Վլադիմիր Մալյավին. Չժուան-Ցզի
Սկիզբը` այստեղ.
Գրական շնորհով և անհատնելի երևակայությամբ Չժուան-ցզին ստեղծում է երգիծական կերպարների դասական պատկերասրահ, որ մերկացնում են պետական և գիտուն այրերի արատները, նրանց փառասիրությունը, բանսարկությունը, անգիտությունը, մանրապճեղությունը, անհոգիությունը, կաշառակերությունը, կեղծավորությունը: Ինչ ասես արժե հանրահայտ աստիճանավորի համեմատությունը խոզի մազի մեջ բուն դրած որդի հետ, որ ուրախ ու զվարթ ապրում է… մինչև որ ցցամազերը կրակը բռնի: Իսկ թագավորությունների միջև պատերազմները հիրավի սվիֆթյան հեգնանքով նմանեցվում են մարտերին լիլիպուտների միջև, որ տեղավորվում են խխունջի մի պոզի վրա:
«Խխունջի ձախ պոզի վրա գտնվում է Ժուն ցեղի թագավորությունը: Աջ պոզի վրա` Ման ցեղի թագավորությունը: Մի անգամ նրանք հողի համար կռվի բռնվեցին: Մի տասնյակ մարդ կոտորեցին, փախչողների ետևից տասնյակ օրերով և ևս հինգ օր որսի էին ելնում, իսկ դրանից հետո գնացին իրենց տներըգ»: Մարդկային ունայնության ճահիճը խրվելը, եթե նույնիսկ այդ ունայնությունը քողարկվում է մեծ-մեծ խոսքերով, ինքնին քամահրանքի արժանի է:
Բայց Չժուան-ցզիի դատավճիռը շատ ավելի խիստ է` նա, ով ապրում է գրքային բարոյախոսների պես, իր «բարի անվան» մասին մտքով, ով իրեն նվիրում է վերացական գաղափարներին ծառայելուն, կորցնելով իրականության զգացողությունը, նա նրա աչքերում վերածվում է ողջ-ողջ թաղվածի: Հզոր պալատականներին փիլիսոփան համեմատում է մե՛կ մեռած կրիայի հետ, որ որպես մասունք` պահպանվում է ոսկե զարդատուփում, մե՛կ նրբագեղ զարդարված զոհացուլի, մե՛կ թռչնի հետ, որին համեղ կերակրում են, բայց պահում են անազատության մեջ:
Պալատական սրահներում մեռած կրիա լինելու փոխարեն` ավելի լավ չէ՞, եզրակացնում է Չժուան-ցզին իր սովորական երգիծական տոնով` «Ողջ կրիա լինել և պոչը տարուբերել կեղտի մեջ»: Կենաց անկախությունը` դաոս մտածողի պատկերացմամբ, մարդու մեծագույն ստացվածքն է:
Չժուան-ցզին «թափառիկ փիլիսոփաների» պատրանքների անկման խորաթափանց վկան է: Եվ նա չի ուզում կրկնել նրանց սխալները: Բարոյականությո՞ւնը: Դեռևս ոչ մի սրիկա չի ծնվել, որ դրա անունով չերդվի: Պարգևատրել արժանիքների համար և պատժել վրիպանքների համա՞ր: Չարագործին պատժով չես ուղղի, իսկ կարգին մարդն առաց պարգևատրումների էլ կապրի ազնիվ: Պետությո՞ւնը: Թող այն գոյություն ունենա, բայց այնպես, որպեսզի ոչ ոք չնկատի: Ահա զվարթ ճշմարտությունները բոլոր անգետների երդվյալ թշնամու, որ համոզված են այն բանում, թե իրենք գիտեն, թե «ինչպես է պետք», բոլոր նրանց, ովքեր կյանքի բոլոր դեպքերի համար ուղեցույց են փնտրում: Եվ դրանց մեջ առաջիններն են բռնակալության «սոցիալական ինժեներիայի» գիտակները, որ մարդկանց չափում են պետական օրենքների «անկյունաչափի և ուղղաչափի» անդեմ ստանդարտով, որ երազում են բոլորին քշել-բերել կանոնների պրոկրուստյան մահճի մեջ, և հանուն միասնական չափման` պատրաստ են, ըստ Չժուան-ցզիի թևավոր արտահայտության` «ձգել բադերի ոտքերը, կտրել կռունկների ոտքերը»: Աշխատակարգերի և օրենքների համեմատությունը հյուսնի գործիքի հետ պատահական չէ, չէ՛՞որ բռնությունը և տեխնիկական պրոցեսն ընդհանուր հիմք ունեն` իրերի վերածումը զուտ օբյեկտի, ներգործության «պասիվ նյութի»: Խոշտանգումը, սովորաբար լինելով ձևով տեխնոլոգիական, տեխնոլոգիական է և իր էությամբ:
Չժուան-ցզին բացառիկ սրատեսությամբ իր դարաշրջանի համար կարողացավ տեսնել ագրեսիվությունը և զանգվածային խելացնորությունը, որ թաքնված է բռնակալական դեմագոգիայի կարգի ետևում: Նա կարողացավ տեսնել, որ արտաքին բռնությունը ավելին չէ, քան ներքին բռնության շարունակությունը, և նրա թվացյալ չպատճառաբանվածությունը խաբուսիկ է: Քանզի բռնության ակունքը հենց արժեքներն անձնավորելու ձգտման մեջ է, էությանը հասու լինելը, քեզ և աշխարհը առարկայացնելը: Չարիքը, պնդում էին դաոսները, հայտնվում է այն պահին, երբ սկսում են կոչ անել հանուն բարիքի բարիք գործել: Եվ ամենայն վիճաբանություն, ամենայն ինքնագովերգում իր վրա կրում է տոհմակնիքն այդ նախնական բռնության, որը, լինելով մարդու աշխարհից զատման չափը, իրականում այլ բան չէ, քան նրա անուժությունը: Այստեղից է Չժուան-ցզիի վերաբերմունքի ողջ երկակիությունը նրան հայտնի քաղաքակրթության գաղափարախոսների նկատմամբ` կոնֆուցիոսականների և մոիստների:
Նա ցասկոտ պարսավում է գեղեցիկ նախադասությունների այդ սիրահարներին «մշուշոտության», «մշակութային նվաճումների», «արդարության» և այլ բաների մասին, և ովքեր չեն նկատում կամ չեն կամենում նկատել, որ հասարակությունը, որի մեջ իրենք քարոզում են, իրենց օգնությամբ վերածվել է կոճղակիր բանտարկյալների, որ սպասում են լոկ գլուխը կառափնարանին դնելու իրենց հերթին: Բայց նա նաև ներողամտաբար ծիծաղում է նրանց վրա, չէ՞ որ նրանց հասարակական փրկության վսեմաշուք նախագծերը ճշգրիտ ուրվագծում են մարդկային անօգնականության ոլորտը:
Կան իրավիճակներ, որ մասամբ պարզաբանում են դաոս գրողի բարդ երանգապնակի ակունքները, իր ողջ հոգով ծիծաղելու ընդունակությամբ, որ հավելվում է թաքնված և լոկ երբեմնակի նշմարվող և ի դերև եկող դառնության, անբավարարվածության, զայրույթի վրա: Ինչպես արդեն հիշատակվել է, Չժուան-ցզին, հավանաբար, անկում ապրած ազնվականների ծնունդ էր, ինչն ինքնին նրա վիճակը բավական երկիմաստ էր դարձնում: Դրանից զատ, նա ապրում էր փոքրիկ թագավորությունում, որ կծկված էր զորեղ թագավորությունների միջև և այնքան բաց էր դրսի ասպատակությունների համար, որ ժամանակակիցներն այն անվանում էին «վայր, ուր մարտի մեջ միատեղվում են աշխարհի չորս ծագերը»:
Դրան հավելենք, որ Չժուան-ցզիին վիճակվեց լինել հարազատ թագավորության հոգեվարքի վկան, երբ պալատական կյանքի դաժանությունը հասել էր նույնիսկ այն մշուշոտ դարաշրջանի համար հազվագյուտ չափերի: Եվ ևս մեկ ոչ պակաս կարևոր պարագա` Սուն թագավորությունը հիմնել էին չժոուսցիների գրաված ինիական ավագանու հետնորդները, և նրա բնակիչները պահպանում էին ինիական մշակույթի որոշ ավանդույթները: Հիմա շատ դժվար է որոշել, թե որն էր սունցիների բարքերի և սովորույթների յուրահատկությունը, բայց դա բավական էր այն բանի համար, որպեսզի նրանց ծանակելու օբյեկտ դարձնի իրենց հարևանների համար և շատուշատ թափառիկ անեկդոտների հերոսներ: Ամենահետաքրքիրը, որ այդ անեկդոտներից ոմանք բերվում են Չժուան-ցզիի գրքի այն մասերում, որոնք միաձայն վավերական են համարվում:
Այդպիսին է Չժուան-ցզի գրողը, ում ինքն իր վրա ծիծաղելու ընդունակությունը նման է ծիծաղի ու լացի գոգոլյան չտարբերակմանը:
Բայց ծիծաղելով կամ լալով, Չժուան-ցզին ընդվզում է կայսերական տեխնոլոգիայի և դեմագոգիայի մեռածության և թաքուն դաժանության դեմ: Նա դեմ է ձիերի սանձերին, գոմշացլերի լծերին, մարդկային հասարակության մեջ տեղ գտած հարմարվողականությանը: Նա կողմ է լիարյուն, բնական, արձակ կյանքին յուրաքանչյուր կենդանի էակի համար: Վեցերորդ մատը ձեռքի վրա կարող է ավելորդ թվալ, բայց այն էլ չի կարելի անցավ կտրել:
Իհարկե, նմանապես մտածելու համար պարտադիր չէ դաոս լինել: Արհեստական սահմանափակումների ժխտումը, որ հաստատում է քաղաքակրթությունը, ամենայն կյանքի ներունակ արժեքի գովերգումը նկատելի գործոն էր Չժանգո դարաշրջանի ինտելեկտուալ կյանքում: Հայտնի է, որ Չժուան-ցզիի հետ նույն դարաշրջանում և ոչ շատ հեռու իրենից դեպի հարավ ապրում էին, այսպես կոչված, «փիլիսոփա-հողագործները», որ ազդարարում էին, որ տիրակալները պիտի գյուղացիների հետ հավասար հող հերկեն: Այդ ուտոպիստներն ապրում էին ողջ համայնքով, ուր նրանք ջանում էին իրագործել հավասարության իրենց իդեալը:
Մեկ այլ, այն ժամանակ հայտնի մի փիլիսոփա` Յան Չժուն, իմաստություն էր կոչում ամբողջական և գերագույն բավականությամբ ապրելու կարողությունը յուրաքանչյուրին տրված ժամկետի մեջ: Յան Չժուի գլխավոր սկզբունքը բնությունից քեզ տրված ոչինչ չզոհելն է արտաքին ձեռքբերումների համար, նույնիսկ ողջ աշխարհին տեր լինելը չի կարող փոխարինվել նույնիսկ մի մազի կորստով: Սակայն Չժուան-ցզիի դիրքորոշումը` վերցված որպես պատմամշակութային երևույթ, շատ ավելի բարդ է որևէ մտահայեցական գաղափարից և նույնիսկ ավելի ընդգրկուն է շիի ողջ ավանդույթից: Նա հիանալիորեն գիտի «թափառիկ գիտունների» հասարակությունը: Նա գիտի դրա ճակատամասի երեսը և նրա փայլի ստվերները:
Բայց նա կողմ է քաշված դրանից և կոչ է անում վերանայելու շի մշակույթի արժեքները` որպես պաշտոնյաների կամ մարդկանց, որ արժանի են ծառայության: Ավելին, փիլիսոփայող «պարզամիտի Սունից» ստեղծագործության մեջ մենք տեսնում ենք գիտական ընտրանու մեջ հոգեկանության այլ տիպի ներթափանցումը, որ բացահայտորեն թշնամի է իմաստության անդեմ և հեղինակավոր, հիերարխիա կարգող նոր սխեմաներին, և ստեղծում է այն հոգեկանությունը, որ համակցված է անհատական փորձի և Տիեզերական Ուժի էքստատիկ շփման հետ: Չժուան-ցզին հաճույքով դիմում է պատկերների, որ քաղվում են շամանիստական ժառանգությունից, ճգնակյացների և մենակյացների էզոտերիկ պրակտիկայից, և գովերգում է խորհրդավոր «աստվածային մարդկանց», ովքեր գերբնական հատկություններ ունեն: Սակայն, նա չի հավակնում օկուլտայի գիտությունների մագիստրոսի կոչման և փրկություն չի փնտրում անմարդաբնակ լեռներում:
Չժուան-ցզիի վերաբերմունքը բացատրելու հետաքրքիր փորձ է բովանդակում նրա գրքի 15-րդ գլխում, որտեղ բերված են գիտուն այրերի հինգ կատեգորիաներ «այրալեռնային ձորերի», որ հեռացել են` քամահրելով աշխարհը, առ այն «այրերը, որ կարգավորում են աշխարհը», ամենայն տեսակի ռեֆորմատորներն ու բարոյախոսները, «պալատական այրերը», որ կանգնած են իշխանության գլխին, «գետերի և ծովերի այրերը», որ անցկացնում են օրերը պարապության մեջ, մարդկանցից հեռու, «ճգնակեցական վարժանքների այրերը», որ ծարավի են հավերժական կյանքի:
«Սակայն աշխարհի ճշմարտությունը,- ասվում է ի ամփոփումն,- այն է, որպեսզի վսեմ լինես` առանց պարծենկոտ մտորումների, դաստիարակելով քեզ, չմտածելով մարդասիրության և արդարության մասին, ղեկավարել, չունենալով արժանիքներ և փառք, կենալ պարապության մեջ` չթաքնվելով գետերում ու ծովերում, ապրել երկար, առանց ճգնակեցական վարժանքների, ամեն ինչի մասին մոռանալ և ամեն ինչին տիրանալ, լինել անպաճույճ և սահմաններ չճանաչել…» (210 էջ):
Ակնհայտ է, Չժուան-ցզիի նպատակն այն չէ, որպեսզի ընտրի այս կամ այն «սկզբունքը», այլ այն, որպեսզի հաղթահարի ամենայն սկզբունքի և ամենայն տեսակետի սահմանափակությունը: Թեպետ, օրինակ, Յան Չժուի ազդեցությունը նկատելի է Չժուան-ցզիի գրքի «խառը» մասում, վերջինիս խորթ են հեդոնիզմը և կյանքում օգուտների և կորուստների հաշվարկները: Նա անհամեմատ ավելին է պահանջում:
Փայփայել կյանքը «կյանքից հրաժարվելու միջոցով»: Թեպետ Չժուան-ցզին հիացած է մենակյացների ճգնակեցական սխրանքով, նա չի ընդունում աշխարհի հետ կապերը կտրելու անհրաժեշտությունը, և նույնիսկ ծառայությունը նրա իմաստության համար խոչընդոտ չէ: Մի խոսքով, Չժուան-ցզիի դիրքորոշումն ամենայն երևութականի, օբյեկտիվացված ֆորմայի, մասնավոր փորձի, ամենայն համընդհանրության, ամենայն փաստարկման, որ հիմնված է տրամաբանա-քերականական կատեգորիաների կամ պատմական նախադեպերի վրա, հետևողական մերկացումն է: Դա է դաոսական մտքի քննադատության էությունը` սկզբունքորեն չափավոր քննադատության, այսպես ասած` պրոֆիլակտիկ:
Չժուան-ցզին ներկայանում է` որպես չինական մշակույթի ասես լուսանցքային կերպար` ծառայողական ընտրանու գաղափարախոսության, բանահյուսության «փոքր առասպելաբանության», անմահության կրոնի իր բոլոր մոգա-օկուլտային աքսեսուարներով:
Դա չի նշանակում, իհարկե, որ նա չի կարող լինել ամբողջությամբ վերցված չինական ավանդույթի կենտրոնական կերպարը: Բայց Չժուան-ցզիի դեպքում պետք է զգոն լինել և չդատել նրա մասին այն բանով, որ մակերեսի վրա է: Չժուան-ցզին կատակում է, երբ նա լուրջ է, և լուրջ է, երբ կատակում է: Չժուան-ցզիի կենաց իդեալը` լիակատար «անօգտակարությունն է» և անորսալիությունն է աշխարհիկ կյանքի թակարդների համար, ուր էլ որ գտնվի աշխարհում: Չժուան-ցզին չի հավատում ոչ ինտելեկտի քիմերներին, ոչ էլ բանականության դեմ խռովությանը: Նա փնտրում է ոգու կյանքը սնող թաքուն ակունքները, և խոսում է այն բանի մասին, որպեսզի ապրես ոչ ուրիշների համար և ոչ էլ քեզ համար, այլ ինչ-որ բանի համար մեր ներսում, որ անվերջորեն մեզ գերազանցում է: Նա ուսուցանում է ոչ թե «կենսակերպը», այլ ազատագրումը որևէ կենսակերպից: Նա պահանջում է կյանքի բացարձակ աննշմարությունը, որը հավասարազոր է նրա ամենագոյությանը:
Գրականության մեջ վաղուց ծեծված շտամպ է դարձել հերոսական մտածողին իր «դաժան դարի» դեմ բախման մեջ դնելը: Չժուան-ցզիի ժառանգությունը ստիպում է դարձյալ խորհրդածելու այդ ընտել հակադարձ բաների բախման մասին: Անթաքույց պետական ահաբեկչության և «ազատ փիլիսոփաների» անկման դարաշրջանում, երբ կեղծավորությունն ու ցինիզմը դարձան պետական քաղաքականության սկզբունքը, իսկ մտքի ինքնավերացումը և հոգևոր ստրկությունը թվում էին խորհրդածության անխուսափելի ելք, դաոս մտածողը կարողացավ առանց մելոդրամատիկ պաթոսի պաշտպան կանգնել ոգու անկախությանն ու ազատությանը և գտնել դրանց արդարացումն այնտեղ, ուր ավարտվում են ռացիոնալապես հիմնավորվող ճշմարտությունները: Չժուան-ցզին մարդու հանդեպ վստահության խորագույն ճգնաժամի վկան է այն առումով, որ ճշմարտությունը, ըստ նրա համոզման` «մարդկային հասկացություններից անդին է», և Ճշմարիտ ճանապարհը մարդկային ուղիներից վեր է: Բայց դա լոկ նշանակում է, որ մարդու համար նախատեսված է ավելի բարձր ճակատագիր, քան այն, ինչին կարող ես հասու լինել մտքով, որ սահմանափակում է կյանքի անվերջությունը վերջավոր հասկացություններով: Չժուան-ցզին մշակույթի նորմերը համեմատում է իջևանատների հետ ճշմարտության ճանապարհին: Իմաստուն մարդիկ կարող են կենալ դրանցում գիշերելու, բայց երկար չեն մնում:
Լուսադեմին նրանք դարձյալ ճամփա են ընկնում անսահման տարածությունների անհայտ ճանապարհներով: Սակայն լսենք հենց իրեն` Չժուան-ցզիին: Խուեյ Շին Չժուան-ցզիին ասաց. «Ես մի մեծ ծառ ունեմ: Մարդիկ այն կոչում են ցզույ: Նրա բունն այնպես է ծռված, որ դրանից ուղղալար չես կախի: Նրա ճյուղերն այնքան ծռտիկ են, որ դրանց անկյունաչափ չես հարմարեցնի: Այն կեցած է ճամփեզրին, բայց հյուսները նրա վրա չեն նայում: Այդպես են և ձեր խոսքերը` մեծ են, բայց դրանցից օգուտ չկա, այդ պատճառով էլ մարդիկ դրանց ունկ չեն դնում»:
Չժուան-ցզին ասաց. «Արդյո՞ք ձեզ չի վիճակվել տեսնելու, թե ինչպես է որս հետապնդում վայրի կատուն: Նա սողում է, ամեն պահի պատրաստ աջ ու ձախ, վեր ու վար նետվելու, բայց հանկարծ ծուղակն է ընկնում և զոհվում է թակարդում: Իսկ ահա եզնուղտը վիթխարի է, ինչպես երկինքը պարուրող ամպը, բայց իր չափերով հանդերձ` նույնիսկ չի կարող մուկ բռնել: Իսկ ահա դուք ասում եք, որ ձեր ծառից օգուտ չկա: Իսկ ինչո՞ւ դուք չեք ուզում այն տնկել Գյուղում, որը ոչ մի տեղ չկա, անսահման լայնության անապատում, և չդեգերել նրա շուրջն անարարքության մեջ, և նրա տակ հանգիստ չգտնել հաճելի երազանքներում:
Այնտեղ այն չի կտրի կացինը և ոչինչ նրան վնաս չի բերի: Երբ օգուտ չեն գտնում, որտեղի՞ց պիտի հայտնվեն հոգսերը» (էջ 138):
Չժուան-ցզիի փիլիսոփայությունը` Ինքդ քեզնից դուրս և, այդուհանդերձ, առ ինքդ քեզ ճամփորդության հրավեր է, դեպի ամենազարմանալին և, այդուհանդերձ, դեպի մարդու համար ամենաբնական ճամփորդությունը:
Նախերգանք
«Իրերի հավասարակշռության մասին» գլխի սկզբնական տեսարանը
Ձզիցզի Նինգոյից նստած է, սեղանին հենված, շնչում է` երկնքին ունկ դնելով, և նրա տեսքն այնպիսին է, ասես նա ինքն իրենից վերացել է: Յանչեն Յանը հարգալից կանգնած է նրա կողքին:
Յանչեն Յան` Ի՞նչ է սա: Մարմինը դարձել է հանց չորացած ծառ, իսկ սիրտը` մարած մոխիր: Դուք այժմ նստած իմ դիմաց, այն չեք, ում ես տեսել եմ այստեղ անցյալում:
Ձզիցզի` Դու լավ ասացիր, Յան: Այժմ ես թաղել եմ ինքզինքս: Արդյոք դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է: Դու, երևի թե, լսել ես մարդու սրինգը, բայց դեռ չես լսել երկրի սրինգը: Եվ եթե դու նույնիսկ ունկ ես դրել երկրի սրինգը, դու դեռ չես լսել երկնքի սրինգը:
Յանչեն Յան` Թույլ տվեք հարցուփորձել այդ մասին:
Ձզիցզի` Վիթխարի գուղձը օդ է արտաշնչում, որ կոչի քամի: Նա կենում է հանգստության մեջ: Իսկ երբեմն սկսում է շարժվել, և այդժամ անցքերի ողջ բազմությունը սկսում է արձագանքել նրան: Դու մի՞թե չես լսել նրա ամպրոպանման երգը: Ծառս եղող լեռնակատարները, վիթխարի ծառերի փչակները բյուրագիրկ` հանց քիթ, բերան ու ականջներ, ինչպես սափորի բուկը, ինչպես գինու թասը, ինչպես ոտնահետքը, ջրափոսը, ինչպես կեղտահորը: Երբ քամին լցնում է նրանց, նրանք և ոռնում են, և ճչում են, և գոռում են, և լալիս են, և տնքում, և հաչում են: Ինչը որ սկզբում հնչում է, ետքից արձագանքվում է: Թույլ քամու դեպքում փոքր ներդաշնություն է, ուժեղ քամու դեպքում` մեծ ներդաշնություն: Բայց քամին հանդարտում է, և բոլոր անցքերը լռում են:
Մի՞թե այդպես չեն քամու տակ պարում ծառերը:
Յանչեն Յան` Կնշանակի երկրի սրինգը` լոկ անցքերի ողջ բազմությունն է: Մարդու սրինգը` դատարկ եղեգնյա փողը: Բայց ի՞նչ բան է երկնքի սրինգը:
Ձզիցզի` Տասը հազար տարատեսակ ձայները: Եվ ուրեմն ո՞վ է, որ թույլատրում է նրանց լինելու այնպիսին, ինչպիսին նրանք կան, և երգել այնպես, ինչպես իրենք երգում են:
Յանչեն Յանը (դիմելով ինքն իրեն)` Զվարթությունն ու զայրույթը, տրտմությունն ու բերկրանքը, հույսն ու զղջանքը, փոփոխությունն ու անփոփոխությունը, վսեմ մտադրություններն ու նսեմ արարքները` հանց երաժշտություն, որ ելանում է դատարկությունից, ինչպես սնկերը, որ ծնվում են գոլորշիներից, ինչպես ցերեկն ու գիշերը, որ մեր առաջ փոխարինում են միմյանց: Եվ անհայտ է, թե որտեղի՞ց է այդ ամենը: Եղիցի այդպես: Արդյոք նրանից չէ՞ այն, որ թե ցերեկը, և թե գիշերը մեզ հետ է: Ասես թե կա ճշմարիտ տեր, բայց ոչ մի տեղ չես նկատի դրա նշանները: Նրա գործերին չես կարող վստահել, սակայն չես կարող տեսնել նրա կերպարանքը:
Կանչը
Չժուան-ցզիի խոսքն անսահման հանգստության շրշյունն է: Առաջին հանկարծահաս զգացողությունը, մինչև որ գան խոսքերը: Արշալույսը, որ հորիզոնից լույս է հեղում, որում մարդիկ անցընում են օրերը:
Երկրի ձայնը, որը երբեք չի լռում: Բոլոր ձայնաց ձայնը: Անհնարին խոսքը:
Սակայն ինչ ֆանտազիա է` հողը բերան երևակայել, բացված համր ճիչի մեջ: Ինչ անառարկելի ու անվերապահ, հենց պատկերի ներքին տրամաբանությամբ են լուծվում այստեղ բառով անլուծելի բնազանցության պարադոքսները: Որքան շատ բան է բերում հազարաձայն երգեհոնի հնչեղ լռությունը` երաժշտության մաքուր էքսպրեսիան` առանց «այո»-ի և «ոչ»-ի, ցանկությունը, մտերմիկ և անձնական ուժ, քանզի անձնական է լոկ ձայնը, իսկ նշանն անանձնական է: Որքան շատ բան դեռ` անհայտ սրնգի մեղեդին անսպառ է:
Ֆանտազիա՞: Բայց երբ լուսավորված բեմի վրա կենդանանում են անծանոթները, արդյո՞ք մեզ չի գրավում «թատրոնի մոգությունը»: Մինչև մեր հասկանալու և երևակայելու ընդունակությունը: Մի՞թե պոեզիան մեզ ամենամեծ հաճույքը չի պատճառում բառերի անհստակ սարսուռով: Եվ մի՞թե անխոս երաժշտությունը չի թափանցում մեր մեջ ամենայն խոսքից խորը: Առավել ևս` մունջ երաժշտությունը:
Բառերն ապրում են շնչառությամբ: Շունչը ճանաչվում է բառերի շնորհիվ: Արտահայտիչ գործողության խորագույն իմաստը` անասելի բառ-շունչն է, որը մեզ աշխարհից բաժանող պատկերներ չի ստեղծում: Այն մեր մեջ է մտնում կենաց շնչառությամբ, նույնիսկ մեր կամքից անկախ բանալով մեզ աշխարհին և աշխարհը` մեզ:
Համաշխարհային շնչառության մոտիվը, նախաստեղծ «ոգու, որ շրջում էր ջրերի վրա», և քնքուշ ու կատաղի տիեզերական քամու մոտիվը համապարփակ է մարդկային մշակույթի մեջ: Այն վկայում է մարդկային գիտակցության միասնության մասին ավելի անմիջական և անվերապահ, քան այն, ինչի մասին կարող է հաղորդել պատկերը: Չժուան-ցզին գրականության մեջ է ներմուծում բացարձակ հանդարտ շնչառության մոտիվը, բոլոր ռիթմերի ռիթմի, և դարձնում է դա խորհրդածության առարկա: Դրանով է պայմանավորված նրա տեղը, երևի թե բացառիկ, գրականության և մտքի պատմության մեջ:
Դրանով է պայմանավորված նրա ստեղծագործության ներքին դրամատիզմը… Քանզի ինչպե՞ս ներմուծել գրականության մեջ նշանների աշխարհը, որ ակնթարթ առ ակնթարթ դավաճանում են ձայնին, մաքուր շնչառությանը: Ինչպե՞ս պատկերման առարկա դարձնես այն, ինչը կազմում է էքսպրեսիայի էությունը: Այս հարցերը Չժուան-ցզիին վերադարձնում են աշխարհի նորեն հայտնաբերման հանճարեղ միամտությանը: Հնարավոր է, որ հենց դրանք էլ նրան թույլ են տալիս անսովոր խիզախությամբ (և անընդօրինակելի հեգնանքով) հարցանել անմիատեղելիի միասնության և անիմաստի իմաստալիության մասին. «Խոսքը կարծես թե օդի արտաշնչումը չէ:
Խոսողն ինչ-որ բան ասում է: Բայց այն, ինչ նա ասում է, միշտ անհաստատ է: Ի վերջո, արդյո՞ք գոյություն ունի խոսք: Թե՞ խոսքն ընդհանրապես գոյություն չունի: Այն թռչնի ճռվողյունից տարբեր են համարում: Արդյո՞ք այստեղ կա տարբերություն:
Թե՞ տարբերություն չկա» (էջ 141): Այս տարօրինակության աստիճանի միամիտ հատվածում Չժուան-ցզիին հաջողվում է արտահայտել իր վերաբերմունքը խոսքի հանդեպ և, ընդ որում (ինչը նա հատկապես սիրում է), ասել շատ ավելին, քան արտահայտել: Մարդկային խոսքի համադրումը թռչնի դայլայլի հետ պատիվ է բերում «հանդգնություններ արարողին»:
Արդյոք միամտությա՞ն, թե՞ ֆանտազիայի քմայքով կամ թե մեկ այլ պատճառով դաոս հեղինակն առաջարկում է ընթերցողին երևակայել, դե, թեկուզ էքսպերիմենտի կարգով, արտասովոր մի իրավիճակ, դե ի՞նչ, եթե խոսքերը հանկարծ զրկվեն իրենց համընդհանուր ընդունելություն գտած նշանակություններից, և նախադասությունների իմաստը դուրս պրծնի քերականության գերությունից, հանց վանդակից դուրս թողած ճնճուղ: Չինացի գրողին դա պատկերացնելը հատկապես հեշտ է, նրան բավ է տեղփոխ անել հիերոգլիֆական նշանները:
Պարզվում է, որ լեզվում և ոչ մի «նշանագիտական արհավիրք» տեղի չի ունենա: Ինչպես էլ ընդունես խոսքը, միշտ էլ կլինի ինչ-որ իմաստ և ինչ-որ անիմաստություն, թեպետ նրանց վիճակը միմյանց նկատմամբ կլինի շարժուն և անորոշ: Չժուան-ցզին չի փորձում ինչ-որ սկիզբ մակաբերել, որ ունակ է միջնորդավորելու թե մեկին և թե մյուսին: Դժվար չէ տեսնելը, թե ինչու այդպիսի կատեգորիա-միջնորդի ներմուծումը հասկանալի կդարձներ այն, ինչը, ըստ սահմանման, և դրանով իսկ իմաստազուրկ կաներ հենց այդ կատեգորիան: Թվում է, թե ամենայն ինչ աշխարհում համադրելի է, բացի մտքից և անմտությունից: Եվ այդուհանդերձ, նրանք միշտ զույգ են քայլում, ուզում ես միտք ունենալ, ունեցիր և անիմաստություն: Ասվածից հետևում է, որ մարդը, որ կամենում է ինչ-որ բան «հասկանալ» կամ, ավելի ճիշտ, «ինքն իրեն հասկանալի դարձնել», կամայականորեն հաստատում և խառնում է անիմաստությամբ շրջապատված իմաստի սահմանները:
Սակայն կարելի է նաև ասել, որ մենք օժտված ենք ընկալման ունակությամբ նույնիսկ «հասկանալու» այդ ֆորմալ գործողությունից էլ առաջ, քանզի իմաստի և անիմաստության հակադիր միասնությունն անպայմանական և անխախտելի է: Ֆորմալ, տրամաբանաքերականական ընկալումը ոչինչ չի կարող հավելել այդ նախնական ընկալմանը: Անորսալի իր համակողմանիության մեջ, այդ նախնականը, իմպլիցիտ ընկալումը թաքնվում է սովորական բառակիրառմամբ, սակայն հնարավոր է դարձնում ամենայն որոշակի իմաստ:
Այդպես Չժուան-ցզիի շվարեցնող հանդգնություններն իրականում բնավ էլ հանդգնություններ չեն, այլ իրաց ճշմարտության նախնական ընկալման առաքինի մաքրության վկայությունը, ուր իմաստն ու անիմաստությունը, երաժշտությունն ու խոսքը դեռևս ժողված են անորոշ միասնության մեջ: Դա, եթե կուզեք, Երկրի Շնչառության այն փորձն է, որի մասին խոսվում է Նախերգանքում: Դրանում թաքնվածը նույնքան ոգու անվերապահ (այսինքն` ժխտում կամ ինչ-որ մեկի մտաց գովերգումը չպահանջող) ազատությունն է:
Այն ներկայացված է արտահայտիչ գործողության ինքնաբացահայտվող էքսպրեսիայում, և դրա մասին հաղորդման միջոց է ոչ թե վիճաբանության օտարված կարգը, այլ տարակուսական-անպատասխան հարցերը, որ հնչում են հանց անկառավարելի, բայց ամենագո իրականության հուսաբերկրալի հմայիլներ: Հմայիլներ անօգ, քանի որ այդ իրականությունը համապատասխան պատկեր չունի: Եվ բերկրալի, որովհետև դրանք ծնված են դրանից անբաժանելիության գիտակցությունից:
Թող ոչ մի բառ չկարողանա նկարագրել Չժուան-ցզիի համր ազատությունը: Այդուհանդերձ, այն լռելյայն հաստատում է նրա արձակ խոսքը, որ գերազանցում է բանականության սկեպսիսն ու պարադոքսները:
Հնոց անտի ոչ մի հաղորդագրություն Սունից սերած փիլիսոփայության մասին չի զանցառում նրա զարմանահրաշ գրողական ձեռագիրը: Շատ հաճախ, սակայն, այդ հիշատակումները սահմանափակվում են դաոս գրողի «հարուստ երևակայության» և գեղարվեստական պատկերման շնորհի մակերեսային հաճոյախոսություններով: Բայց մենք արդեն իրավունք ունենք ենթադրելու, որ Չժուան-ցզիի գրքի գրական յուրահատկությունները չի կարելի համարել վարժանքներ բառարվեստում, պարապ հորինման արտադրանք:
Չժուան-ցզիի լեզուն իր հանդեպ լուրջ վերաբերմունքի է արժանի հենց այն պատճառով, որ այն բանաստեղծի հանդուգն լեզու է: Չժուան-ցզիի գրելաեղանակը կարող է և պիտի դառնա նրա անբացատրելի ազատության բանալին: Մենք արդեն գիտենք, որ Չժուան-ցզիի խոսքերը կոչված են պատմելու ընկալման մասին, որը մենք վերը կոչեցինք նախնական կամ իմպլիցիտ, ամենագո ընկալման: Թող լինեն խոսքերը, իսկ իմաստը կգտնվի: Դե ի՛նչ խոսքեր:
Դե, թեկուզ դայլայլիր թռչնավարի և կամ լսիր առվակի խոխոջյունը, և այդ ընկալումն արդեն ներկա կլինի: Այդ դեպքում արդեն ոչ մի բանի մասին խոսելու կարիք չկա: Բայց Չժուան-ցզին խոսում է ուրիշների համար և, ուրեմն, պիտի հաշվի առնի նրանց ընկալումը: Նա պիտի պատմի անպատմելիի մասին և բանական դարձնի անբանականը: Նրա խնդիրն այն է, որ ներշնչի վիճաբանական, տրամաբանաքերականական ընկալման անհամապատասխանությունն իմպլիցիտ ընկալմանը, որը չունի իր «պատկերը» կամ «գաղափարը»: Դա նշանակում է, որ բառերը պիտի գործածվեն ոչ ֆունկցիոնալ, բայց նկատի ունենալով դրանց սովորական նշանակությունը: Այստեղից էլ հետևողականորեն դիտավորյալ և դրա հետ մեկտեղ` անվերապահ, այսինքն` գովերգություն չթույլատրող դաոս մտածողի խոսքերի «խելագարությունը»:
Հենց «խելագար զրույցներ» արտահայտությունը, որը Չինաստանում հաստատունորեն կպել է Չժուան-ցզիի գրություններին, պատահում է հին դաոսի գրքի մի սյուժեում, ուր պատմվում է այն մասին, թե ինչպես Շենունը (հողագործության աստվածային հովանավորը, որ այստեղ վերածվել է դաոս վանականի) ընդունեց իր ուսուցչի մահվան լուրը, «Շենունը սեղանին հենված նստած, կանգնեց, գավազանը ձեռքը վերցրեց, բայց տեղնուտեղը այն դեն նետեց և, ծիծաղելով, բացականչեց. «Երկինքը գիտեր, որ ես անգետ եմ ու շվայտ, դրա համար էլ նա լքեց ինձ ու մահացավ: Ուսուցիչը մահացավ` չպատմելով ինձ իր խելագար զրույցների մասին» (էջ 250):
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ