Ո՞ր դեպքում ռուսական զորքերը կմտնեն Լեռնային Ղարաբաղ

«Երևի թե իմաստ էլ չունի անդրադառնալ նման հայտարարություններին, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը որևէ կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` իր կարծիքը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության մասին:

«Իհարկե, կարող է` հանկարծ այդ շահերն այնպիսին լինեն, որ մեկ էլ պետք լինի լուծել ղարաբաղյան հիմնահարցը: Բա դա շատ քիչ հավանական է: Համենայն դեպս, իրավիճակն այսօր հետևյալն է. Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է իր տարածքը և նաև կարծում է, որ իրեն ուզում են այնտեղից` «իր օրինական ազդեցության տարածքից» հեռացնել, և նա ոչ մի կերպ դա թույլ չի տա»,- նշեց  Մանուչարյանը:
Դրանից ելնելով` Ռուսաստանը, ըստ Աշոտ Մանուչարյանի, երկու հնարավոր քայլ կարող է անել Ղարաբաղում:

Առաջինը, եթե ԼՂ-ում գնա Մինսկի խմբի ձևաչափով առաջարկված գործընթաց` խաղաղարար ուժերի մուտք և այլն, և այդ խաղաղարար ուժերը լինեն ռուսական, բայց այդ դեպքում, ըստ Մանուչարյանի՝ Արևմուտքը երբեք չի համաձայնի, որ ռուսական ուժն այնտեղ մտնի, որովհետև «դա իր, ինչպես նաև Ռուսաստանի  համար կենսական նշանակություն ունեցող միջանցք է»: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ, եթե թույլ չտրվի ռուսական ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղ, ապա, ըստ Աշոտ Մանուչարյանի, Ռուսաստանն ատամներով պահելու է ստատուս-քվոն, այսինքն՝ գործող կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Մեր հարցին, թե ո՞ր դեպքում Ռուսաստանը կօգտագործի առիթը` ԼՂ մտնելու համար, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց այսպես. «Առիթ կարող է լինել, եթե հանկարծ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն իրականացնել Մադրիդյան սկզբունքները, այսինքն` մեկը դուրս է գալիս տարածքներից, հանձնում է մյուսին, մյուսն իրականացնում է հանրաքվե, և այլն: Այդ դեպքում նրանք կարող են հրավիրել ռուսական զորք: Բայց սա անհավանական տարբերակ է, որովհետև դրան կտրականապես դեմ է Արևմուտքը, իսկ Ադրբեջանը և Հայաստանն այս իմաստով ենթարկվում են Արևմուտքի թելադրանքներին: Ռուսաստանի կողմից զորք մտցնելու երկրորդ տարբերակը կարող է լինել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, ինչը նույնպես անհնարին է, քանի որ կրկին անընդունելի է Արևմուտքի համար»:

Կարդացեք նաև

Աշոտ Մանուչարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս