Բաժիններ՝

Դեռահասը ծննդաբերել է իր մոր ամուսնու երեխային

Դեռահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ հերթական գործն ստացավ իր հանգուցալուծումը՝ մեղադրական դատավճռի տեսքով: Տուժողը ամբաստանյալի փաստացի կնոջ 14-ամյա դուստրն է: Ըստ մեղադրանքի,ամուսնալուծված 48-ամյա Անդրանիկ Թորոսյանը 2011թ.դեկտեմբերի վերջերին` Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում, և 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարած 35 ՕՕ պետ համարանիշի «Գազել» մակնիշի 58 համարի երթուղային ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած,իր փաստացի կնոջ 14-ամյա դստեր հետ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սեռական հարաբերություններն անհետևանք չեն անցել, դեռահաս աղջիկը հղիացել է և 2012թ. սեպտեմբերի 14-ին «Մանկաբարձության և գինեկալոգիայի Հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում ծննդաբերել է աղջիկ երեխա: Երեխայի մայրն ու տատը  հրաժարվել են երեխայի նկատմամբ իրավունքներից, և  2012թ. հոկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանը երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացություն է տվել, և 2012թ. նոյեմբերի 1-ի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի համաձայն երեխան տեղափոխվել է Երևանի «Մանկան տուն»  մանկատուն:

Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Անդրանիկ Թորոսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում  առաջադրված մեղադրանքում:

Մեղադրանքը պաշտպանող դատախազը դատարանում փոխել է իր`  նախկինում արագացված դատաքննություն անցկացնելու դեմ առարկելու վերաբերյալ դիրքորոշումը` հայտնելով, որ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ չի առարկում: Տուժողն ու նրա  օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրն, ևս  հայտնել են, որ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ չեն առարկում և ամբաստանյալ Անդրանիկ Թորոսյանից քաղաքացիական  հայցի պահանջ չունեն: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝  դատավոր Վ. Մկրտչյանի նախագահությամբ, ապացուցված է համարել  Անդրանիկ Թորոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ,  նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելը:

Դատարանը 2013թ. հուլիսի 10-ի դատավճռով՝   դռնփակ դատական նիստում, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ քննության արդյունքում, ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:

Դատարանը որպես ամբաստանյալի  անձը դրականորեն բնութագրող հանգամանք է դիտել  նրա նախկինում դատապարտված չլինելը,  ինչպես նաև կատարած հանցանքի համար զղջալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս