Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը ռազմավարական հնարավորություն կստանա մտնել եվրոպական ավելի մեծ շուկաներ
«Չնայած Վիլնյուսի գագաթաժողովի հաջողության հավանականությանը` այս գործընթացը կարծես թե տևելու է մի քանի տարի, ես դա չէի պատկերացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի շուրջ:
Կիրակոսյանը նշել է, որ այդ պատկերացումը կազմել է նախորդ հինգշաբթի օրը` ԵՄ-ի ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս, ինչպես հայտնի է, ժամանել էր Երևան, և Ռ. Կիրակոսյանը բավական երկար զրուցել է նրա հետ այս հարցերի շուրջ:
«Ես նաև չէի պատկերացնում, թե որքան ինտենսիվ է այս գործընթացը: Օրինակ` Ասոցացման պայմանագիրը կազմում է 250 էջ, իսկ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը` ավելի քան 1000 էջ: Այդ պատճառով այս պայմանագիրը շատ դրական է Հայաստանի համար, քանի որ Հայաստան կբերի մրցակցություն` բացելով հայկական շուկան: Երկրորդը` Հայաստանը ռազմավարական հնարավորություն կստանա մտնել եվրոպական ավելի մեծ շուկաներ: Եվ սա իր հերթին` կարող է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը»,- նշել է Ռ. Կիրակոսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում: