Ամբաստանյալ. «Զենք ձեռք բերելու համար 1000 դոլար ենք ստացել Վարդան Սեդրակյանից»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի ցուցմունքից հետո մեղադրող Արամ Ամիրզադյանի միջնորդությամբ հրապարակվեցին ամբաստնյալի նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում ամբաստանյալն ասել էր, որ նոր տարուց առաջ Վարդան Սեդրակյանն իրեն ասել էր՝ պետք է վախեցնել ինչ-որ մեկին, իսկ ամանորյա տոներից հետո թերթի վրա մատնանշել է, որ պետք է վախեցնել Պարույր Հայրիկյանին: Իսկ թե ինչո՞ւ է Վարդան Սեդրակյանը վախեցնելու համար ընտրել հենց Հայրիկյանին, ամբաստանյալը նշել էր, որ չի հետաքրքրվել՝ ինչո՞ւ է հենց նա  պետք:

Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում պատմել էր նաև, որ ինքն ու մյուս ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը չէին որոշել, որ Հայրիկյանին պետք է վախեցնել հենց հունվարի 31-ին. «Հարմար պահ պետք է լիներ՝ նոր աներ»:

Քննիչի հարցին՝ որքա՞ն գումար պետք է ստանային իրենք Հայրիկյանին վախեցնելու համար, ամբաստանյալը պատասխանել էր, որ Վարդան Սեդրակյանը գումարի  մասին չի հիշատակել, սակայն ասել է, որ «կատարողը գոհ կմնա»: Ամբաստնյալն իր նախաքննական ցուցմունքներից մեկում ասել էր, որ զենք ձեռք բերելու պատրվակով Վարդան Սեդրակյանից 1000 դոլար է ստացել, որը հավասար կիսել են Խաչատուր Պողոսյանի հետ: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ ինքն ու Խաչատուր Պողոսյանը Վարդան Սեդրակյանին չէին ասել, որ իրենք անձամբ են վախեցնելու Հայրիկյանին (ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի՝ Վարդան Սեդրակյանը խնդրել էր գտնել մարդկանց, ովքեր կվախեցնեին Հայրիկյանին):

Սամվել Հարությունյանը, արձագանքելով քննիչի դիտարկմանը, թե մյուս մեղադրյալ Խաչատուր Պողոսյանն ասել էր, որ Վարդան Սեդրակյանը պատվիրել է վախեցնել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, և Ս. Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, ինչպես նաև լրագրողներից մեկին, նշել էր, որ դա համապատասխանում է իրականությանը: Ըստ նրա նախաքննական ցուցմունքներից մեկի՝ Վարդան Սեդրակյանն ասել էր, որ պետք է այրել Միքայել Մինասյանի ավտոմեքենան: «Սաշիկի ախրանան ուժեղ ա, դա հետո»,- ըստ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքի՝ ասել էր Վարդան Սեդրակյանը: Ըստ Ս. Հարությունյանի՝ ինքն ու Խաչատուր Պողոսյանը Վարդան Սեդրակյանի այս հայտարարություններին չեն արձագանքել:

Տեսանյութեր

Լրահոս