի մանրամասն: Ինքն, իհարկե, դեպքի ականատեսը չի եղել, բայց ինքն այլ անձանցից լսած, այլ անձանցից իրեն հասած տեղեկատվության է տիրապետում, որը քրեական դատավարությունում նույնպես ապացույց է, եթե ինքը կարողանում է մատնանշել այն աղբյուրը, որտեղից այդ տեղեկատվությունն ինքը ստացել է: Դրա համար այնպես չէ, որ իր տեղեկատվությունը բացարձակ գործի հետ կապ չունի կամ գործի համար նշանակություն չունի: Շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ ինքն իր համար այն սթրեսային, սարսափելի պահերին չի կարողացել ամբողջ ծավալով ներկայացնել կամ չի կարևորել այն աստիճանի, որ ներկայացնի: Հիմա ինքն ավելի մանրամասն պատրաստ կլինի ներկայացնել:

– Իր հարցազրույցներից մեկում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալության տեսակետից ոչ կոռեկտ էր գնահատել Ձեր՝ լրատվամիջոցներով տարբեր գնահատականներ հնչեցնելու գործելաոճը և նշել էր, որ Դուք կարող էիք Ձեր առարկությունները ներկայացնել օրենքով սահմանված կարգով…

– Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր բան են անում, ինչ հետաքրքիր աճպարարություն, ֆոկուս: Նախ` օրենքը մեզ՝ փաստաբաններիս, թույլ չի տալիս ամբողջ տեղեկատվությունն ունենալ այս փուլում: Եթե չափենք, ամբողջ տեղեկատվության, որն այսօր քննիչներն են տիրապետում, երևի 5 տոկոսն է այս պահին օրենքը մեզ թույլ տալիս ունենալ: Դրանից հետո մեզ վրա մի ուրիշ սանձող օղակ կա օրենքի մեջ՝ այն, ինչ գիտենք, չենք կարողանում հրապարակել, որովհետև նախաքննական գաղտնիք է:

Իրենք աջ ու ձախ անում են հրապարակումներ, աջ ու ձախ տեսակետներ են հայտնում, ընդ որում, հետո իրենց տեսակետները հետզհետե հերքվում են: Հենց որ մենք գտնում ենք իրենց տեսակետը հերքող մի բան, ասում ենք՝ տեսե՛ք, օրինակ` Սուրիկ Խաչատրյանի տան վրա հարձակում չի եղել, ասում է՝ դու նախաքննական գաղտնիք ես հրապարակում: Բա ի՞նչ անենք: Բա թողնենք, իրենք ինչպես ուզեն` այնպես մեկնաբանե՞ն, ինչ ուզեն` խոսե՞ն, որտեղ ուզեն` խոսե՞ն, ընդ որում, լիազորություն չունենալով: Հո Դատախազության մամուլի ծառայությո՞ւնը չէ: Իսկ մենք լռենք, ասենք՝ նախաքննական գաղտնիք է, այնպիսի բան չասենք, որ հետո ասեն՝ ապացուցի՛ր:

Երբ ինքն ինձ ասում է՝ ապացուցի՛ր, ես պիտի նախաքննական գաղտնիք, չէ՞, հրապարակեմ, որ ապացուցեմ: Ինքը պատրա՞ստ է, որ ես այդ գաղտնիքը հրապարակեմ: Եթե ինքն ասի՝ այո, ես վաղը չէ մյուս օրը ճարեմ այդ չմոնտաժված նյութը ու հրապարակեմ, որտեղ ցույց տամ ամեն ինչ: Բայց ինքն ասում է՝ նախաքննական գաղտնիք մի՛ հրապարակիր, բայց ապացուցի՛ր, որ դու ճիշտ ես: Այսպիսի ֆոկուսներ են անում: Իհարկե, մենք իրավական ճանապարհ էլ ենք ընտրել: Ես արդեն ասացի՝ ինչեր ենք մենք արել ու դեռ շատ բաներ կանենք: Այնպես չէ, որ մենք անպաշտպան, խեղճացած նստել ենք:

– Պարո՛ն Ալումյան, երբ Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու միջորդության լուծումը քննիչի որոշմամբ հետաձգվեց, Դուք գլխավոր դատախազին բողոք ներկայացրիք քննիչի դեմ՝ խնդրելով վերացնել քննիչ Ա. Ղազարյանի չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ նրան` Արտակ Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում: Դատախազությունը բողոքը թողել էր առանց քննության, քանի որ, ըստ Զինդատախազության, Դուք որոշումը պետք է բողոքարկեիք դատարան:

– Ես մի բանում եմ սխալվել, որ հույս ունեմ, որ զինդատախազը կարող է ինչ-որ մի օբյեկտիվ որոշում կայացնել: Ես էլի հույս հայտնեցի, որ կարող է, էլի հերթական անգամ սխալվեցի, միայն այդտեղ եմ սխալվել: Ես ճիշտ ուղղությամբ եմ ուղարկել, որովհետև տուժող ճանաչելու միջնորդության մասին մերժումն է դատարան բողոքարկվում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մերժումն է բողոքարկվում դատարան: Այնտեղ գրված չէ, որ հետաձգումն է բողոքարկվում դատարան: Այնպես որ, ես ճիշտ հասցեով եմ բողոքարկել: Ուրիշ բան, որ հասցեատերը չի ուզում իր պարտականություններն առայժմ կատարել:

– Դուք նաև ասել էիք, որ դեպքի օրն «իրեն փայլուն չի դրսևորել նաև Գորիսի ոստիկանությունը», քանի որ այն բավական ուշացումով է հասել դեպքի վայր: Արդյո՞ք կարծում եք, որ հենց սկզբից եղել է որոշակի տարբերակ, որը հիմա փորձում են ապացուցել:

– Ոչ, դժվար է պատկերացնել, որ իրենք ակնթարթորեն ինչ-որ տարբերակներ մշակեցին: Եթե իրենք ակնթարթորեն այդպես լավ տարբերակներ մշակողներ լինեին, կթողնեին իրենց գործը, կդառնային փաստաբան: Ես ենթադրում եմ, որ մտածել են` մարզպետի տան մոտ կրակոցներ են եղել, ի՞նչ գործ ունենք` գնանք: Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է եղել, նոր գնանք: Մոտավորապես այս մոտեցումն է: Ի՞նչ գործ ունենք՝ չգիտենք՝ ի՞նքն է կրակում, ո՞ւմ վրա է կրակում, գնանք մի հատ էլ մեզ վրա կրակի՝ օրինակ: Ես ուրիշ կերպ չեմ կարող հասկանալ չգալը: Ես միայն այսպես եմ պատկերացնում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս