Էրդողանն Օբամային հայտնել է, որ թույլ չի տա Թուրքիայի տարածքով Սիրիայի ապստամբներին զենքի մատակարարումներ. Depka

Իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած Debka կայքի փոխանցմամբ` սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մասին ԱՄՆ-ի ընդունած որոշումը հայտնվել է լուրջ հարվածի տակ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը հունիսի 19-ին զանգահարել է Բեռլինում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հայտնել իր անսպասելի որոշման մասին` կապված Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու համար թուրքական միջանցքի փակման հետ:

Նշվում է, որ Թուրքիայի վարչապետն Օբամային հայտնել է, որ վախենում է Ռուսաստանի պատասխան քայլերից, եթե թույլ տա, որ ամերիկյան սպառազինությունը Թուրքիայի տարածքով հասցվի Սիրիայի հյուսիս: Էրդողանը 10 տարի առաջ էլ կատարել է նույն մանևրը, երբ ամերիկյան զորքերին թույլ չտվեց Թուրքիայի տարածքով մուտք գործել Իրաքի հյուսիս` Սադդամ Հուսեյնի դեմ երկրորդ ճակատ բացելու համար:

Էրդողանի այդ որոշումը շատ ծանր դրության մեջ է դրել Սիրիայի ապստամբներին: Ալ-Քուսեյրի անկումը նրանց զրկել է Լիբանանից ստացվող մատակարարումներից: Հորդանանից մատակարարումները կարող են հասցվել միայն մինչև Սիրիայի հարավ և գրեթե անհնար է, որ դրանք կարող են հասցվել հյուսիս, ուր Հալեպի համար մղվող ճակատամարտին մասնակցում են նաև «Հզբոլլահի» զինյալները:

Դրանից հետո ԱՄՆ նախագահը Կոնգրեսին հայտարարել էր, որ ամերիկա-հորդանանյան համատեղ զորավարժությունների ավարտից հետո Հորդանանում մնալու է 700 ամերիկացի զինծառայող: Բացի այդ, Հորդանանում են թողնվելու Patriot զենիթա-հրթիռային համալիրների երկու մարտկոց և F-16 տիպի 12-24 կործանիչ: Մոտ 300 ամերիկացի զինծառայող էլ Հորդանանում գտնվում է նախորդ տարվանից:

Debka-ի ռազմական աղբյուրները բավական թերահավատորեն են մոտենում սիրիացի ապստամբների հաջողությանը` անգամ սպառազինություն ստանալու դեպքում: Նրանք գտնում են, որ ապստամբները Ալ Քուսեյրի նման Հալեպում էլ չեն կարող դիմակայել սիրիական բանակի, «Հզբոլլահի» զինյալների և իրաքյան զինված շիաների միացյալ ուժերին: Ալ-Քուսեյրի համար ճակատամարտը տևել էր 16 օր, ակնկալվում է, որ Հալեպի համար ճակատամարտը կտևի 40-60 օր:

Տեսանյութեր

Լրահոս