ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել լրագրողներին հալածելուն
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Յան Կելին իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով մտահոգություն էր հայտնել՝ կապված Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումների հետ:
Իր պատասխանում Յան Կելին նշել է. «Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք ափսոսանք են հարուցում՝ ներառյալ կառավարությանը քննադատող լրագրողների ձերբակալումը, հունվարի 12-ի հասարակական բողոքները լուսաբանող լրագրողների դեմ չափից ավելի ուժի կիրառումը:
Այդ միջոցների գագաթնակետը դարձավ ոչ վաղ անցյալի օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում զրպարտելու համար: Մենք նաև մտահոգված ենք լրագրող Խադիջա Իսմայլովայի հանդեպ զրպարտիչ կամպանիայի վերսկսման կապակցությամբ:
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում պահպանել ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները, դադարեցնել լրագրողներին ազատազրկելը, մանրակրկիտ հետաքննել լրագրողների հանդեպ բռնությունների ու նրանց ահաբեկելու դեպքերը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության»: