Ֆեոդորա. փողոցային մարմնավաճառից` մինչև Բյուզանդիայի կայսրուհի
Նա պարուհի էր և փողոցային մարմնավաճառուհի, սակայն պատմությունը նրան մինչ օրս հիշում է՝ որպես Բյուզանդիայի Ֆեոդորա կայսրուհի:
Ձիարշավարանի աղջիկը
Նա ծնվել է մ.թ. 500 թվականին Կիպրոսում՝ Աֆրոդիտեի երջանիկ և կրակոտ անկյունում: Ֆեոդորան, սակայն, դժվար կարողանար հիշել հայրենիքը, քանի որ 4 տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվոմ է Կոնստանդնուպոլիս՝ Բյուզանդական Կայսրության մայրաքաղաք: Նրա հայրը կայսեր արջերի պահակի պաշտոն է ստանձնում, իսկ մայրը, ով կյանքում չուներ սկզբունքներ, գումար էր վաստակում մարմնավաճառությամբ: Մի անգամ արջը հարձակվում է հոր վրա և հոշոտում նրան: Ֆեոդորայի ընտանիքը հայտնվում է ֆինանսական անելանելի վիճակում: Եվ, որպեսզի ընտանիքը չզրկվի հանապազօրյա հացից, մայրն աղջիկներին սովորեցնում է իր իմացած միակ արհեստը՝ վաճառել գեղեցկությունը:
Ֆեոդորան և նրա երկու քույրերը ձիարշավի սպորտային մրցույթներից առաջ հանրությանը զվարճացնում էին պարերով և պանտոմիմայով: Հանդիսատեսը հատկապես մեծ խանդավառությամբ ծափահարում էր, երբ Ֆեոդորան արձակում էր հագուստի կապերը և կիսամերկ պարում: Այս նրբագեղ գեղեցկուհին շուտով ձեռք է բերում մեծ ճանաչում:
Ֆեոդորան պարուհու մասնագիտությունը հեշտությամբ համատեղում էր կուրտիզանուհու արհեստի հետ: Բացի գեղեցկությունից, նա նաև սուր միտք ուներ, իսկ կրքոտ խառնվածքով խելքահան էր անում տղամարդկանց: Շուտով Ֆեոդորան վաստակում է մեծ գումարներ և ամեն պատահածին չի տրվում գրոշների համար: Նրա քնքշանքը վայելել կարող էին միայն ունևոր տղամարդիկ: Կոնստանդնուպոլսում գեղեցկուհին փառավորվում է խնջույքների խենթ ճոխությամբ, խոսքի հանդգնությամբ և սիրեկաների անթիվ քանակությամբ: Պատմաբան Գիբոնը հաստատում է, որ նրանից ավելի անառակ կին չկար ամբողջ Բյուզանդիայում:
Ամեն ինչ փոխվում է, երբ Ֆեոդորան հանդիպում է Գիկեբոլին: Այս սևաչյա գեղեցիկ երիտասարդն ազդեցիկ կայսերական պաշտոնյա էր, ով նշանակվել էր աֆրիկյան շրջանի կուսակալ: Ֆեոդորան որոշում է հետևել նրան և հաստատվել Աֆրիկայում: Սակայն նրանց սիրավեպը երկար չի տևում: Թեթևամիտ Ֆեոդորան չէր պատրաստվում բավարարվել մեկ տղամարդով, և, ի վերջո, Գիկեբոլին զզվեցնում է սիրուհին, ով շարունակ դավաճանում էր իրեն: Նա նրան բառի բուն իմաստով դուրս է վռնդում: Ֆեոդորան հայտնվում է փողոցում:
Առանց գումարի, խիստ կարիքի մեջ՝ Ֆեոդորան գրեթե մեկ տարի ամբողջ աֆրիկյան ծովափով թափառում է: Այդ արևից խանձված կնոջ մեջ դժվար էր ճանաչել նախկին շքեղ կոնստանդնուպոլսյան կուրտիզանուհուն: Նա վերածվել էր փողոցային մարմնավաճառի, ով վաստակում էր օրվա սև հացը՝ մարմինը վաճառելով: Բախտի բերմամբ ճակատագիրը նրան բերում է Ալեքսանդրիա:
6-րդ դարում Ալեքսանդրիան քրիստոնեության օրրաններից մեկն էր: Քաղաքը շրջապատող անապատում առաջացել էին բազմաթիվ վանքեր, որի համար այն ստացել էր «Սրբերի անապատ» անունը: Ալեքսանդրիայի Տիմոֆեյ հայրապետը հաճախ էր քարոզով դիմում նավահանգստային քաղաքում բնակվող բազմաթիվ թեթևաբարո կանանց՝ հետ կանգնել իրենց ընտրած սխալ ճանապարհից: Այդ քարոզներն էլ հեղաշրջում են փողոցային մարմնավաճառ դարձած Ֆեոդորայի կյանքը:
Կանխագուշակումն իրականանում է
Ըստ լեգենդի՝ Ալեքսանդրիայի գուշակներից մեկը Ֆեոդորային հայտնում է, որ Կոնստանդնուպոլսում նա ամուսնանալու է մեծ հեղինակություն վայելող անձնավորության հետ: Կյանքը Ֆեոդորային նորից ետ է բերում Կոնստանդնուպոլիս: Այն ժամանակ Ֆեոդորան արդեն ուրիշ կին էր. նա հոգնել էր երիտասարդության շրջանի անմիտ արկածներից: Կայսերական պալատից ոչ հեռու Ֆեոդորան փոքրիկ տուն է վարձակալում և ողջախոհ կնոջ կյանք վարում:
Զարմանալի չէ, որ գուշակի կանխագուշակությունն ի կատար է ածվում: Մի օր Ֆեոդորային ուշադրություն է դարձնում Հուստինիանոսը՝ Հուստին կայսեր ժառանգը և ազգականը: Հուստինիանոսն այդ ժամանակ մոտ 40 տարեկան էր, հաջողակ զորավար, տաղանդավոր մարդ, սրամիտ քազաքագետ և դիպլոմատ: Բայց, ինչպես հայտնի է, սերը կարող է խելքահան անել նույնիսկ ամենախելացի մարդկանց: Հուստինիանոսը խենթի պես սիրահարվում է Ֆեոդորային: Նրան տիրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա որոշում է ամուսնանալ նախկին կուրտիզանուհու հետ: Սիրելի կնոջ մութ անցյալը քիչ էր հետաքրքրում Հուստինիանոսին: Առասպելը նույնիսկ ասում է, որ այդ կինը, փոքրուց շփվելով կախարդների և հեքիմների հետ, Հուստինիանոսին արբեցրել էր «սեր առաջացնող» կախարդական թուրմով: Սակայն պետք է փաստել, որ Ֆեոդորան իր սրամտությամբ, վայելչությամբ Հուստինիանոսից առաջ էլ նվաճել էր բազմաթիվ տղամարդկանց սրտեր:
Ծեր Հուստին կայսրը՝ նախկին քրիստոնյան, քիչ էր մտահոգվում իր ցեղի ազնվական արյան մասին և թույլ է տալիս, որ իր ազգականն ամուսնանա Ֆեոդորայի հետ: Կայսրը նույնպես հիացած էր Ֆեոդորայով: Պսակադրությանը դեմ է դուրս գալիս Եվֆիմիա կայսրուհին: Նա բացարձակապես չէր ցանկանում իր կողքին տեսնել փողոցային մարմնավաճառի: Ֆեոդորան սրտին մոտ չի ընդունում ծեր կայսրուհու դավերը: Շուտով Եվֆիմիան մահանում է, և սիրահար զույգն ամուսնանում է:
527թ. Զատկական կիրակի օրը Հուստին կայսրը պաշտոնապես Հուստինիանոսին ճանաչում է՝ որպես իր իշխանակից: Ֆեոդորան և Հուստինիանոս կայսրը թագադրվում են Սուրբ Սոֆիայի տաճարում: Թագադրությունից հետո, ըստ բյուզանդական կայսրուհիների սովորության, Ֆեոդորան գնում է ձիարշավարան, որպեսզի լսի ժողովրդի շնորհավորանքները: Դա այն նույն ձիարշավարանն էր, որտեղ տարիներ առաջ նա քույրերի հետ զվարճացնում էր հանրությանը: Սակայն այժմ ամեն ինչ այլ էր. նա կանգնած էր ոչ թե՝ մրցասպարեզի կեղտոտ ավազի, այլ մարմարյա տրիբունայի վրա, և նայում էր ոտքերի տակ ընկած մարդկանց բազմությանը:
Ծիրանագույնը լավագույն պատանքն է
Ֆեոդորան գահ բարձրանալիս մոտ երեսուն տարեկան էր: Ամուսնությունից հետո նրա կյանքը բարելավվում է: Կայսրուհու տիտղոսի համար արժեր հրաժարվել ինչ-որ բաներից: Բացի այդ, Ֆեոդորան շատ խելացի և պատվասեր էր, որպեսզի ինքն իրեն վարկաբեկեր սիրային արկածներով: Ֆեոդորան մշտապես հոգ էր տանում սեփական գեղեցկության մասին, քանի որ շատ լավ գիտեր, որ Հուստինիանոսի վրա ազդելու միակ ձևն իր գեղեցկությունն է: Առավոտյան Ֆեոդորան ուշ էր արթնանում, ցերեկը քնում էր, ընդունում էր ծաղիկներով լոգանքներ, եթերային յուղերով մերսումներ էր կատարում, որպեսզի պահպաներ բնությունից օժտված մաշկի յուրահատուկ գույնը:
Սակայն շուտով Ֆեոդորան հասկանում է, որ իր դիրքում միայն կին լինելը բավական չէ: Առաջին հերթին՝ նա կայսրուհի էր, և պետք է կարողանար ամուսնուն օգնել ճիշտ քաղաքական որոշումներ կայացնել: Ամենակարևոր գործերում կայսրը խորհրդի համար միշտ դիմում էր Ֆեոդորային: Կայսրուհին ամենաբարձր պաշտոններին նշանակում էր իր սիրելիներին և նույնիսկ միջամտում էր եկեղեցու գործերին: Առանց մտածելու՝ նա իր ճանապարհից հեռացնում էր նրանց, ում ազդեցությունը կարող էր թուլացնել իր սեփական ազդեցությունը: Ֆեոդորան ուներ մեծ քանակությամբ լրտեսներ, ովքեր ամեն տեղ ականջ էին դնում բոլոր խոսակցություններին, հետևում էին արքունիքի մարդկանց նիստուկացին և որսում դժգոհ հայացքները: Կոնստանդնուպոլսում շշուկներ էին տարածվում, որ նա ստորգետնյա այրերն էր գցում զոհերին և նրանց վերացնում իր ճանապարհից ամենադաժան ձևերով:
Հիշելով իր անցյալի մասին՝ նա հովանավորում էր բոլոր անբարո կանանց և աղջիկներին, իսկ կայսերը համոզում է ընդունել մի շարք օրենքներ, որոնցով պաշտպանվում էին կանանց իրավունքները, ստրկությունից ազատագրվելու իրավունքը, վանական քույրերի առևանգման համար նախատեսված պատիժներ: Դառնալով բարոյականության խիստ պահապան՝ նախկին մարմնավաճառը Բոսֆորի ափին հիմնում է ապաշխարող անբարո կանանց վանք: Այնտեղ բնակվում էին 500 աղջիկներ և կանայք, ովքեր մեկուսացվել էին արտաքին աշխարհից: Կենդանի թաղված լինելով՝ նրանք այնպիսի դժվար կյանք էին վարում, որ նրանցից շատերն իրենց ցած էին գցում բարձր պատերից և նետվում Բոսֆորի ալիքների մեջ:
Այնուամենայնիվ, այս շինությունը, որը հիմնադրվել էր զղջացող անբարո կանանց համար, մեծ համբավ է բերում Ֆեոդորային: Հուստինիանոսը հիանում էր կնոջ գործունեությամբ:
Պետք է խոստովանել, որ բացի գեղեցկությունից, այս կինն ուներ խիզախություն: 532թ. հունվարին Կոնստանդնուպոլսում ապստամբություն է բարձրանում: Երեք օր շարունակ քաղաքի փողոցներում արյուն էր թափվում: Կարկի բոցը լափում էր շինությունները, և ամեն կողմից լսվում էր՝ «Նիկա, Նիկա», որը նշանակում է՝ հաղթանակ: Այդ անունով էլ խռովությունը թափանցում է պատմության էջեր:
Զինապահեստը թալանվել էր: Հուստինիանոսի զորքերը մեծ դժվարությամբ էին դիմադրում զինված ամբոխին, որը մեծանում էր՝ ինչպես ձնագունդը: Ապստամբները, ովքեր հավաքվել էին ձիարշավարանում, կայսր են հայտարարում Հիպատեային և գրոհում ամրոցի վրա: Շուտով Հուստինիանոսը զինվորական խորհուրդ է հավաքում: Հուզումների մեծամասշտաբ ծավալներից վախեցած կայսրը որոշում է փախուստի դիմել՝ իր հետ տանելով պետական գանձարանը: Փախուստի համար պատրաստված նավը կանգնած էր արքունի ամրոցի այգու կողքին: Ֆեոդորան նույնպես մասնակցել էր զինվորական խորհրդին և միակն էր, որ չէր հուսալքվել:
Խոր լռության մեջ նա արտասանում է հետևյալ խոսքերը, որոնք հետագայում դառնում են թևավոր խոսքեր: «Նա, ով կրում է թագավորական պսակ, չպետք է անհանգստանա այն կորցնելուց: Եթե ցանկանում ես, ապա կարող ես փախչել, իմ արքա: Նավը պատրաստ է, իսկ ծովը խաղաղ է: Ես մնում եմ և չեմ տեսնի այն օրը, երբ կդադարեն ինձ կայսրուհի կոչելուց: Թագավորական ծիրանին ինձ համար կդառնա լավագույն պատանքը»:
Եվ պատահում է ամենաանսպասելին: Կայսերական զորքերի մնացորդները կարողանում են ճնշել ապստամբությունը և ետ մղել ապստամբներին: Սկսվում է դաժան սպանդը: Տրիբունայից ապստամբներին նետում էին նիզակների վրա: «Ոչ ոքի չխնայել»,- հրամայել էր կայսրուհին: Հաջորդ օրը տրիբունայից տանում են շուրջ 30 հազար անկենդան մարմիններ:
Հուստինիանոսի ազգական եղբայրները, ովքեր միացել էին ապստամբներին, արքունիք են գալիս պահակներով, սակայն նույն պահին նրանց ձերբակալում են, բանտ գցում և խեղդում: Գլխատում են ապստամբությանը մասնակցած արքունիքի սենատորներին, հասարակ զինվորներին և արքունի ծառայողներին: Կայսրուհին իր խոստումը կատարում է: Նույն օրը, երբ կայսրությունը կործանման եզրին էր, Ֆեոդորայի հաստատակամությունը փրկում է Հուստինիանոսի գահը:
Իր անզուգական գեղեցկությունը կայսրուհին պահպանում է մինչ իր մահը: Նա մահանում է 548թ.՝ անբուժելի հիվանդությունից: Հուստինիանոսը դառնորեն ողբում է սիրելի կնոջ մահը և այլևս չի ամուսնանում: Ուղղափառ եկեղեցին կայսրուհուն դասում է սրբերի շարքը: Կաթոլիկները, ընդհակառակը, ամենավատ բամբասանքներն էին տարածում նրա մասին՝ չներելով կայսրուհու միջամտությունը եկեղեցական գործերին: Այս ամենի հետ մեկտեղ՝ ոչ ոք չի մոռացել գայթակղիչ Ֆեոդորային՝ ձիարշավարանի աղջկան, ով բարձրացավ կայսերական գահին:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ