Բաժիններ՝

Արիությունը՝ կնոջ կերպարով

Երբ ասում են՝ պատերազմը կնոջ գործը չէ, տիկին Քնքուշը վիրավորվում է: «Ռազմի դաշտում բոլորը հավասար են՝ անկախ նրանից` կի՞ն ես, թե՞ տղամարդ: Եթե հայրենիքդ վտանգի մեջ է, բոլորը պետք է գնան կռվի դաշտ»,- հերոս դստեր՝ Ռուզաննա Եսայանի խոսքն է փոխանցում ու ավելացնում, որ Ռուզաննայի սխրագործությունների մասին շատերն են գրել: Իր դուստրը շատերի կյանքն է փրկել. Ռուզաննայի սխրագործությունների մասին տեղյակ են եղել ադրբեջանցիներն ու նրա գլխի համար 3 միլիոն գլխագին սահմանել: Ռուզաննան 24 տարեկան էր, երբ նրա սիրտը դադարեց բաբախել…

80-ականների վերջին Ռուզաննան մեկնեց Ռուսաստան` բժշկական կրթությունը Լենինգրադում շարունակելու:  «1988-ին ոգևորված վերադարձավ Հայաստան, մասնակցում էր բոլոր հանրահավաքներին, երթերին: «Վախենում էի, մեջս անհանգստություն կար, բայց թաքուն  հպարտանում էի նրանով»,- 168.am-ի հետ զրույցում հիշում է մայրը:

Պատերազմի տարիներին Ռուզաննան աշխատում էր հիվանդանոցում: Առաջին անգամ Ղարաբաղ գնաց ծնողներից թաքուն: Զենք-զինամթերք էին տանում, վիրավոր տղաներին, զոհվածներին բերում Երևան: Պատերազմի դաշտում Ռուզաննան դարձել էր անփոխարինելի:

Վրանում բուժկետ էր սարքել, կարգուկանոն հաստատել: Տղաների հետ խիստ էր, զինվորները հարգում էին այդ խստությունը, վիրավորների հետ ջերմ էր ու հոգատար: Մարտական ընկերները պատմում էին, որ պատերազմի ժամանակ Ռուզաննան վերափոխվում էր, ուժ էր ստանում, անվախ առաջ էր գնում՝ իր հետևից տանելով ջոկատը: 1992թ. դեկտեմբերի ամենաթեժ մարտերն էին, հայկական կողմը կորուստներ էր տալիս: Ուղտաձոր գյուղի մոտ պաշտպանական կռիվների ժամանակ հայկական կողմի յոթ զինվորներ վիրավորվեցին: Անհրաժեշտ էր նրանց հասցնել հիվանդանոց, սակայն Ուղտաձորը Հադրութին միացնող միակ ճանապարհը թշնամու կրակի տակ էր: Շտապօգնության մեքենայի վարորդն առաջարկում է առավոտյան գնալ, բայց Ռուզաննան առարկում է. մինչև առավոտ չեն դիմանա: «Մահվան ճանապարհ» անունը վաստակած այդ արահետին թշնամու արկից պայթեց նաև շտապօգնության մեքենան:

Ռուզաննայի սենյակն այսօր վերածվել է փոքրիկ թանգարանի: Լուսանկարներ, գեղանկարներ, Ռուզաննայի անդավաճան ընկերը` զենքը… Մեդալներն ու պատվոգրերը շատ են` Երկրորդ աստիճանի մարտական խաչ, «Արիության» մեդալ, 1992-94թթ. մարտական գործողությունների մասնակցության կրծքանշան ու էլի բազմաթիվ մեդալներ, որոնք տիկին Քնքուշը պահում է մեծագույն խնամքով:

Ռուզաննայի սխրագործությունները չմոռացան նաև  հայրենի քաղաքում` Էջմիածնում: 1997թ. փողոցը, ուր ապրում էր նա, անվանափոխվեց Ռուզան Եսայանի անունով:

Նրան հիշում են նաև հարազատ դպրոցում: Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցում յուրաքանչյուր տարի նոյեմբերի 17-ին կազմակերպվում է հիշատակի օր: «Ռուզան Եսայան» անունն է կրում նաև դպրոցի երիտասարդական միությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս