Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդման վերաբերյալ առաջարկներ

Ըստ karabakh-open.info-ի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 15-18-ը ԼՂ հակամարտության թեմային նվիրված քննարկումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են հայ եւ ադրբեջանցի փորձագետներ, այդ թվում` Ղարաբաղից: Հանդիպումն անցկացվել է “Հաղթահարելով փակուղին» խորագրով նախագծի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի Հակամարտությունների կարգավորման եւ վերլուծության ֆակուլտետի Խաղաղարարության կենտրոնի, ինչպես նաեւ Հակամարտությունների փոխակերպման “Իմեջին» կենտրոնի աջակցությամբ:

Քննարկումների ավարտին փորձագետների խումբը տարածել է փաստաթուղթ, որով ամփոփել է հանդիպման արդյունքները եւ ներկայացրել մի քանի առաջարկներ, որոնք, փորձագետների կարծիքով, անկասկած նպաստելու են հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանը…

Փորձագետներն առաջարկում են՝

– Մշտադիտարկում անցկացնել եւ հակամարտության գոտում տեղի ունեցող բոլոր միջադեպերի վերաբերյալ տվյալների բազա կազմել: Քայլեր ձեռնարկել, որ դիտարկման գործընթացում ներգրավվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

– Մշտադիտարկման ենթարկել պաշտոնատար անձանց ելույթները եւ հայտարարությունները, ինչպես նաեւ հակամարտության կողմերի լրատվամիջոցների բովանդակությունը, արձանագրել դրանցում առկա մարդատյացության, ատելության եւ բռնության դրսեւորումները, նպաստել այնպիսի միջազգային մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք ուղղված կլինեն այդ դրսեւորումների նվազեցմանը:

– Ձեռնարկել հստակ միջոցներ, որոնք ուղղված կլինեն Զինված ուժերի շփման գծում խաղաղ բնակիչների եւ զինվորականների մահվան դեպքերի կանխմանը. մշտադիտարկում իրականացնել եւ վերլուծել նման միջադեպերը:

-Միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հասարակական վերահսկողությունն ուժեղացնելու համար:

-Ձեւավորել այնպիսի իրավական նորմերի եւ վարքականոնների ժողովածու, որոնք կարգելեն ելույթներում եւ հայտարարություններում ուժի սպառնալիքի կիրառումը:

– Ակտիվացնել եւ նոր երկխոսության հարթակներ ստեղծել՝ հակամարտությունում ներգրավված տարբեր սոցիալական խմբերի միջեւ շփումները հաճախակիացնելու համար (երիտասարդներ, մարզիկներ, ուսանողներ եւ այլք):

-Ակտիվացնել եւ նոր երկխոսության հարթակներ ստեղծել՝ հասարակական կարծիքի ձեւավորման վրա ազդող խմբերի միջեւ շփումներն ակտիվացնելու համար (փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, մտավորականներ):

– Ակտիվացնել շփումները հակամարտության հետեւանքով անմիջականորեն տուժած մարդկանց միջեւ (զոհերի ընտանիքներ, անհետ կորածներ):

-Այժմ, երբ կարիք կա խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը հակամարտության կողմերի միջեւ վստահություն կառուցելու հարցում, տարածաշրջանի փորձագետների խումբն առաջարկում է նպաստել վերոհիշյալ ուղիների եւ մեթոդների իրականացմանը, քանի որ դրանք, խմբի խորին համոզմամբ, նպաստելու են հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը:

Տեսանյութեր

Լրահոս