Էրդողանը խոստացել է պատժել ցուցարարների հանդեպ չափազանց ուժ կիրառած ոստիկաններին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է պատժել ոստիկանության աշխատակիցներին, որոնք մեղավոր են ճանաչվել ուժի չափազանց կիրառման համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը: Բացի այդ, վարչապետը պարտավորվել է ենթարկվել Ստամբուլի «Գեզի» այգու վերակառուցման վերաբերյալ դատարանի որոշմանը:
Մայիսի 31-ին Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշել էր դադարեցնել այդ այգում շինարարական բոլոր աշխատանքները: Չելիքի խոսքերով՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ցուցարարների հետ գնալ փոխզիջման անգամ այն դեպքում, եթե դատարանն ամեն դեպքում թույլատրի շինարարությունը:
Եթե ընդդիմության հայցը մերժում ստանա, ապա վարչապետը խոստացել է հարցը դնել հանրաքվեի: Էրդողանը կասկած է հայտնել, որ դատարանը կկայացնի օբյեկտիվ որոշում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Պետխորհրդի նախագահը երեկ անհնար է համարել այգու վերակառուցման հարցը հանրաքվեի դնելը՝ ընդգծելով, որ այդ հարցի հետ կապված՝ գոյություն ունի դատարանի որոշում: