Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին
ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Իսպաներեն լեզու և գրականություն» բաժնի ուսանողները բաց նամակ են հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Նախարար.
Այս խնդրանք-դիմումով ցանկանում ենք բարձրաձայնել մի խումբ ուսանողների բողոքը սույն հրատապ խնդրի շուրջ.
Արդեն որքան ժամանակ է՝ ուսանողները սպասում են, թե վերջապես երբ պետք է ասպիրանտուրա ընդունվելու համար Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից ընդունվեն իսպաներեն DELE քննության՝ որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները: Դիպլոմներ, որոնք շնորհվում են այն ուսանողներին, ովքեր կարողանում են հաղթահարել Իսպանիայի կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Իսպանիայի Սերվանտեսի համալսարանի կողմից կազմակերպվող բավական դժվարին քննությունները:
Եվ սա այն դեպքում, երբ , բացի անգլերենի TOEFL քննության արդյունքներց, ընդունվում են նաև ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից հանձնվող քննությունների արդյունքները: Ստացվում է, որ ֆրանսիական և գերմանական բաժնի ուսանողները ընդունվում են ասպիրանտուրա՝ հանձնելով քննություններ ֆրանսերենից և գերմաներենից, մինչդեռ իսպաներեն բաժնի ուսանողները ստիպված են հանձնել TOEFL քննություն ինչպես անգլիական բաժնի ուսանողները, ինչը, կարծում ենք՝ անարդար է:
Հարկ ենք համարում նաև նշել, որ իսպաներենի DELE քննությունը, որը տարեկան երկու անգամ կազմակերպվում և անցկացվում է ԵՊՀ-ում, ոչ միայն օրինական է, այլև ունի միջազգային որակավորում, և ստացվում է, որ այն ընդունելի է ամբողջ աշխարհում՝ բացի Հայաստանից:
Այդ դեպքում ո՞րն է քննությունն անցկացնելու և դիպլոմներ ստանալու իմաստը: Նույն խնդրի առջև կանգնած են ոչ միայն Մայր բուհի, այլև՝ Բրյուսովի և Մանկավարժական համալսարանի ուսանողները:
Պարոն Աշոտյան, խնդրում ենք լուծում տալ այս հրատապ խնդրին՝ անպատասխան չթողնելով մեր խնդրանք- դիմումը»:
Հարգանքներով՝ Ռուզաննա Պետրոսյան, Մերի Զոհրաբյան, Նարինե Վարդանյան, Լիլիթ Սազբանդյան, Սաթինե Սմբատյան