Գումարը խնդիր չի լինի Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու համար
Հարցազրույց RVVZ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանի հետ
– Դիլիջանում, շուրջ մեկ տարի է, սկսվել են բարձրակարգ միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները: Իհարկե, որոշ տեղեկություններ ունենք, սակայն կմանրամասնե՞ք, թե ինչ է այնտեղ լինելու:
– Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցվում, որն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես` տարածաշրջանում: Այդ դպրոցում սովորելու է մոտ 650 աշակերտ: Դպրոցը գործի կդրվի երկու փուլով. առաջինը կսկսի 2014 թվականի սեպտեմբերին, երբ Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները, իսկ մյուսը կսկսվի 2017 թվականին: Առաջին փուլում սովորողները կլինեն 16-19 տարեկան, իսկ հետագայում կլինեն արդեն նաև 13 տարեկանից սկսած:
Մենք մեր առջև դրել ենք նաև բավականին ամբիցիոզ մի նպատակ` ստեղծել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը և ներառել այն աշխարհի լավագույն դպրոցների ցանկում, գոնե առաջիկա 10-15 տարվա ընթացքում այդ ցանկի առաջին 30-40 հորիզոնականների մեջ: Հենց այդ պատճառով էլ մենք փորձում ենք հնարավորինս լավագույն ներդրումները կատարել այս ծրագրում: Այստեղ խոսքը միայն ֆինանսական միջոցների մասին չէ, թեև աշխատում ենք, որ լինեն լավագույն շենքային պայմանները, կազմակերպչական խնդիրները լուծելու լավագույն մեթոդները, և այլն, սակայն, իհարկե, այդ ամենի մեջ շատ կարևոր է, որ դպրոցն իր հարկի տակ ընդունի աշխարհի տարբեր ծայրերից եկած բազում տաղանդավոր երեխաների:
– Նշվում է, որ նախատեսում եք 60 երկրներից սովորողներ ունենալ, ինչո՞ւ 60, և ո՞ր երկրների մասին է խոսքը, ինչ-որ նախապատվություն կա՞ երկրների մեջ:
– Իհարկե, այդ թիվը կարող է տատանվել՝ մի փոքր դրանից շատ կամ քիչ: Մենք ենթադրում ենք, որ հեշտ կլինի ներգրավել այդքան երկրների աշակերտների, որովհետև այստեղ գոյություն ունի նաև մեկ այլ հանգամանք: Դպրոցն արդեն անցնում է United World Colleges (UWC) (Միացյալ համաշխարհային քոլեջներ) ցանցում ներգրավվելու գործընթացը, որը մոտ 120 երկրում ունի իր ընտրման և գնահատման կոմիտեները, որոնց միջոցով աշակերտների են հավաքագրում այդ ցանցի դպրոցներում: Մենք մտադիր ենք օգտագործել այդ հնարավորությունը` տարբեր երկրներից աշակերտներ ներգրավելու համար: Սակայն, իհարկե, այստեղ նախևառաջ պետք է նշել, որ սա դպրոց է տաղանդավոր և օժտված պատանիների համար:
– Նշվում է, որ առաջիկա տարիներին քիչ են լինելու աշակերտները, սակայն 2023 թվականին այդ թիվը կհասնի մոտ 650-ի: Այսինքն` ի՞նչ է դա նախատեսում. կլինի շենքի և այլ հնարավորությունների ընդլայնո՞ւմ, թե՞…:
– Այո, դպրոցն իրականում կառուցվելու է 3 փուլով, առաջին փուլում լինելու է հիմնական ակադեմիական հատվածը, սպորտային շենքը, որտեղ կլինեն բոլոր սպորտային դասերի համար նախատեսված հարմարությունները, օրինակ` մարզադաշտեր, լողավազան, թենիսի կորտեր և այլն:
Լինելու են նաև հանրակացարաններ, որտեղ ապրելու են երեխաները: Առաջին փուլում հանրակացարաններ կկառուցվեն 16-19 տարեկանների համար, իսկ երկրորդ փուլում նոր հանրակացարաններ կկառուցվեն` 13-16 տարեկան երեխաների համար: Երրորդ փուլում ենթադրվում է նաև Բեմարվեստի կենտրոնի շենքի կառուցումը, որը հագեցած կլինի անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, և այլն: Այսինքն` հետագայում կավելանա և՛ աշակերտների քանակը, և՛ դպրոցի հնարավորությունները:
– Նշվում է, որ դպրոցի շինարարության մեջ շատ հետաքրքիր նորագույն նյութեր և տեխնոլոգիաներ են օգտագործվում, որոնք Հայաստանում որևիցե տեղ դեռևս չեն կիրառվել, ի՞նչ տեխնոլոգիաների մասին է խոսքը:
– Նախ՝ սկսենք նրանից, որ շենքը նախագծվել է բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից: Նրա մշակած ծրագիրն ընդհանրացրել է աշխարհի` վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոցների փորձը:
Այն իրականացվում է համաշխարհային բարձրագույն չափանիշների և տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք գործածվում են դպրոց-համալիրների շինարարության համար: Դիլիջանում կառուցվող դպրոցի շենքն իր բնույթով բավականին ունիկալ է, այն ունի մի քանի հատուկ որակներ, օրինակ, շենքն այնպես է կառուցվում, որպեսզի այն ինտեգրված լինի Դիլիջանի ընդհանուր ազգային պարկի մեջ: Այսինքն՝ այն ունի կանաչ տանիքներ, կանաչ պատեր, բուսականություն և այլն: Այս տեխնոլոգիաները Հայաստանում առաջին անգամ են օգտագործվում: Երբ ասում ենք` կանաչ պատեր, դա ոչ թե նշանակում է, որ պատի վրայով ինչ-որ բույս է աճում, այլ հենց պատի միջից է այն աճում, ինչի համար հատուկ տեխնոլոգիաներ են օգտագործվում, այդ բույսերը հենց պատի մեջ են աճում և հենց պատի մեջ էլ ջրվում են:
Մենք այժմ փորձարկումներ ենք կատարում, թե որ բույսերը կարող ենք այդտեղ օգտագործել, որովհետև՝ կախված նրանից, թե որ կողմի պատն է՝ հարավ, հյուսիս, արևելք թե արևմուտք, բույսերի տեսականին փոփոխվում է: Այժմ մենք փորձում ենք դա հասկանալ, որովհետև առաջին անգամ ենք նմանատիպ բաներ կիրառում: Ինչ վերաբերում է կանաչ տանիքին, ապա այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի դպրոցի շենքը միաձուլվի ազգային պարկի բնության հետ: Դպրոցի շենքի մյուս առանձնահատկությունն այն է, որ օգտագործում ենք նույն շենքերի մեջ Դիլիջանի համար բնորոշ քարի շարվածքը, իհարկե, տուֆն էլ ենք օգտագործել, սակայն հիմնականում նման շարվածք է լինելու: Ինչ վերաբերում է հանրակացարանների ճարտարապետությանը, ապա դա արված է այնպես, որ կրկնօրինակի Դիլիջանի ավանդական տների ձևին` պատշգամբներով և այլ բնորոշ յուրահատկություններով: Սա այն ամենն է, ինչը երևում է, բայց այն, ինչը չի երևում, օրինակ, շենքի կառուցման մեթոդները, շենքի հագեցումն ամենատարբեր տեխնոլոգիաներով և այլն, այստեղ ևս կցուցաբերվի բավականին առաջադիմական մոտեցում: Բացի դրանից՝ հետաքրքիր են նույնիսկ շինարարության կազմակերպման աշխատանքները, այստեղ ևս կարելի է ասել՝ որոշակի նորարարություն կա, եթե լինեք շինարարական հրապարակում, ապա կտեսնեք. օրինակ, սկսած նրանից, թե ինչպես են իրենց պահում շինարարները, ինչ են հագնում (բոլոր պետք է հատուկ սաղավարտներ կրեն)…:
– Կրկին կանաչ գույնո՞վ են:
– Չէ, տարբեր են, օրինակ, շինարարները սովորաբար կրում են նարնջագույն սաղավարտներ, հյուրերը՝ կանաչ, կառավարիչները՝ սպիտակ: Այդ ամենը նշանակություն ունի և՛ անվտանգության տեսակետից, և՛ ընդհանուր կազմակերպման տեսակետից: Այս պահին կարելի է ասել, որ շինհրապարակում մոտ 500 շինարար կա: Ժամանակ է եղել, երբ միաժամանակ մոտ 12 աշխատող կռունկ կար շինհրապարակում, ինչը երևի թե Հայաստանում նախադեպը չունեցող բան է, որ մի կառույցի վրա այդքան մարդ և տեխնիկա ներգրավված լինի:
– Իսկ ովքե՞ր են դասավանդելու Դիլիջանի միջազգային դպրոցում:
– Մենք դասախոսներին հրավիրելու ենք մի շարք երկրներից, բայց նրանց հիմնական մասը երևի թե կկազմեն անգլիացիները և անգլախոս երկրների մասնագետները: Ինչպես տեղյակ եք, դասավանդվելու է IB Diploma-ի (Միջազգային բակալավրիատ) ծրագիրը` 16-19 տարեկան աշակերտների համար` նախահամալսարանական կուրս: Այս ծրագիրը կսկսի գործել 2014 թվականից: Այն հիմնականում պետք է իրականացվի անգլերեն լեզվով: Չնայած դրան՝ կլինեն նաև այլ լեզուների դասավանդում, ներառյալ նաև հայերենը, սակայն IB-ի ծրագիրը հիմնականում հենց անգլերենով է, այդ իսկ պատճառով ներգրավված կլինեն երևի թե հիմնականում դասախոսներ` Անգլիայից, Ավստրալիայից, Ամերիկայից և այլ երկրներից, հատուկ որակավորում ունեցող դասախոսներ, որովհետև նմանատիպ ծրագրով դասավանդելու համար դասախոսները պետք է համապատասխան որակավորում անցնեն: Նրանց հավաքագրումը, իհարկե, պետք է կատարվի դպրոցի տնօրենի և տնօրենների խորհրդի կողմից:
– Մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, թե Դիլիջանի միջազգային դպրոցը լինելու է որպես օտարալեզու դպրոց: Հետաքրքիր է՝ հայերենով որևէ դասընթաց լինելո՞ւ է, թե՞ ոչ:
– Իհարկե, միանշանակ լինելու է հայերենը: Այստեղ մենք պետք է հստակ տարբերակում մտցնենք` ի՞նչն է կոչվում` միջազգային, և ի՞նչը` օտարալեզու: Օտարալեզու է համարվում այն կրթական համակարգը, երբ երեխան դեռ չյուրացրած իր մայրենի լեզուն, հիմնական կրթությունը սկսում է օտար լեզվով՝ նախքան մայրենի լեզվով լեզվամտածողության լիարժեք ձևավորումը։ Այս դեպքում օտար լեզվի յուրացումը տեղի է ունենում մայրենի լեզվի հաշվին։
Ըստ լեզվաբանների՝ երեխայի մայրենի լեզվով կոգնիտիվ մտածողությունը ձևավորվում է արդեն 11-12 տարեկանում, որից հետո ցանկացած նոր օտար լեզու յուրացվում է մայրենի լեզվի հենքի վրա՝ առանց վտանգելու մայրենի լեզվի խորքային իմացությունը: Մեր դպրոցում երեխաները սկսելու են ուսանել 13 տարեկանից, երբ արդեն ձևավորված են նրանց մայրենի լեզվի խորքային գիտելիքները: Այսինքն` այս դեպքում երեխայի մոտ մտածելակերպն իր մայրենի լեզվով արդեն ձևավորված է լինում և այդ հասակից հետո այլ լեզվով իրեն որևէ բան դասավանդելը չի նշանակում, որ նրա լեզուն փոխվելու է, իհարկե՝ ոչ, որովհետև նրա հիմքն արդեն դրված է իր մայրենի լեզվով: Հենց դրանով էլ տարբերվում է օտարալեզուն և միջազգայինը: Մենք մեզ չենք համարում օտարալեզու դպրոց, հայերենն այստեղ դասավանդվելու է հատկապես բոլոր այն աշակերտներին, որոնք կցանկանան լեզուն սովորել և խորացնել այդ ուսումը: Սակայն հիմնական առարկաները լինելու են, իհարկե. անգլերենով, որովհետև IB ծրագրի լեզուն անգլերենն է:
– Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը, բացի այդ՝ աշակերտներ կլինեն նաև սփյուռքի հայ համայնքներից: Հետաքրքիր է, այս ամենից բացի, կա՞ն երկրներ, որոնց որոշակի տոկոսային տեղեր եք հատկացնելու, թե՞ ընտրությունը կախված է լինելու դիմորդներից, թե որտեղից նրանք կդիմեն:
– Մենք փորձելու ենք այնպես անել, որ ոչ մի երկիր այստեղ 10%-ից ավելի մասնակցություն չունենա, նույնիսկ ավելի քիչ լինի այդ մասնակցությունը, մոտավորապես` 7-8%, քանի որ փորձը ցույց է տալիս, որ եթե դպրոցում մի երկրից կան 8-10%-ից ավելի մասնակիցներ, ապա նրանք` աշակերտները, սկսում են միավորվել, իրենց լեզվով խոսել, որոշակի խմբավորումներ են ստեղծվում, և այլն, որն ուսումնական պրոցեսի համար այդքան էլ լավ չէ: Դրա համար մենք ոչ մի երկրի առավելություն այդ տեսակետից չենք տա՝ զուտ կրթական պրոցեսը ճիշտ ապահովելու համար:
– Դպրոցի ուսման վարձավճարը բավականին թանկ է (դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30.000 դոլար.- Լ.Մ.): Ճիշտ է՝ նշվում է, որ կլինեն նաև բարերարներ, և ուսման վարձի օգնություն կտրամադրվի, սակայն, այդուամենայնիվ, հետաքրքիր է՝ ինչո՞ւ պետք է որևէ եվրոպական երկրի աշակերտ նախընտրի հենց այս դպրոցը և գա Դիլիջան` սովորելու: Դպրոցի առավելությունը ո՞րն է լինելու:
– Հատկապես առաջիկա 10-15 տարիների ընթացքում ուսման արժեքը չի լինի խոչընդոտ այն երեխայի համար, ով կցանկանա գալ այստեղ` սովորելու: Եթե երեխան տաղանդավոր է, և եթե նա համապատասխանում է մեր չափանիշներին, ապա հաստատ կգնվեն գումարներ՝ ապահովելու համար նրա ուսումը, եթե նրա ծնողները չկարողանան վճարել նրա վարձավճարը: Այսինքն՝ վճարը խոչընդոտ չի հանդիսանալու, դա մեր սկզբունքներից մեկն է:
Իսկ այս կամ այն երեխային դպրոց ընդունելու որոշումը իրականում մենք չենք որոշելու. այդ ամենը United World Colleges (UWC) (Միացյալ համաշխարհային քոլեջներ) ցանցի միջոցով է կատարվելու, քանի որ դպրոցն անդամակցելու է այդ ցանցին, ուստի որոշումը կայացնում է ոչ թե ինքը` դպրոցը, այլ ցանցի ընդունող կոմիտեները: Իսկ այդ որոշումը կայացվելու է անկախ նրանից՝ վճարման միջոցները կա՞ն, թե՞ չկան: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ պետք է այլ երկրների աշակերտներին հետաքրքիր լինի այս դպրոցում սովորելը, ապա նախ` նշեմ, որ այն պայմանները, որ մենք փորձում ենք ստեղծել, և որոնք արդեն թվարկեցի, ինչպես նաև` վճարները մեղմացնելու հնարավորությունները, բավականին գրավիչ են արտասահմանցի աշակերտների համար: Այդ ամենին գումարվում է նաև Դիլիջանը՝ իր որակներով` որպես կլիմա. այնտեղ մաքուր օդ է, երկիրն անվտանգ է, և կան բոլոր պայմաններն ապրելու համար:
Այս բոլորը միասին վերցրած՝ կբերեն նրան, որ դրսի աշակերտը նույնպես ցանկանա Հայաստանում սովորել: Իհարկե, պարզ է, որ դա հեշտ գործ չէ, ամենադժվար հարցերից մեկն այն է, թե մենք ինչպես ենք ներկայացնում այդ դպրոցը և ինչպես ենք ներգրավում տարբեր երկրների աշակերտների, ուզում եմ կրկին շեշտել` հատկապես տաղանդավոր աշակերտների: Նշեմ, որ այստեղ կան նաև մի շարք այլ հանգամանքներ։ Օրինակ` դպրոցի տնօրենների խորհուրդը, որը բաղկացած է բավականին ազդեցիկ և մեծ կշիռ ունեցող մարդկանցից, որոնք որոշակի առավելություն ունեն նաև ակադեմիական ոլորտում, և աշակերտների ապագա քայլերն ու հնարավորություններն այլ համալսարաններում ուսանելու արդեն բավականին լուրջ են՝ այս դեպքում հաշվի առնելով նաև հենց մեր խորհրդի անդամներին:
Այսինքն` ոչ թե մեկ, այլ մի շարք հանգամանքներ կան, որոնք, կարծում ենք, կբերեն այն սիներգետիկ արդյունքին, որը դպրոցը կդարձնի գրավիչ արտասահմանյան աշակերտների համար: Մեր նպատակն է` Հայաստանում ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան մի դպրոց: Սա այն դեպքերից է, երբ Հայաստանը ոչ թե ինչ-որ մի բան ներմուծելու է, այլ ընդհակառակը` արտահանելու է, իսկ արտահանելու է որակյալ կրթական ծառայություններ: Եվ մենք կարծում ենք, որ այս դպրոցի աշակերտները հետագայում կլինեն Հայաստանի բարեկամները, մեր ապագա դեսպաններն իրենց երկրներում, ինչը հետագա քաղաքական տեսակետից ևս շատ կարևոր է:
«168 ԺԱՄ»