Մահացել է պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Զոհրաբյանը
Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորած՝ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը:
Էդիկ Զոհրաբյանը ծնվել է 1939 թ-ի մայիսի 5-ին ՀՀ Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում` ծառայողի ընտանիքում: 1956 թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկում, որն ավարտելուց հետո (1959 թ.) զորակոչվել է խորհրդային բանակ: Ավարտելով ծառայությունը՝ 1962 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում որպես ուսման գերազանցիկ ստացել է ակադեմիկոս Հ. Մանանդյանի անվան կրթաթոշակ: 1967 թ. գերազանցությամբ ավարտելով Պատմության ֆակուլտետը՝ ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: 1968 թ. փոխադրվել է դասախոսական աշխատանքի՝ զբաղեցնելով սկզբում ասիստենտի, 1974 թ-ից դոցենտի, 1988 թ-ից պրոֆեսորի պաշտոն: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1973 թ-ին, դոկտորականը՝ 1987 թ-ին:
1993 թ. ընտրվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության նորաբաց ամբիոնի վարիչ, իսկ 1998 թ-ին ստանձնել Միջազգային հարաբերությունների՝ դարձյալ նորաբաց ֆակուլտետի դեկանի պաշտոնը և ղեկավարել այն մինչև 2008 թ-ը։ Նույն թվականի հունիսին նորից ընտրվել է Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ։
Պրոֆեսոր Է. Ա. Զոհրաբյանը հայ դիվանագիտության պատմության ճանաչված մասնագետ էր և ունի ակնառու հաջողություններ հայոց պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918-1922 թթ. ամենաբարդ ու խճճված հիմնահարցերի գիտական մշակման և լուսաբանության գործում, ինչին նվիրված են նրա թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, ավելի քան 60 գիտական հոդվածները և բոլոր մենագրությունները։ Չգնալով տրորված ճանապարհով և սկզբից ևեթ ուշադրությունը բևեռելով մեր պատմագիտության կողմից շրջանցված (խորհրդային ժամակաշրջանի բնորոշ զգուշավորության հետևանքով) հիմնահարցերի վրա՝ նա ստեղծել է մնայուն և հիմնարար աշխատություններ։
1979 թ-ին լույս տեսած նրա «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.» առաջին մեծածավալ աշխատությունը նվիրված է ոչ միայն խորհրդային, այլև նախորդ շրջանի հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանմանը։ Հայ-իրանական հարաբերությունների հետազոտմանն է նվիրված Է. Զոհրաբյանի «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները 1920-1922 թթ.» երկրորդ մեծածավալ աշխատությունը (1985 թ.): Հայոց պատմության 1918-22 թվականների ժամանակահատվածի տարաբնույթ ու բազմաբարդ խնդիրների լուսաբանմանն են նվիրված նաև նրա «Եվրոպական երկրների հետ Սովետական Հայաստանի առևտրատնտեսական առնչությունների պատմությունից (1920-1922 թթ)» (1987 թ.), «1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները» (1997 թ.), «Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918 թ.» (2000 թ.), «Նախիջևանյան հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները»» (2002 թ.) ծավալուն մենագրությունները: Բոլորովին վերջերս լույս տեսած նրա «Шарур-Нахиджеван в 1918-19 гг. (История геноцида нахиджеванских армян)» մենագրությունը (2012 թ.), ցավոք, դարձավ ականավոր գիտնականի կարապի երգը:
Անուրանալի է Էդիկ Զոհրաբյանի ավանդը համալսարանական կրթության կազմակերպման ու զարգացման գործում: Հիմնադրելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ նա նաև հիմնադիրը եղավ հայ միջազգայնագիտական նոր դպրոցի: Էդիկ Զոհրաբյանի պատրաստած կադրերն այսօր հաջողությամբ են գործում ինչպես կրթության ու գիտության ոլորտում, այնպես էլ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պրակտիկ ասպարեզում: Նա սիրված ու հարգված ընկեր, գործընկեր ու դասախոս էր:
Երևանի պետական համալսարանի ռեկտորատը խորին ցավակցություններ է հայտնում Էդիկ Զոհրաբյանի ընտանիքին ու հարազատներին, գործընկերներին և առհասարակ հայ ողջ գիտական հանրությանը: Էդիկ Զոհրաբյանն ընդմիշտ կմնա իր բոլոր հարազատների, ընկերների, դասախոսների և ուսանողների սրտերում:
Ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը՝ 18:00-ին, Ալեք Մանուկյան 8 հասցեում, հուղարկավորությունը՝ հունիսի 23-ին՝ ժամը՝ 14:00-ին, նույն հասցեից:
ԵՊՀ ռեկտորատ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ