
Սիրիական ընդդիմությունը չի հրավիրվել Դոհայում «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային խորհուրդը հայտարարել է, որ իր ներկայացուցիչներին չեն հրավիրել Կատարի մայրաքաղաք Դոհա, ուր հունիսի 22-ին նախարարների մակարդակով անցկացվել է «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումը:
Այդ հանդիպմանը մասնակցել է 11 երկրի արտգործնախարար, այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ձեռնարկել գործնական անհրաժեշտ միջոցներ՝ փոփոխելու համար Սիրիայում ուժերի դասավորվածությունը:
Հանդիպմանը մասնակից երկրներից յուրաքանչյուրն ապստամբներին նյութեր և տեխնիկա է հատկացնելու ըստ իր հայեցողության: Ընդ որում, բոլոր մատակարարումներն իրականացվելու են Սիրիական ազատ բանակի հրամանատար, գեներալ Սալիմ Իդրիսի միջոցով:
Ազգային խորհուրդը շնորհակալություն է հայտնել Դոհայի հանդիպմանը մասնակից երկրներին՝ իրեն օգնելու մասին որոշում ընդունելու համար, սակայն դրա հետ մեկտեղ կարծում է, որ նմանատիպ հանդիպումներում պետք է ներկա գտնվեն իր ներկայացուցիչները:
Բացի այդ, Ազգային խորհուրդը կասկած է հայտնել, որ այդ որոշումն իսկապես կօգնի բեկում մտցնել Սիրիայում տիրող իրավիճակում՝ գտնելով, որ դրա համար պահանջվում են ավելի վճռական քայլեր: