Բաժիններ՝

Քաղաքականացված պոպուլիզմն ու վարկային տոկոսադրույքները. ե՞րբ մատչելի կդառնան վարկերը

«168 Ժամի» զրուցակիցն է Հայաստանի բանկերի միության նորընտիր նախագահ Սամվել Ճզմաչյանը (պաշտոնը ստանձնել է 2013թ. մայիսի 24-ից, միության նախագահն էր նաև 2003-2006 թթ.):

– Ինչպե՞ս եք գնահատում բանկային համակարգի ներկայիս զարգացումները, ո՞րն է այսօր բանկերի թիվ 1 խնդիրը:

– Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենակայացած ճյուղերից է: Դրան նպաստել են մի շարք գործոններ, որոնցից կառանձնացնեմ օրենսդրական հստակ դաշտը և ՀՀ ԿԲ-ի դերը, որն իր կողմից վարվող քաղաքականությամբ նպաստում է բանկային համակարգի կայունությանը: Բանկը` որպես կառույց, իմ համար միշտ էլ հատուկ տեղ և նշանակություն ունի, քանի որ այն աշխատում է բնակչության և, ամենակարևորը, բնակչության խնայողությունների հետ: Բանկն այն կառույցն է, որը նպաստում է տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Հաշվի առնելով այս ամենը, Հայաստանի բանկային համակարգի կարևորագույն ձեռքբերում համարում եմ հենց բանկային համակարգի կայունությունը, իսկ որպես մոտակա տարիների հիմնական նպատակ` այդ կայունության պահպանությունը:
Բանկային համակարգի, ինչպես և մյուս բոլոր ոլորտների և համակարգերի առջև կան բազմաթիվ խնդիրներ և դժվարություններ, որոնք լուծելու և հաղթահարելու կարիք ունեն:

Դժվար է կարևորել դրանցից մեկը, քանի որ բոլորն էլ կարևոր են: Իսկ ավելի առարկայական կասեմ, որ վերջին շրջանում մեր կողմից կարևորվող հիմնարար խնդիրներից է Հայաստանում վարկատուների շահերի պաշտպանության ինստիտուտի ձևավորումը: Վարկատուների իրավական պաշտպանվածությունը պայմանավորված է ոչ միայն վարկատուի և վարկառուի պայմանագրային հարաբերություններով, այլ նաև երկրում գործող օրենսդրական, դատական, վերահսկողական և այլ ենթահամակարգերի գործունեությամբ, հիմնարար մոտեցումներով և փոխառնչություններով: Այս հարցը մշտապես լինելու է մեր միության ուշադրության կենտրոնում:

Կարդացեք նաև

– Եվրոպական բանկային ճգնաժամն ի՞նչ ազդեցություն կունենա հայկական բանկերի վրա, ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

– Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում, որ տարբեր երկրների ֆինանսատնտեսական խնդիրներն արագ իրենց ազդեցությունն են ունենում այլ երկրների տնտեսությունների վրա: Սա խոսում է այն մասին, որ երկրներն ավելի ու ավելի են ինտեգրվում համաշխարհային տնտեսությանը, և տնտեսությունների գլոբալիզացիայի այս գործընթացից Հայաստանը դուրս չէ: Եվրոպայի առանձին երկրների առջև ծառացել են լուրջ ֆինանսական և տնտեսական խնդիրներ, որոնք հաղթահարելու համար մեծ ռեսուրսներ և դժվարագույն լուծումներ են պահանջվելու:
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե Եվրոպական բանկային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա կանդրադառնա դրակա՞ն, թե՞ բացասական իմաստով, ապա պետք է նշել, որ շատ բանով այն կախված է լինելու հենց բանկերից:

1. եվրոպական բանկային ճգնաժամը կունենա իր բացասական ազդեցությունը հայկական բանկերի վրա այն առումով, որ չափազանց դժվար կլինի այդ բանկերից միջոցներ ներգրավել, որոնք առանց այդ էլ կոնսերվատիվ են տրամադրված նման հարցերում, իսկ եթե տրամադրեն էլ, ապա հնարավոր է` կտրուկ կթանկացնեն այդ ռեսուրսների արժեքը, որի պարագայում հարկ կլինի մտածել՝ ձեռնտո՞ւ է արդյոք այդ միջոցների ներգրավումը, թե՞ ոչ: Եվ այս իրավիճակում, կարծում եմ, բանկերը պետք է ավելի շատ և ինտենսիվ փորձեն աշխատել այլ տարբեր միջազգային դոնորների և ֆոնդերի հետ ինչպես` Արևմուտքում, այնպես էլ` Արևելքում:

2. Եվրոպայում տեղի ունեցող զարգացումները մեր բանկային համակարգի վրա ուղղակի էական բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ հնարավոր ռիսկերը (օրինակ` եվրոյի փոխարժեքի կտրուկ տատանումներ) բանկերի կողմից կառավարվում են, սակայն հնարավոր են որոշ ազդեցություններ. օրինակ` դեպի Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումներով Եվրոպան Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է, հետևաբար` Եվրոպայում գործազրկությունը, տնտեսության աճի դանդաղումը, հնարավոր է, իրենց ազդեցությունը կունենան փոխանցման ծավալների աճի տեմպի վրա: Իսկ վերը նշվածի հետևանքով Եվրոպայում սպառման անկումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ Եվրոպա արտահանվող որոշ ապրանքատեսակների ծավալների վրա:

– Գործարարները, հատկապես ՓՄՁ-ները, բողոքում են վարկային տոկոսադրույքների խիստ բարձր լինելուց, իսկ էժան վարկերն էլ յուրաքանչյուրին հասանելի չեն: Ե՞րբ հնարավոր կլինի վարկային տոկոսադրույքների նվազում:

– Թույլ տվեք չհամաձայնել այդ դիրքորոշման հետ: Ես ամենևին չեմ համարում, որ վարկային տոկոսադրույքները բարձր են, և էժան վարկերը հասանելի չեն: Տոկոսադրույքները ձևավորվում են շուկայում` ելնելով պահանջարկից և առաջարկից, ինչպես նաև` բանկերի կողմից ներգրաված միջոցների տոկոսադրույքներից: Ուստի, նման դիրքորոշումն ուղղակի քաղաքականացված պոպուլիզմ է: Բանկերն ընդգրկված են տարբեր միջազգային վարկային ծրագրերում, որոնք ուղղված են տնտեսության տարբեր ոլորտների և ճյուղերի զարգացմանը: Այդ միջոցներն ավելի էժան են և, բնականաբար, տրամադրվում են շատ ավելի մատչելի տոկոսադրույքով, իսկ բնակչությունից ներգրավված միջոցներն ավելի թանկ են և, համապատասխանաբար, տրամադրվում են ավելի բարձր տոկոսադրույքով: Այս երկու ռեսուրսներից էլ ձևավորվում են այն տոկոսադրույքները, որով բանկերը վարկավորում են թե՛ բիզնեսին, թե՛ բնակչությանը:

Կուզենայի նշել, որ բանկերի կողմից ներգրաված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների միջև եղած մարժան (տարբերությունը) կազմում է ընդամենը մոտ 4-5% և որոշ դեպքերում էլ ավելի ցածր տարեկան տոկոսադրույք: Եվ դա դեռ հաշվի չառած բանկերի գործառնական ծախսերը, որոնք հասնում են 3,5-4%-ի, ինչպես նաև` կորուստները: Ինչ վերաբերում է նրան, թե երբ հնարավոր կլինի վարկային տոկոսադրույքների էլ ավելի նվազում, ապա ասեմ, որ միայն այն ժամանակ, երբ ֆինանսական շուկան հագեցված լինի շատ ավելի ցածր տոկոսադրույքներով ներգրաված դրամական միջոցներով: Հավաստիացնում եմ Ձեզ, որ բանկերը ևս հետաքրքրված են հնարավորության դեպքում ցածր տոկոսադրույքներով վարկավորել, քանզի այս դեպքում վարկային ռիսկն ավելի ցածր է (միջոցների վերադարձման հավանականությունն ավելի բարձր է):

Վերջին տարիներին մրցակցությունը ստիպել է, որպեսզի տոկոսադրույքները նվազեն, երբեմն նույնիսկ չհիմնավորված: Ինչ վերաբերում է միտումներին, ապա, ընդհակառակը, այսօր աշխարհում նկատվում են միջոցների թանկացման միտումներ:

– Այսինքն, միջազգային կառույցներից ստացված էժան միջոցներն այնքան չե՞ն, որ ազդեն վարկավորման տոկոսադրույքների վրա:

– Պրակտիկորեն բանկերն իրենց ռեսուրսները ներգրավում են 2 հիմնական ուղությամբ` միջազգային կառույցներից և բնակչությունից` ավանդների տեսքով: Բանկերի եկամտաբերության մեծ մասն ապահովում են հենց միջազգային կառույցներից ներգրաված միջոցները տեղաբաշխելու պարագայում, քանի որ դրանք համեմատաբար ցածր են. ռեսուրսի ինքնարժեքը կազմում է մոտ 7-9% (LIBOR+4 կամ LIBOR+5): Մյուս կողմից` բանկերը ավանդների տեսքով բնակչությունից ներգրավում են միջոցներ բարձր տոկոսադրույքներով` միջինում 12-13%, որի տեղաբաշխումն ինքնին չի հետապնդում բարձր եկամտաբերություն, քանի որ տեղաբաշխված վարկերի և ներգրաված ավանդների տոկոսների տարբերությունը համեմատաբար փոքր է:

Պետք չէ մոռանալ նաև բանկերի գործառնական ծախսերի մասին, որոնք, ինչպես նշեցի, կազմում են 3,5-4%: Հիշեցնեմ, որ բանկերի կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը բնակչության պարագայում տատանվում է 18-22%-ի սահմաններում, և 14-18% բիզնեսի` ՓՄՁ պարագայում, իսկ խոշոր բիզնեսի պարագայում` էլ ավելի ցածր:

Միջազգային կառույցների կողմից տրամադրված ռեսուրսների հաշվին տեղական բանկերը վարկավորում են համեմատաբար խոշոր բիզնեսը, որոնք, բնական է, ավելի ցածր տոկոսադրույքներով պետք է վարկավորվեն (դրանք են արտադրությունը, սննդի վերամշակումը, հանքարդյունաբերությունը և այլն): Այդտեղ էլ բանկերի մարժան է փոքրանում: Այսինքն, բանկերը մեծապես աշխատում են բնակչության համար:
Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում եմ, որ միջազգային կառույցներից ներգրաված միջոցները բավարար չեն, որպեսզի այժմ իջեցվեն վարկավորման տոկոսները:

– Տեսակետ կա, որ բանկերը հիմնականում վարկավորում են իրենց սեփականատերերի բիզնեսները:

– Ո՞վ է այդ կարծիքն արտահայտել, շատ սովետական, ստալինյան գաղափարախոսությանը նմանվող հարց եք տալիս: Ստալինյան ժամանակաշրջանում ասում էին՝ տեսակետ կա (կարծիք կա), որ այդ մարդը հակահեղափոխական է, ու երրորդ օրը տվյալ մարդուն անհիմն գնդակահարում էին: Կոնկրետ` ո՞վ է այդ կարծիքն արտահայտում:

– Տարբեր տնտեսագետներ, վերլուծաբաններ…

– Միանշանակ ստում են, այդպիսի բան չկա: Եթե բանկը ֆինանսավորում է սեփականատիրոջը, ուրեմն չի կարող վարկավորել ավելի, քան ամբողջ վարկային պորտֆելի մինչև 5 %: Սովորաբար բանկերում փայաբաժին ունեցող սեփականատերերը` գործարարներն, իրենք պատրաստի բիզնեսներ ունեն ու իրենք են մարդ փնտրում, որ վարկավորեն: Ձեր կողմից նշված տեսակետը հիմք չունի:
Ժամանակակից շուկայում առկա սուր մրցակցության պարագայում որևիցե բանկ միայն սեփականատիրոջը կամ հիմնական բաժնետիրոջը վարկավորելով չի կարող գոյատևել:

– Առաջիկայում բանկիրների ժողով է նախատեսվում: Գյուղատնտեսական վարկերի հարցը քննարկելո՞ւ եք, կարկուտից տուժածների վարկային տոկոսադրույքները կսառեցվե՞ն:

– Մենք քննարկելու ենք բանկերի կողմից գյուղացիներին օգնություն ցուցաբերելու հարցը, որ հակակարկտային սարքեր նվիրենք գյուղացիներին: Իսկ տոկոսադրույքների սառեցման հետ կապված` ինչպե՞ս է կառավարությունը կարողանալու սառեցնել մասնավոր բանկի տված վարկերը: Սուբսիդավորել կարող են ու դրանով կթեթևացնեն գյուղացիական տնտեսությունների վիճակը: Բայց պետք չէ մոռանալ, որ բանկն այն գումարները, որ տրամադրել է գյուղացիներին, վերցրել է նաև ավանդատուներից, ուստի գյուղացիների կողմից վճարած այդ տոկոսներով բանկը պետք է վերադարձնի ավանդատուների տոկոսները նույնպես: Սառեցնել հնարավոր չէ, ոչ մեկը դա չի կարող:

– ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ բանկերի նկատմամբ հսկողությունը խստացվելու է: Ինչպե՞ս կմեկնաբանեք, ո՞րն է պատճառը:

– Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, սակայն, եթե դա արվել է, ապա համոզված եմ, դա արվել է այլ կոնտեքստով: Դա կարող է արված լինել բյուջետային քննարկումների ժամանակ, որտեղ կարող է այդ հարցը բարձրացված լինել, քանի որ որոշ բանկեր անցած տարի առանձնապես շահութաբեր չեն եղել: Ընդհանրապես, բանկերի կողմից շահութահարկի վճարումը կարող է նվազել տարբեր պատճառներով: Օրինակ` նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար ծախսեր կատարելու հետևանքով, հաճախորդների կողմից վարկերի վերադարձելիության նվազման դեպքում, աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ ավելացման պարագայում, սակայն այս դեպքում կնվազի շահութահարկը, բայց կավելանան եկամտային հարկը և սոցիալական վճարները:
Բանկերն արդեն իսկ շատ վաղուց գտնվում են խիստ կանոնակարգված դաշտում, և ԿԲ-ի կողմից բանկերի հանդեպ շարունակապես տարվում է վերահսկողություն, իսկ ՊԵԿ-ի կողմից բանկերը միշտ էլ պարբերաբար ստուգվել և ստուգվում են:

Բանկային համակարգը 100 % թափանցիկ է (բանկերը չեն էլ կարող լինել ոչ թափանցիկ), և ցանկացած տիպի ստուգումներ մեզ չեն անհանգստացնում: Առավել ևս, որ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված են բոլոր բանկերը, ի դեպ, գումարային առումով 2012 թ.-ին բանկերն ավելի շատ շահութահարկ են վճարել, քան 2011 թ.-ին: Սակայն, կարծում եմ, որ տնտեսության մեջ դեռևս կան ոլորտներ, որոնք առավել ուշադրության կարիք ունեն, և ՊԵԿ-ի այդ ռեսուրսները կարելի է ուղղել հենց այդ ոլորտներում ստուգումներ կատարելու համար:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս