Բաժիններ՝

Օֆշորային սկանդալների առնչությամբ սփյուռքում աղետի զգացում կա

Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ հունիսի 29-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանն անարգանքի սյունին գամեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, սակայն զարմանալիորեն ոչ մի խոսք չասաց վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ծավալված օֆշորային սկանդալի կապակցությամբ: Մի՞թե դա այդքան աննշան իրողություն է և երկրի նախագահի ուշադրությանն արժանի չէ: Ընդհանրապես ի՞նչ նշանակություն ունեն աշխարհում օֆշորային գոտիները, և ի՞նչ արձագանք կարող է ունենալ Տ.Սարգսյանի առնչությունն օֆշորային պատմություններին, այս հարցերի շուրջ «168 Ժամը» զրուցեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք վերաբերվում օֆշորային գոտիներին:

– Օֆշորային գոտիները 20-ամյակից ավելի պատմություն ունեն և ստեղծվել են տնտեսապես հետամնաց ու փոքր երկրներին օգնելու համար: Այսինքն, եթե օֆշորային գոտիներն իրենց նպատակին ծառայեին, բարի նպատակով էին ստեղծված: Բայց չմոռանանք, որ զարգացած երկրների գործարար աշխարհի ներկայացուցիչները հնարավորություն էին ունենում իրենց երկրում հարկերից խուսափել, օֆշորային գոտիներ փողեր փոխանցել, գործարքներ անել, և իրենց երկրում 20-30% շահութահարկ վճարելու փոխարեն` ընդամենը 4% են թողնում օֆշորային գոտում, նույնիսկ` եթե ոչինչ, ոչ մի գործարք չկատարեն:

Այս առումով տվյալ օֆշորային երկրի համար արդյունքը դրական է, բայց մյուսների համար բացասական է: Ինչ վերաբերում է Հայաստանի նման երկրին, որին հսկայական օգնություն է պետք ցույց տալ այս քաոտիկ վիճակից դուրս գալու համար, երբ 20 տարի մեր երկիրը չի կարողանում մոտենալ նորմալ այնպիսի մակարդակի, որ կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել և մեր հայրենիքը պահել, ապա նման երկրի համար, նույնիսկ, եթե գործարարն, օֆշոր գումար է փոխանցում, դա հանցագործություն է, և այն պետք է բացառվի:

Կարդացեք նաև

– Ինչպես եք վերաբերվում վերջին շրջանում ՀՀ-ում ծագած օֆշորային սկանդալին` Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ:

– Սլովակիայում եթե որևէ մի գործարար փորձի օֆշոր փող փոխանցել, հաջորդ օրերին կհայտնվեն տնտեսական քրեական ոստիկանության աշխատակիցները և բացատրություն կպահանջեն, թե ինչ իրավունքով է սլովակյան գումարներից փող փոխանցել: Իմ մտքով երբեք չի անցել 4% տալով օֆշորում՝ խուսափել սլովակյան հարկերից: Դա համարժեք է թմրադեղերի առևտուր կազմակերպելուն, զենքի անօրինական վաճառքի մասնակցելուն: Իսկ Սլովակիայի բյուջեն Հայաստանի բյուջեին երևի մոտ 20-30 անգամ գերազանցում է: Այո, հանցագործություն է, որ նույնիսկ գործարարը օֆշոր գումար փոխանցի, իսկ եթե հանկարծ չինովնիկն է նման բան անում, լինի վարչապետ, նախարար կամ այլ պաշտոնյա, դա չլսված հանցագործություն է:

Օֆշորում միայն հաշիվ ունենալու համար ոչ միայն աշխատանքից կհեռացնեն, այլև շատ լուրջ քրեական գործ կհարուցեն տվյալ սլովակ պաշտոնյայի դեմ: Այս առումով երբ լսում ենք, որ հայ պաշտոնյան փորձում է արդարանալ, թե` այո, օֆշորում կա հաշիվ, բայց գ ի՞նչ բայց, դա արդեն հանցագործություն է: Իսկ ի՞նչ ճանապարհներով և ի՞նչ նպատակի համար է հաշիվը բացված, դա ՀՀ դատախազության, իրավապահ մարմինների պարզելու գործն է: Վարչապետի բացատրությունները, թե մարդ կարող է տեղյակ չլինել, որ իր անունով օֆշորում հաշիվ է բացված, կամ, որ այդ ժամանակ Կիպրոսում չի եղել, այլ եղել է Պրահայում, իրեն պատիվ չեն բերում, որովհետև օֆշորում հաշիվ բացելու համար ոչ ոք չի գնում այդ երկիր, բոլորն էլ իրենց երկրում նստած բացում են հաշիվը, որովհետև կան ֆիրմաներ, որոնք հսկայական գումարներ են աշխատում նման հաշիվներ բացելու համար:

Այս առումով մամուլում վարչապետի անվան հետ կապված շրջանառվող տեղեկությունները համարում եմ խիստ բացասական: Էլ չեմ ասում, որ վարչապետի անունը մինչ այդ կապված էր «Նաիրիտի» գործով օֆշորների հետ, և «Նաիրիտի» հսկայական գումարներ գնացել էին օֆշորներ: Դա փաստ է, չես կարող թաքցնել, իսկ այն, որ դա կատարվել է կրկին վարչապետի անվան հետ կապված գործընթացներում, սարսափելի փաստ է: Անկասկած, եթե այդ սկանդալի 10%-ը Սլովակիայում կամ եվրոպական երկրներից մեկում լիներ, վարչապետն արդեն հրաժարական էր տվել, և իրավապահ մարմինները պետք է հստակ հանդես գային բացատրություններով, թե այդ լուրերը ճշմարի՞տ են, թե՞ ճշմարիտ չեն: Եթե նույնիսկ պարզվեր, որ ինչ-որ բան չափազանցված է, դրանից ոչինչ չէր փոխվի, էլ չեմ խոսում, որ սկանդալը սկանդալի հետևից եղավ: Սա, իհարկե, սարսափելի բան է:

Ինչ վերաբերում է արքեպիսկոպոս Կճոյանին՝ ես նրան գիտեմ երիտասարդ տարիներից, պայծառ երիտասարդ էր… բայց ինչո՞ւ հանկարծ այսօր նրա իմիջն այդպես սպանվեց, ինչո՞ւ հանկարծ նա ամբողջ ազգի աչքի առաջ սկսեց «Բենթլի» վարել, չէ՞ որ իսկապես հոգևորականը պետք է ոչինչ չունենա: Կաթոլիկ եկեղեցու նման մակարդակի սպասավորները սրբություններ են, ու եթե նման ունեցվածք կապվի իրենց անվան հետ, սա մեծ սկանդալ կլինի, իսկ եթե օֆշորի հետ կապված անունը նշվի, դա խայտառակություն կլինի: Դա բոլորովին պատիվ չի բերում մեր Հայ եկեղեցուն և, կարծում եմ, Վեհափառն ի վերջո հարցը կքննի, և ինչ-որ արձագանք կստանանք:
Վարչապետի և արքեպիսկոպոսի հետ կապված այդ սկանդալների առնչությամբ սփյուռքում բոլորս աղետի զգացում ունենք: Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչու մենք ամբողջությամբ պիտի նվիրված լինենք Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացումներն ապահովելու խնդրի լուծմանը, իսկ Հայաստանից անընդհատ նման թալանի, կողոպուտի մասին լուրեր ստանանք: Ցավոք, խորը հիասթափություն ենք ապրում նման բաներ լսելով:

ԵՀՄՖ-ն, որ ծրագրում է սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում հերթական համագումարն անցկացնել, նախատեսում է այս հարցերի քննարկումը: Եվրոպահայություն-Հայաստան քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը մենք առաջին հերթին կապելու ենք Հայաստանի ներքին քաղաքական կյանքի մաքրման գործընթացների հետ և ամենայն մանրամասնությամբ պետք է քննարկենք` ի՞նչ օգնություն պետք է եվրոպահայությունը ցույց տա, որ ՀՀ-ն դուրս գա այս աղետալի վիճակից` ներքին քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

Այսօր Հայաստանի քաղաքական և տնտեսական ճգնաժամերը հավասար մակարդակների վրա են գտնվում, այսինքն` մոտենում են «կրախի» ավարտին, ոչ մի ապագա չեն խոստանում, եթե կտրուկ փոփոխություններ տեղի չունենան: Փրկությունը ես կապում եմ ամբողջ համաշխարհային հայության վարքի հետ. Բոլորով պետք է լուծումներ գտնենք և տանք վիճակից ելքեր գտնելու համար: Մենք պետք է մեր վճռական խոսքն ասենք այս իրավիճակում մեր երկրի փրկության հարցում:

– Վարչապետն ասում էր, որ օֆշորում ցանկացած ոք ցանկացած մեկի անունով կարող է բացել հաշիվ, ու դրանով էր արդարացնում, որ ինքը որևէ առնչություն չունի դրա հետ:

– Դա անհեթեթ հայտարարություն է, և ինքն էլ, խելոք մարդ լինելով, գնում է նման հայտարարության, որովհետև ուրիշ ասելիք չի գտել, և ցայտնոտի մեջ սխալը սխալի հետևից կրկնում է: Նախ` սկզբում ասում էր, որ ինքը ոչ մի օֆշորում չունի ոչ մի հաշիվ, հետո որ ապացուցվեց, որ մի քանի օֆշորում նրա անունը կա, հայտարարեց, թե դրանից տեղյակ չի եղել: Դա իսկապես մանկամիտ հայտարարություն է, անհնարին է ուրիշի անունով օֆշորում հաշիվ բացել, մարդ պետք է իր անձնագիրը տա, նոտարի հաստատում լինի, և միայն դրա հիման վրա կարող են հաշիվ բացել: Մյուս կողմից` նա հարցը հանգեցրել է նրան, թե ինքը տեղյակ է եղել, թե ոչ հաշվի գոյության փաստին, բայց չգիտես ինչու` չի խոսում այն մասին, թե այդ հաշվին «Ամերիաբանկից» 10 մլն ինչպես է փոխանցվել: «Ամերիաբանկից», որն իրենց բանկն է, որը վարչապետի բացարձակ ենթակայության տակ է: Վերջապես ամենակարևոր հարցը, որ մինչև հիմա չի քննարկվում` ինչո՞ւ է 10 մլն տեղափոխվել իր ենթակայության տակ գտնվող

«Ամերիաբանկից» օֆշորային հաշվին, ինչո՞ւ է կատարվել այդ կողոպուտը և ինչո՞ւ է այն խեղճ գործարարի նկատմամբ այդպիսի սարսափելի ակտ կատարվել` նախապես ամեն ինչը լավ հաշվարկված: Այն, որ օֆշորային հաշվում կա վարչապետի անունը, և նա դա ընդունում է, դրանով արդեն ամեն ինչ ասված է: Վերջ: Ո՞նց կարող է, վարչապետ չէ, սովորական մի չինովնիկի անուն լինի և հանկարծ այդ չինովնիկը չկարողանա անմիջապես քր. գործ բացել ու մեղավոր ֆիրմայից պատասխան պահանջել: Վարչապետերի հետ չի կարող այսպիսի բաներ կատարվել: Բացառվում է:
– Եվրոպական հանրությունից այս սկանդալի հետ կապված արձագանք ստացե՞լ եք:
– Այս սկանդալը դեռևս չի միջազգայնացվել և, փառք Աստծո: Քանի որ, եթե միջազգայնացվի, շատ-շատ վատ իմիջ կունենա Հայաստանը: Չէ՞ որ մենք անում ենք ամեն ինչ, որ ներդրումային ծրագրերը զարգացնենք: ԵՀՄՖ-ն 2 գործի է լծվել՝ արտահանման ծավալների շատ մեծ աճ ապահովել և ներդրումային ծրագրեր բերել:

Նույնիսկ մի քանի օր առաջ քննարկումներ ենք անցկացրել Արցախում ներդրումային ծրագրերի վերաբերյալ, և հույսեր կան: Գիտե՞ք` ինչքան կարևոր է, որ հենց Արցախում ներդրումային ծրագրերը շատացնենք, և ինչ ծավալի աշխատանք ենք մենք տանում դրա համար: Պատկերացո՞ւմ եք` ինչ կլինի, եթե միջազգայնացվի այս սկանդալը: Մենք կորած ենք: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս վարչապետին` օր առաջ հրաժարական տալ, և մեր երկիրն այս աղբից մաքրել: Կամ թող նա մինչև վերջ գնա, քրեական գործ հարուցվի և մեղավորը պատժվի: Թեկուզ, եթե պարզվի, որ մեղավորը վարչապետն է: Եվ պատիժը պետք է լինի շատ խիստ, որ ամբողջ աշխարհը հավատա, որ մեր երկրում օրենք է գործում, և այդ օրենքը կարող է վաղը ներդրողի շահերը պաշտպանել: Հակառակ դեպքում ներդրողները կփախչեն այս երկրից, ինչին, ցավոք, ականատես ենք վերջին տարիների ընթացքում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս