Պարույր Հայրիկյանը միջնորդում է փոխել իր վրա կատարված մահափորձի մեջ մեղադրվողների խափանման միջոցը
Պարույր Հայրիկյանն իր դեմ կատարած մահափորձի գործով դատական նիստի ընթացքում մի քանի հարց ուղղեց գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանին: Նա հարցրեց՝ արդյոք վերջինս նախորդ տարի եղե՞լ է Սանկտ Պետերբուրգում: Ի պատասխան, Վարդան Սեդրակյանն ասաց, որ 2012-ին այնտեղ չի եղել՝ հավելելով, որ դա շատ հեշտ է ստւգել փաստաթղթերով: Իր մյուս հարցերը Պարույր Հայրիկյանը չհնչեցրեց:
Դատական նիստի ընթացքում տուժող Պարույր Հայրիկյանը միջնորդեց Էդուարդ և Ալեքսանդր Աբրահամյաններին հրավիրել դատարան հարցաքննության համար՝ նշելով, որ նրանք Վարդան Սեդրակյանին 100.000 դոլար են փոխանցել: Հայրիկյանի համար «սպանությունից առաջ 100 հազարը» կասկածելի էր: Մեղադրող Արամ Ամիրզադյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դա մեղադրանքի հետ կապ չունի: «Մեղադրանքի հետ ի՞նչ կապ ունի»,- առարկելով միջնորդության դեմ՝ ասաց ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ այն մեղադրանքից դուրս է:
Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ գործում բացակայում են Վարդան Սեդրակյանի մեղադրանքի հիմքերը, բացակայում են ապացույցները, համաձայն որոնց՝ Վարդան Սեդրակյանը կապ ունի դեպքի հետ: «Գրավոր, իրեղեն ապացույցներում Վարդան Սեդրակյան չկար»,- ասաց Վարդան Սեդրակյանի պաշտպանը: Ըստ Ալեքսանդր Սիրունյանի՝ գործում կան տասնյակ անհստակություններ, որոնք, ըստ նրա, պետք է հետաքրքրեն տուժող Հայրիկյանին: Ա. Սիրունյանը միջնորդեց փոխել Վարդան Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և փոխարինել նրան ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով: Ա. Սիրունյանը դատարանին ներկայացրեց փաստաթուղթ, ըստ որի՝ ամբաստանյալ Վ. Սեդրակյանը տառապում է քրոնիկական հեպատիտ հիվանդությամբ, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն և բավարար: Ա. Սիրունյանը ներկայացրեց մի քանի այլ փաստաթղթեր: Վարդան Սեդրակյանն էլ ավելացրեց, որ ինքը կալանավորվել է մարտի 5-ին օրենքի խախտումով, երբ դեռևս Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր Սահմանադրական դատարան, որի վերջնական պատասխանը դեռ չէր ստացվել: «Ստացվում է, որ ակնհայտ անմեղ մարդուն պահում են բանտում»,- ասաց նա:
Պաշտպանական կողմը չառարկեց միջնորդության դեմ. գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշպան Գայանե Գալոյանն ասաց, որ անհրաժեշտ է բավարարել միջնորդությունը: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանն առարկեց միջնորդության դեմ: Գործով տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք չեն առարկում միջնորդության դեմ՝ որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը: Պարույր Հայրիկանն էլ ասաց, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալանքին, ինքն էլ միջնորդում է ազատ արձակել մյուս 2 ամբաստանյալներին ևս:
Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: