Բաժիններ՝

Facebook-ը և Microsoft-ը ԱՄՆ հատուկ ծառայություններին տվյալներ են տրամադրում միայն պաշտոնական դիմումներով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Facebook և Microsoft ընկերությունները երեկ տեղեկատվություն են հրապարակել այն մասին, թե որքան դիմում են ստացել իշխանություններից՝ կապված օգտատերերի տվյալների հատկացման հետ:

Facebook-ը հայտարարել է, որ 2012 թվականի երկրորդ կեսին պետական տարբեր գերատեսչություններից ստացել է 9000-10.000 դիմում՝ կապված 18.000-19.000 օգտատերերի հետ:

Microsoft ընկերությունն իր հերթին հայտնել է, որ միևնույն ժամանակահատվածում ոստիկանությունից ու անվտանգության ծառայությունից ստացել է 6000-7000 հրաման ու դիմում, որոնք առնչվում են 31.000-32.000 օգտատերերի:

Ընդգծվում է, որ ընկերություններն այս տվյալները հրապարակել են՝ ստանալով ամերիկյան հատուկ ծառայությունների թույլտվությունը: Facebook-ն ու Microsoft-ը աշխարհի մյուս խոշորագույն ինտերնետային ընկերությունների հետ համատեղ հունիսի սկզբին հայտնվել են սկանդալի կենտրոնում:

Ամերիկյան The Washington Post թերթը գրել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի համար մատչելի են այդ ընկերություններ սերվերները, որտեղից նրանք կարող են բեռնել օգտատերերի մասին իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն:

Facebook-ն ու Microsoft-ը հերքել են այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ իշխանություններին օգտատերերի մասին տվյալներ են տրամադրում միայն պաշտոնական դիմումներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս