
ISAF-ը անվտանգության վերահսկման գործառույթները փոխանցել է աֆղանական կողմին

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատարությունն այսօր ամբողջովին աֆղանական ուժերին է հանձնել երկրում անվտանգության իրավիճակի վերահսկման գործընթացը:
95 շրջաններում անվտանգության ապահովման լիազորությունները փոխանցվել են հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա են գտնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը:
Սակայն այդ արարողությունը մթագնվել է Քաբուլի պայթյունով, որի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է 30 մարդ: Ահաբեկչությունն ուղղված է եղել պատգամավոր Մոհամմադ Մոհակիկի դեմ, ով, սակայն, չի տուժել:
Ներկայումս Աֆղանստանում օտար զինվորական կոնտինգենտի թվաքանակը կազմում է մոտ 100.000 մարդ, որի հիմնական մասի դուրս բերումը պլանավորված է 2014 թվականի ավարտին: