Թուրքիան լրջորեն հետաքրքրված է չինական արտադրության զենիթա-հրթիռային համալիրների գնմամբ
Defense News-ը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում ունեցած իր աղբյուրները, հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը լրջորեն դիտարկում է չինական զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) գնման հնարավորությունը, սակայն այդ հարցում դեռ չի կայացվել վերջնական որոշում:
Թուրք զինվորականների գնահատմամբ՝ չինական ԶՀՀ-ներն ամբողջովին բավարարում են Թուրքիայի տեխնիկական պահանջները, իսկ դրանց արժեքն էականորեն ցածր է արտասահմանյան համարժեքներից:
Բացի այդ, եթե թուրքական կողմը նախապատվություն տա չինական ԶՀՀ-ներին, ապա Չինաստանը պատրաստ է գնորդին հանձնել արտադրման տեխնոլոգիաները: Այս հարցում վերջնական որոշում պետք է ընդունեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Դեռ հայտնի չէ, թե երբ կկայացվի վերջնական որոշումը, որը կհրապարակվի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խորհրդի նիստում:
2013 թվականի հունվարին Թուրքիայի ՊՆ-ը չեղյալ հայտարարեց ընդհանուր 4 միլիարդ դոլար արժողությամբ 12 ԶՀՀ գնելու շուրջ հայտարարված մրցույթը: Երկրի ղեկավարությունը որոշեց օտար գործընկերոջ աջակցությամբ ստեղծել հակաօդային պաշտպանության սեփական համակարգ:
Այդ մրցույթին մասնակցում էին ամերիկյան Raytheon/Lockhee Martin կոնսորցիումը, ռուսական Рособоронэкспорт ընկերությունը, չինական China Precision Machinery Export-Import Corporation կոնցեռնը և եվրոպական EuroSam կոնսորցիումը:
Նրանք թուրք զինվորականներին առաջարկում էին համապատասխանաբար Patriot, С-300, HQ-9 (С-300В) ևAster 30 SAMP/T ԶՀՀ-ներ: Defense News-ի տվյալներով՝ այդ մրցույթը չեղյալ չի հայտարարվել, պարզապես փոխվել են նրա անցկացման պայմանները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) հեռահար գործունեության հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի (T-LORAMIDS, Turkish Long Range Air And Missile Defence System)
համակարգերի գնման հնարավորության մասին բարձրաձայնել է դեռ 2007 թվականի մարտին: