Հովիկ Աբրահամյանը կփակի հաշիվը

Այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում ուղերձով հանդես կգա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի համար բավական կարևոր այս կարգավիճակը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը, մեկնարկում է, մեղմ ասած, ոչ հաճելի մթնոլորտում: Բանն այն է, որ ԵԽ ԽՎ պաշտոնական կայքէջում նստաշրջանի մեկնարկից առաջ հրապարակվել է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերնագրով մի հոդված, որում Հայաստանը որակվել է՝ որպես «ագրեսոր» պետություն: Որպես կայքի հրապարակում ներկայացվող այդ փաստաթուղթն իրականում առաջարկություն է, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, և հետագայում դրա վերաբերյալ պատրաստվի զեկույց:

«12 տարի առաջ ԵԽ ԽՎ-ն Հայաստանին ընդունեց՝ որպես նոր անդամ: ԵԽ-ի, ինչպես նաև միջազգային հանրության սպասելիքները Հայաստանից վերաբերում էին նրան, որ Հայաստանի անդամակցությունը հանուն ժողովրդավարության իրականացվող եվրոպական ֆորումին կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը: Միջազգային հանրության կողմից ներկայացված մի շարք բանաձևերում Հայաստանը բնութագրված է` որպես ագրեսոր պետություն, որը բազմիցս, ինչպես նաև ԵԽ-ի կողմից դատապարտվել է ռազմական ագրեսիայի իրականացման համար, քանի որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հակասում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հիմնարար սկզբունքներին»,- նշված է ԵԽ ԽՎ թվով 31 պատվիրակների կողմից ստորագրված փաստաթղթում:
Այսինքն՝ ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանը պետք է սկսի այս որակումները հերքելով, դրանց հակադարձելով, ինչը, բնականաբար, այնքան էլ դրական մեկնարկ չէ եվրոպական քաղաքական հարթակում սեփական երկիրը ներկայացնելու համար:

Իսկ ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ նման քայլ արվել, ինչո՞ւ է մեր երկիրը ԵԽ ԽՎ պաշտոնական կայքէջում բնորոշվել այնպիսի արտահայտություններով, որպիսիք տարիներ շարունակ կիրառում է ադրբեջանական քարոզչությունը:

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ունի իր բացատրությունը: «Այդ պատգամավորները (փաստաթղթի հեղինակները.- Մ.Ս.) հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս, այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի՝ համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում»,- ասել է Դ. Հարությունյանը:

Նշենք, որ խոսքը ԵԽ ԽՎ-ում Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի և Լեհաստանի շուրջ երեք տասնյակ պատգամավորների մասին է: «Տհաճություն պետք չէ ապրել: Եթե կան մարդիկ, որոնք բացարձակապես ծախված են և հայտարարություն են անում, որը պայմանավորված է իրենց ծախված լինելով, դրան պետք է հանգիստ վերաբերվել»,- ասել է Դ. Հարությունյանը՝ վստահեցնելով, որ այդ հրապարակումը որևէ նշանակություն չունի և ունենալու է ընդամենը «մաքուր թղթի» կարգավիճակ:
Ընդհանրապես, որևէ բացասական երևույթ այդ մասին խոսողների ծախվածությամբ բացատրելն ամենահեշտ եղանակն է: Հայաստանում այս մարտավարությունը շատ լավ գործում է ներքին քաղաքական հարաբերություններում:

Օրինակ, երբ հոդված է հրապարակվում որևէ պաշտոնյայի՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին, նա անմիջապես հայտարարում է, որ դա իր «չուզողների պատվերն» է, կամ, որ այդպիսով իրեն արատավորում են «ծախված լրագրողները»:

Բայց երբ նույն մարտավարությունը կիրառվում է նաև արտաքին քաղաքականության ասպարեզում, մեղմ ասած, ծիծաղելի է: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ եվրոպացի բոլոր պատգամավորներն անբասիր վարքագծի տեր մարդիկ են և չեն ծախվում: Իհարկե այդպես չէ, և նույնիսկ ամենահարուստ երկրների նույնքան հարուստ պատգամավորները երբեմն չեն կարողանում դիմանալ գայթակղությանը: Նորություն չէ նաև, որ Ադրբեջանը մշտապես ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ և իսկապես նավթադոլարները չի խնայում եվրոպացի պատգամավորներին կաշառելու համար: Բայց երբ հայկական դիվանագիտությունը, տվյալ դեպքում՝ խորհրդարանական, ցանկացած անհաջողություն բացատրում է ուրիշների ծախված լինելով, դա թուլության, ավելի ճիշտ՝ անկարողության նշան է: Եթե ընդունենք, որ ԵԽ ԽՎ-ն գրեթե ամբողջությամբ կաշառակեր պատգամավորների համավաքածու է (բացառությամբ հայկական պատվիրակության, իհարկե), ապա Հայաստանը պետք է փորձի ոչ թե դրան հանգիստ վերաբերվել, ինչպես ասում է Դավիթ Հարությունյանը, այլ հակաքայլեր ձեռնարկել, եթե պետք է՝ անգամ կաշառվածներին կրկնակաշառք առաջարկելու միջոցով:

Առարկությունները, թե աղքատ Հայաստանը չի կարող մրցակցել նավթադոլարներ ունեցող Ադրբեջանի հետ, չպետք է ընդունվեն, քանի որ, եթե խնդիրը հասցվում է երկրի շահն այլոց կաշառելու միջոցով առաջ տանելուն, ապա դրան կարելի է և պետք է ուղղել բոլոր հնարավոր ռեսուրսները, որոնք, անշուշտ, կգտնվեն: Սակայն հարցը տեղափոխել միայն «ծախված» պատգամավորների հարթություն, կնշանակի՝ եվրոպական քաղաքականությունը պրիմիտիվացնել այնպես, ինչպես նման դեպքերում անում է ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Այդ պատվիրակության առնվազն իշխանական անդամներից որևէ մեկի մտքով, բնականաբար, երբեք չի անցել գոնե ինքն իրեն հարցնել՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այնպիսի երկրի կարգավիճակում, որի դեմ, թեկուզ «մաքուր թղթի» նշանակություն ունեցող փաստաթղթեր ընդունելու համար, եվրոպական մի քանի երկրների միանգամից մի քանի տասնյակ պատգամավորներ կարող են փող վերցնել ադրբեջանական լոբբիից: Ակնհայտ է, որ նույնիսկ ամենակաշառակեր պատգամավորը՝ ԵԽ ԽՎ պատգամավորը, չի կարող հաշվի չառնել, թե  որ երկրի դեմ է իր «ծախվածությունն» օգտագործվելու:

Այսինքն՝ եթե Հայաստանը միջազգային ասպարեզում որոշակի հեղինակություն ունենար, ապա Ադրբեջանի կողմից «գնվող» պատգամավորների թիվը կարող էր գոնե կիսով չափ պակաս լինել, քանի որ այդպիսիներից յուրաքանչյուրը ծախվելուց առաջ կմտածեր, որ կարող է գործ ունենալ լուրջ պետության, լուրջ դիվանագիտության հետ: Բայց նրանք գիտեն, որ ամեն ինչ, մեծ հաշվով, ավարտվելու է Դավիթ Հարությունյանի կամ մեկ-երկու այլ հայ պատգամավորների  էմոցիոնալ ելույթներով, դրա համար էլ հեշտությամբ «ծախվում» են:

Խնդիրն, իհարկե Դավիթ Հարությունյանի անձը չէ, ոչ էլ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության այլ անդամներինը: Խնդիրն այն Հայաստանն է, որն այդ պատգամավորները ներկայացնում են ԵԽ ԽՎ-ում: Իսկ այդ Հայաստանում գնվում է գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ իշխանությունը: ԵԽ ԽՎ բոլոր պատգամավորները գիտեն, որ Հայաստանում իշխանության ձևավորման ամենահիմնական աղբյուրը ընտրակաշառքն է, գիտեն, որ իշխանությունը գնում է այն ժողովրդի ձայները, որի անունից ՀՀ պատվիրակները ելույթներ են ունենում եվրոպական ամբիոններից:

Գիտեն, դրա համար էլ «ծախվում են»:
Բայց իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ընդամենը մեկ օր հետո՝ հունիսի 26-ին, Ստրասբուրգ է մեկնելու Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ամբողջությամբ տիրապետում է Հայաստանի իշխանական, ընդդիմադիր ու այլընտրանքային համակարգերում տեղի ունեցող առ ու ծախի բոլոր գործընթացներին, պետք է հույս ունենալ, որ նա կլուծի «ծախված» եվրապատգամավորների հարցը, այսինքն՝ կփակի նրանց հաշիվը՝ էական «թեյավճարով»: Կամ առնվազն ԵԽ ԽՎ ամբիոնից կարտահայտի իր հուժկու զարմանքը, թե ինչպես կարելի է լափել ադրբեջանական բյուջեի փողերը՝ Հայաստանին ագրեսոր անվանելու դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս