Դելֆինիում արևելյանի հակաուռուցքային և այլ բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Առաջին հայացքից աչքի չընկնող այս բույսն ունի զարմանալի բուժիչ հատկություններ և քիմիական բաղադրություն։ Եթե ձեր հայացքը թեկուզ մեկ անգամ կանգ առնի բույսի ծաղկի վրա, ապա հնարավոր է, որ դուք չորացնեք և պահեք այն։ Դելֆինիում արևելյանը կամ նույն ինքը` դաշտայինը, «քոչվոր» բույս է։ 2013թ. նրա ճանապարհն անցավ նաև Երևանի և մոտակա շրջանների վրայով։
Բույսը հայերենում անվանում են նաև ոջլախոտ և ամրուկ։
Անտիկ ժամանակներում Տեոֆրասը և Պլինուսը բույսից ստացել են ոջիլը և անիծը ոչնչացնող պատրաստուկներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նույն նպատակով օգտագործել են դելֆինիում դաշտայինի սերմը։
Հնագույն ժամանակներից նկատել են, որ բույսի թարմ խոտը կամ չորացրած խոտի խաշուկն օգտակար է կոտրվածքների ապաքինման և ոսկորների ցավի դեպքում։
Հայերեն «ոջլախոտ» և «ամրուկ» անվանումները կապված են դելֆինիում դաշտայինի հնագույն բժշկական կիրառման հետ։
Բույսի գիտական անվանումը կապված է ծաղկի կառուցվածքի հետ (Delphinium consolida)։ Հինգ ծաղկաթերթերից մեկն ավելի երկար է, և նոր բացվող կոկոնը նման է դելֆինի գլխի։ Հին Հունաստանում բույսն անվանել են «դելֆինիոն»։
Դելֆինիումների ցեղը պատկանում է գորտնուկազգիների ընտանիքին և ընդգրկում է մոտ 350 տեսակներ։ Կան նաև բազմաթիվ մշակովի հիբրիդներ։ ՀՀ բնության մեջ հանդիպում են 14 տեսակներ։ Դաշտայինը միամյա ձմեռող բույս է։ Արմատն ուղղաձիգ խորացող է։ Ցողունի վրա հերթադիր և անկանոն դասավորված մատնաձև գծային տերևների ծոցերից աճում են երկրորդային, ապա` երրորդային ճյուղերը։ Ծաղկաբույլը երկար հուրանաձև ողկույզ է։
Ծաղկակոթունները ջահանման են, ծաղիկները` վառ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին։ Տերևապտուղը հասունանում է հացաբույսերի հետ։ Բազմանում է բացառապես սերմերով, որոնք ծլում են և՛ աշնանը, և՛ գարնանը։
Դելֆինիումները մեղրատու բույսեր են, նկատվել են մեղուների թունավորման դեպքեր` որոշ տեսակների ծաղկափոշուց, իսկ մեղրն ունի հարբեցնող հատկություն։ Նման մեղրով մեր նախնիները երբեմն կասեցրել են թշնամու առաջխաղացումը։ Ք.ա. 5-րդ դարի պատմիչ Քսենոֆոնը գրել է. «Հայաստանով անցնելիս տեսանք բազմաթիվ փեթակներ։ Այն զինվորները, ովքեր կերան այդ մեղրից, բոլորը խելակորույս եղան, իսկ շատ ուտողները ոտքի կանգնեցին 3-4 օրից»։
Դելֆինիումների բոլոր տեսակները պարունակում են թունավոր նյութեր, որոնք սկսել են ուսումնասիրել 1819թ.։ Հայտնաբերվել են մոտ 3 տասնյակ ալկալոիդներ։
18-րդ դարի սկզբում եվրոպացի ճանապարհորդները նկատել են, որ հարավամերիկյան հնդիկներն իրենց աշտե զենքին ինչ-որ մահաբեր նյութ են քսում։ Դա կուրարե կոչվող նյութն էր։
Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։
Խոտաբույսի մեջ, սերմերում և արմատներում հայտնաբերվել են թվով 7 ալկալոիդներ (4-ը` սերմում), որոնք ունեն կուրարեանման ազդեցություն. Շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում ընդհատում են դեպի մկանները գնացող նյարդային ազդանշանները, ինչի հետևանքով առաջանում է շնչուղիների կաթված և շնչահեղձում։
Ամրուկի ալկալոիդներից պատրաստում են դեղամիջոցներ։ «Էլատին» և «Մելիկտին» դեղահաբերը, «Կոնդելֆին» դեղափոշին և հաբերը, «Դելսիմին» դեղապատիճների ձևով, որոնք նշանակում են շարժողական ֆունկցիաների խանգարում առաջացնող ջղաբանական բնույթի` հատկապես Պարկինսոնի հիվանդություն, տրավմայի հետևանքով առաջացած ցավերի և այլ դեպքերում։
Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսից ստացված պատրաստուկները լյարդի մեծացման, դեղնախտի, աղեստամոքսային համակարգի և միզուղիների հիվանդությունների դեպքում։
Ըստ որոշ` վերջին շրջանի հաղորդագրությունների, բույսի չորացրած խոտի եփուկը կիրառում են լյարդի և երիկամների ուռուցքի համալիր բուժման ընթացքում։
- 1ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, տարան դրեք եռացող ջրային բաղնիքի վրա, 15 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։
Եփուկը կարելի է խմել կանխարգելիչ նպատակով.
- Խմեք 2 շաբաթ, կրկնեք մեկ շաբաթից։
Բուժիչ նպատակներով հավաքում են ցողունի վերին ճյուղերը` ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող տարածքում 2-4 օր։ Սերմը մթերելու համար ճյուղերը կախում են ծածկի տակ, չորանալուց հետո կալսում են, հանում սերմը, մաղում և կրկին չորացնում սերմերը։ Հումքը պահում են չոր, մութ տեղում։ Այն անհոտ է, պարունակում է 2-4 տոկոս ալկալոիդներ։
Բույսի ցողունը և ճյուղերն ունեն միզամուղ հատկություն, ծաղիկները` հակաբորբոքային և խորխաբեր, սերմը` միջատասպան։
Առավել շատ թունավոր նյութեր են պարունակվում սերմերում և արմատում։
Բույսի տրորած կանաչ զանգվածից ստացված հյութը բուժում է վերքերը, չոր խոտի փոշին կանխում է արտաքին արյունահոսությունը։
Զգուշացում։ Բույսը հավաքելու և չորացնելու ընթացքում աշխատեք ձեռնոցներով, չդիպչեք դեմքին, հատկապես` աչքերին։ Պահպանեք չափաբաժինները։
Ամրուկի պատրաստուկները հակացուցված են միաստենիայի (մկանաթուլություն), հիպոտոնիայի, անհատական անընկալունակության դեպքում, խորհուրդ չի տրվում հղիներին։
Թոքաբորբ, պանկրեատիտ, կարծրախտ (սկլերոզ). 1 թ/գ չոր խոտը 8 ժամ թրմեք 400 մլ եռջրում, տաք տեղում` փաթաթեք լաթով, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 4 անգամ (թոքաբորբի դեպքում` ուտելուց 1 ժամ հետո)։
Դեղնախտ, երիկամների և միզապարկի բորբոքում. 1 ճ/գ չոր խոտը 30 րոպե եփեք 500 մլ զտված ջրում` թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ։
Կոնյուկտիվիդի դեպքում. 2 ճ/գ թարմ խոտը (ծաղկած) 2 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ։
Ճնշումը կարգավորող. Թարմ տերևները 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։10), քամեք։ Խմեք 10-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 10 օր հետո։
Ետկոտրվածքային ցավեր, քոս. Մանրացրեք ամրուկի սերմերը, խառնեք հալեցրած ճարպի հետ (1։10)։ Օգտագործեք` որպես քսուք։
Հելմինտոզ, կլոր որդեր. Խառնեք 20 գ ամրուկի խոտ, 10 գ մեղվամուշկի (Tanacetum) ծաղիկներ, 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: