Հավատանք, որ փոխենք կամ՝ ինչպես ետ բերել Արարատն ու Վանա լիճը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերջերս մասնավոր այցով Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը: Այս այցը յուրատեսակ լակմուսի թղթի դեր խաղաց մեր բազմաթիվ հայրենակիցների մեջ արմատավորված հոգեբանությունն ու մտածելաձևը ևս մեկ անգամ բացահայտելու հարցում:
Այնպես է ստացվել, որ հանդիսանալով «Երևան, իմ սեր» ծրագրի խորհրդի անդամ, մասնակցել եմ արքայազնի այցի կազմակերպմանը, նրան դիմավորողների և ճանապարհողների կազմում եմ եղել: Արքայազն Չարզը, որը նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հյուրն էր, այցելեց Հայաստան հենց «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակներում բարեգործական միջոցառմանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու համար:
Եվ սկսվեց զանգերի և հարցերի տարափը, որոնց հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր. «լավ, հանաքը դեն, պրինցը ռեալ ինչի համար էր եկել, մենք ուրիշ մարդ չենք, գոնե մեզ ասա»: Ընդ որում, գրեթե բոլոր հարցնողները ունեին սեփական վարկածները, թե ինչու է Նորին Արքայական Մեծությունը իրականում այցելել մեր երկիր, և բոլոր վարկածները, բնականաբար, մեկը մյուսից հավաստի էին:
Վարկածների շառավիղը պակաս ցնցող չէր, սկսած ինչ-որ մեկին «դաբռո» տալուց, մյուսներին էլ թագուհուց կարևոր մեսիջ բերելուց, վերջացրած մեր ընդերքին ձեռք գցելուց ու ինչ-ինչ հայաստանյան բիզնեսներում փայ մտնելու վեհ գաղափարներով:
Հատկանշական է, որ ինձ և այցի մյուս կազմակերպիչներին հարցեր տվողներն ու սեփական վարկածներ ներկայացնողները միանգամայն լուրջ, խելացի և ադեկվատ մարդիկ են, որոնք չեն տառապում դավադրությունների տեսություններով: Պարզապես որևէ բանի չհավատալու, չվստահելու, ամեն ինչում խաբեբայություն փնտրելու բնավորությունը մեր ժողովրդի մեջ արմատավորված է դարերի խորքից:
Այսպիսի հոգեբանության ևս մեկ ապշեցուցիչ դրսևորման ականատես եղանք այս շաբաթ խորհրդարանում, երբ քննարկվում էր Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու օրինագիծը: Այս կարևորագույն ու մեր երկրի համար աննախադեպ ծրագրի մասին խոսելիս, մեր որոշ գործընկերներ հասան նրան, որ կարծիք հայտնեցին, թե Ռուբեն Վարդանյանը և հայ ու օտարազգի մյուս պատկառելի գործարարները Դիլիջանի միջազգային դպրոցը հիմնադրում են փողերի լվացման նպատակով (!!!):
Ի’նչ եմ ուզում ասել. հավատի և վստահության այսպիսի ցածր մակարդակով մենք երբեք հետ չենք բերի Արարատն ու Վանա լիճը, Կարսն ու Արդահանը, Մուշն ու Սասունը: Էլ չեմ խոսում Մուսա լեռան և մնացյալ Կիլիկիայի մասին:
Ուրեմն հավատանք, որ փոխենք»: