 
                        Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել շաթդաունի պատճառով
 
                                    ԱՄՆ Նյու Յորքի նահանգի ղեկավար Քեթի Հոչուլն արտակարգ դրություն է հայտարարել, որպեսզի կարողանա 65 միլիոն դոլարի օգնություն հատկացնել սննդի կտրոնների համար։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նոյեմբերի 1-ից դաշնային կառավարությունն այլևս չի ֆինանսավորի այս ծրագրերը, և ամերիկացիները չեն կարողանա ստանալ սննդի կտրոններ երկրում հոկտեմբերի 1-ից շարունակվող շաթդաունի՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով։
Պարենային օգնության ծրագրերի համար Նյու Յորքը ստանում է ամսական 650 միլիոն դոլարի դաշնային ֆինանսավորում։ Օրեգոնի և Վիրջինիայի նահանգները նույնպես արտակարգ դրություն են հայտարարել, որպեսզի պարենային օգնության համար գումար հատկացնեն։
ԱՄՆ-ում նման ծրագրերից օգտվում է գրեթե 42 միլիոն մարդ։ ԱՄՆ նոր ֆինանսական տարին սկսվել է հոկտեմբերի 1-ին, սակայն Կոնգրեսը չի կարողացել հաստատել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը մասնակի դադարեցրել է աշխատանքը։
Կառավարող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները Կոնգրեսում չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ծախսերի շուրջ։ Սենատում բյուջեն հաստատելու հետագա ավելի քան 10 փորձերը ևս ձախողվել են։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        